Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան (հոգևոր հովիվ)

Տեր Շմավոն (ավազանի անունը՝ Արամ) քահանա Ղևոնդյանը ծնվել է 1976թ. մարտի 20-ին, Երևանում: 1983-1993թթ. սովորել է Երևանի թիվ 164, 186, 198, 135 դպրոցներում: 1994թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ավարտել 2000թ.: 2000-2001թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2000թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001թ. հուլիսին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար-քարտուղար, նույն թվականի հոկտեմբերից ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում՝ որպես լուսարար սարկավագ: 2001թ. դեկտեմբերից մինչև 2003թ. դեկտեմբերը ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևոր սպասավոր: 2003թ. մայիսի 18-ին՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, ձեռամբ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2004թ. հունվարից մինչև հոկտեմբերը քահանայագործել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: 2004թ. նոյեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում, այնուհետև՝ Արարատի մարզի Արևշատ և Դալար գյուղերի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում՝ որպես հոգևոր սպասավոր: 2007թ. մարտից մինչև 2008թ. ապրիլը եղել է Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն: 2008թ. ապրիլից  ծառայում է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Ամուսնացած է, ունի 2 զավակ: