ՊՈՂՈՍ Բ ԳԱՌՆԵՑԻ

ՊՈՂՈՍ Բ ԳԱՌՆԵՑԻ

(1418-1430)
 

Երուսաղեմի պատրիարք Պողոս Գառնեցին ոչ միայն կարողացավ Գրիգոր Խանձողոտ կաթողիկոսին հեռացնել հովվապետությունից, այլեւ տիրել թափուր աթոռին: Այդ մասին պատմությունը մանրամասներ չի պահպանել, սակայն անտարակույս է, որ ի դեմս նրա՝ Հայոց Եկեղեցին ձեռք բերեց մի շատ արժանավոր հոգեւորականի: Դատելով նրա գործունեության վերաբերյալ մեր համեստ գիտելիքներից՝ կարելի է ասել, որ նա կաթողիկոսական աթոռին տիրացավ ոչ թե այնպիսի կեղտոտ միջոցներով, ինչպես արել էին Կարապետ Ա եւ Հակոբ Գ կաթողիկոսները, այլ կարողացավ ընդունելի միջոցներով իր կողմը գրավել ամիրային եւ հայ հոգեւորականությանը: Սակայն, իհարկե, վիճակն այնպիսին էր, որ նա երբեմն-երբեմն ստիպված էր դիմելու նաեւ ապօրինի քայլերի: Համենայն դեպս, նա կաթողիկոս ձեռնադրվեց ընդհանուր հավանությամբ: Սսից վերադառնալուց հետո նրան Երուսաղեմից հրավիրեցին եւ հովվապետ կարգեցին: Լինելով Արեւելյան եպիսկոպոսներից, սովորած լինելով բուն Հայաստանում՝ նա հեռու էր աղթարմայությունից, որով իսկ շահել էր Գրիգոր Տաթեւացու աշակերտների վստահությունը: Եթե այդպես չլիներ, ապա նա ոչ մի կերպ չէր տիրանա Երուսաղեմի պատրիարքությանը: Ավելին. նրա կաթողիկոսանալը հավաստում է, որ աղթարմայությունն սկսել էր Հայաստանում թուլանալ:


Պողոսը կաթողիկոսական աթոռ բարձրացավ հենց նույն՝ 1418 թվին. այդ են վկայում բոլոր հիշատակարանները: Նա հովվապետեց, ըստ հիշատակարանների, մինչեւ 1428 թիվը, սակայն Առաքել Դավրիժեցին նրա հաջորդի հովվապետելը դնում է 1430 թվին՝ նրան հատկացնելով հովվապետության 12 տարի, ինչն ընդունում է նաեւ Մ. Օրմանյանը: Պարզ թյուրիմացություն պետք է համարել նրա՝ 2 տարով ընդամենը կաթողիկոսանալու տեւողությունը: Հայրապետանիստ վանքի Սուրբ Աննա եկեղեցու արձանագրությունը հավաստում է, որ այն 1423-ին կառուցվել է Պողոս կաթողիկոսի ծախսով: Իր դիրքերն ուժեղացնելու համար նա Արեւելքից, այսինքն՝ բուն Հայաստանից բերեց քերթողածաղիկ փիլիսոփաներ եւ ճգնավորներ, վարդապետներ, աբեղաներ ու այլ կրոնավորներ եւ հայրապետանիստը զարդարեց գեղեցկակամար շինվածքներով, մասնավորապես Սուրբ Աննայի հորինվածքով: Նա տներ կառուցեց կաթողիկոսարանի միաբանների համար: Պարզորոշ երեւում է, որ Սսի աթոռը գրեթե հասել էր քայքայման աստիճանի, իսկ տեղի եպիսկոպոսները եւ վարդապետները կամովին կամ բռնադատված ստիպված էին ընդունել ոչ միայն նրա հովվապետությունը, այլեւ եկեղեցական բարենորոգումները: Եթե ճիշտը խոստովանենք, ապա Պողոս կաթողիկոսի այս ձեռնարկումները հետաձգեցին կաթողիկոսարանի տեղափոխումը մայր երկիր: Ավելին. Արեւելյան եպիսկոպոսները սատար կանգնեցին Պողոս կոթողիկոսի գործունեությանը:


Այս ընթացքում Պողոս կաթողիկոսը կամեցավ Երուսաղեմ այցելել՝ ոչ միայն տեղի գործերը կարգավորելու, այլեւ անհրաժեշտ միջոցները եւ անձինք Սիս բերելու նպատակով: Սակայն Մ. Օրմանյանի կարծիքով՝ 1419-ին գրված «Ճառընտիրը» եւ 1422-ին գրված «Յայսմաւուրք»-ն ու «Տարեգիրքը» թույլ չեն տալիս այդ ամենը կապելու նրա ուղեւորության հետ, քանի որ դրանք նա կարող էր իրագործել հեռակա կարգով: Ուստի Եկեղեցու մեծ պատմաբանը նրա ուղեւորությունը Երուսաղեմ դնում է հայրապետանոցի կառուցումներից հետո: Մի ժամանակագրի համաձայն՝ 1424 թվին Կոստանդին թագավորի թոռը բազմաթիվ իշխանների եւ նրանց ազգակիցների հետ տեղափոխվում է Կիպրոս: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ այդ գաղթը դրվում է 1426 թվին: Իսկ չէ՞ որ եգիպտացիների կողմից 1426-ին տեղի ունեցավ մեծ արշավանք Կիլիկիա եւ Սիս, հետեւաբար գաղթը պետք է կապել պատերազմի արհավիրքի հետ: Մուզեֆեր սուլթանին չկարողացան դիմադրել Ռամազանյանները, եւ հայերը՝ շուրջ 30000 մարդ, ստիպված եղան գաղթել «յայնկոյս ծովու» եւ հաստատվել Կիպրոսում: Միակ հակասությունն այն է, որ Եգիպտոսում 1422-ից իշխում էր Բուրսբեյ Աշրաֆը եւ ոչ թե Մուզեֆերը, որը կա՛մ սուլթանի փոփոխված անունն է, կա՛մ էլ եգիպտական զորքի հրամանատարի անունը: Թերեւս այդ ժամանակ էլ Պողոսը հանգրվանել է Երուսաղեմում, որը եգիպտացիների տիրապետության տակ էր: Չի բացառվում, որ Երուսաղեմից Եգիպտոս էլ գնացած լինի: Մ. Օրմանյանը հայոց կաթողիկոսի ուղեւորությունը դնում է 1424-ի եւ 1426-ի միջոցին, սակայն մենք հակված ենք այն դնելու արշավանքի կա՛մ նախօրեին, կա՛մ դրա ընթացքում: Թերեւս նրա այդ ուղեւորության շնորհիվ Կիլիկիայում հաստատվեց բավականին երկարատեւ հարաբերական խաղաղություն:


Ծանր էր վիճակը բուն Հայաստանում, հատկապես Իսկքանդարի կամ Իսքենդերի գահակալության շրջանում: Նա 1422-ին փոխարինել է հորը՝ Կարա-Յուսուփին՝ հաստատվելով Թավրիզում, եւ դարձել պատուհաս երկրի համար: Նրա օրոք երկիրը բռնված էր խռովություններով ու հուզումներով, իսկ պատերազմները լենկթեմուրյանների դեմ շարունակվում էին: Նա մեծ կոտորածներ կազմակերպեց Ծղակ եւ Աղուվանք բերդերում եւ հարձակվեց Խլաթի երկրամասի վրա: Ասպատակության ենթարկվեց Սյունիքը, 1423-ին գրավեց Բաղեշը եւ ավերեց, չորս ամիս պաշարեց Վանը, սակայն այն գրավել չկարողացավ: Բայց այդ ընթացքում քաղաքում շատերը մահացան սովից եւ ջրի պակասից: 1424 թ. հանդարտ անցավ, 1425 թ. դարձյալ արշավեց Վանի վրա: Այս անգամ նա գրավեց Վանը եւ Աղթամարը եւ ահավոր կոտորածներ կազմակերպեց: 1426-ին նա ասպատակեց Արծկեի կողմերը եւ հասավ մինչեւ Որմի (իմա՛ ներկայիս Ուրմիա): 4 ամսվա ընթացքում գրավեց Սուլթանիան եւ այնպիսի անգթություններ կատարեց, որ նորոգեց պատերազմը Լենկթեմուրի հետ, որի ներկայացուցիչն էր Շահռուհը: Վերջինս, որ իրեն համարում էր Իսքենդերի ենթակայության տակ գտնվող երկրի տիրակալը, 1427 թ. մեծ զորքով հարձակվեց Իսքենդերի վրա, որը մի կերպ փախուստով ազատվեց: Շահռուհի զորքերն էլ երկիրն ավերեցին եւ ձմռանը հաստատվեցին Մուղանի դաշտում: Վասպուրականը եւ հատկապես Քաջբերունիքը Իսքենդերի կողմից խիստ ավերվեցին՝ դառնաշունչ ձմռանը դժվարին պայմաններ ստեղծելով հայ բնակչության համար: Մարդիկ պարզապես փախչում էին Վանա լճի կղզիները: Ինքը՝ Մեծոփեցին, ստիպված էր ապաստանել Լիմ կղզում: Փախստականների թիվն այնքան մեծ էր, որ նրանց համար անգամ նստելու տեղ չկար: Դրանից օգտվելով՝ Ամյուկի իշխան Հաջիբեկը մի գիշերվա մեջ բռնությամբ 100000 դահեկանի ոսկի եւ արծաթ բռնագրավեց փախստականներից (իբրեւ թե բռնագրավվել էր 40000 դահեկան, բայց իրականում այն կազմել է 100000): Վիճակն օգտագործեցին ակ-կոյունլուները, որոնք ձմեռվա երեք ամիսների ընթացքում սկսեցին ասպատակել կարա-կոյունլուների երկրամասերը: Սակայն 1429 թվին՝ գարնանը, Իսքենդերը վերադարձավ եւ պաշարեց Արծկեն, որտեղ նրա վրա հարձակվեց Շահռուհի որդի Ջոնկան, թեեւ հաջողության չհասավ: Թաթարները պարտվեցին, իսկ Իսքենդերն արշավեց Բասեն:


Հայերի համար իրոք դժվարին պայմաններ ստեղծվեցին, եւ նրանք փախուստի էին դիմում երկրի անմատչելի վայրերն ու ծերպերը: Այնուհանդերձ, մեծ թվով հայեր գերի տարվեցին Խորասան: Մինչեւ 1430 թ. Պենտեկոստեն, այսինքն՝ հունիսի 4-ը, թաթարներն ավերում էին երկիրը, իսկ նրանց հեռանալուց հետո ՝ Խաչի տոնին, այսինքն՝ սեպտեմբերի 17-ին, Իսքենդերը կրկին պաշարեց Արծկեն: Արծկեի հայ տանուտեր Մուրադը եւ Արճեշի տանուտեր Հովհաննես Փոքոն եւ Գորգի Աղոն եւ մի քանի այլազգիներ բանակցեցին Իսքենդերի հետ, անձնատուր եղան, եւ բնակչությունը չվնասվեց: Մեծոփեցին հիշյալ յոթ տարիները համարում է դառն պատուհասի ժամանակներ: 1431 թվին երկրում ահավոր սով սկսվեց: Ոչ միայն Հայաստանում, այլեւ Ատրպատականում մարդիկ սկսեցին անգամ երեխաներին մորթել եւ ուտել: Միայն Թավրիզի մեջ հազար հոգու կերել էին գաղտնի կամ ակնհայտ: Իսկ գայլերը, վարժվելով լեշեր ուտելուն, սկսեցին հարձակվել կենդանի մարդկանց վրա: Մեծոփեցին, նկարագրելով Հայաստանի հյուսիսային մասերի դեպքերը, օգտվում է Զաքարիա Տեղերցի աբեղայի վկայություններից:


Այդ դժնդակ ժամանակներում, նեղվելով սովից եւ հալածանքներից, որոշ թվով հայեր Բաղեշի, Սասունի եւ Մշո շրջաններում մահմեդականություն ընդունեցին: Այս շրջաններում իրենց թուրք կամ քուրդ համարածների մի մասը նախկին հայերն են, որոնք մահմեդականություն էին ընդունել այդ ժամանակներում: Դա պարզ երեւում է անգամ գանգաբանությունից եւ մարդկանց դիմագծերից: Թերեւս շատերը միայն առերես էին մահմեդականանում՝ սպասելով լավ ժամանակների, սակայն վիճակը չէր փոխվում, եւ նրանց զավակներն ու թոռներն արդեն վերածվում էին իսկական մահմեդականների:


Սակայն մեծ թիվ էին կազմում նաեւ նրանք, ովքեր պատրաստ էին մեռնել՝ հանուն իրենց հավատի: Նրանց մի մասի անունները, ինչպես նախորդ դարերում, պահպանել է պատմությունը: Նրանցից մեկն էր Հիմար վանեցի կոչված մի կին: Դժվար է ասել՝ դա հատո՞ւկ անուն էր, թե՞ ածական: Նրա ամուսինը սպանվել էր Վանի՝ 1387 թ. կոտորածի ժամանակ, եւ նա ստիպված, իբրեւ խոհարար, ծառայության էր անցել մի քրդի մոտ: Քուրդը, որի կինը նույնպես մեռել էր, կնության առավ նրան, եւ մի տղա եւ մի դուստր ունեցան: Քրդի ազգականները ստիպեցին, որ սա իր կնոջը մահմեդականացնի: Նրանք բավարարված կլինեին, եթե Հիմար վանեցին երեք քար նետեր հայոց եկեղեցու վրա: Նա ենթարկվեց այդ պահանջին, եւ քրդերը խաղաղվեցին: 20 տարի նա ապրեց կեղծ ուրացությամբ, սակայն խիղճը հանգիստ չէր: 1406 թվին նա հեռացավ Մակու, ուր իշխում էր Սուրղաթմիշ անունով մի քրիստոնյա: Նա այստեղ մնաց 10 տարի, բայց այստեղ էլ նրա միտքը պղտորեցին, թե պետք է կեղծուրացությունից հրաժարվի այնտեղ, որտեղ դա տեղի է ունեցել: Նա գալիս է Վան՝ իր քուրդ ամուսնու եւ զավակի մոտ, որոնք նրան թույլ էին տվել գաղտնի դավանելու քրիստոնեությունը: Սակայն ազգականները նորից գլուխ բարձրացրին՝ տեսնելով, որ եկեղեցի է հաճախում: Նրան ստիպեցին, որ մերժի իր քրիստոնյա լինելը, որից այդ կինը հրաժարվեց: Սկսեցին նրան տանջել եւ քարկոծեցին քաղաքի հրապարակում: Իսկ նա այդ ընթացքում գոհունակությամբ կրկնում էր, թե այն քարերը, որ եկեղեցու վրա նետեց, այժմ իր գլխի վրա է ընդունում: Դա տեղի ունեցավ 1418 թվին, թեեւ 1416 թվին դնողներ էլ կան: «Յայսմաւուրք»-ի տվյալներով՝ դա եղել է փետրվարի 3-ին:


Պողոս կաթողիկոսի հովվապետության շրջանում եղան նաեւ այլ նահատակներ: Նրանցից էր Արծկեի հայ իշխաններից Մուրադ-Շահը, որը մի տեսակ թագավոր էր քրիստոնյաների համար, որոնք ապրում էին Վանա լճի շրջանում: Նրան չներեցին, որ նա անօրենների մեջ խաչով եւ Ավետարանով ջուրն օրհնեց: Մահմեդականները, դրա վրա զայրացած եւ դաշնակից ունենալով Զենոն անունով մի մատնիչ հայի, քաղաքապետին ամբաստանեցին՝ նրա այդ արարքի համար: Քաղաքապետն էլ, օգտվելով ամբաստանությունից, նրա դեմ մեղադրանքը փակելու համար՝ ուրացություն առաջարկեց: Հայ իշխանը մերժեց եւ իսկույն բանտարկվեց: Հետո նրան պարսպից կախեցին եւ նետարհարեցին:


Արծկեցի մեկ այլ տանուտեր՝ Զաքարիա անունով, նույն կերպ ուրացության պարտադրվեց: Մերժում ստանալով՝ նրան եւս կախեցին: Նույն ժամանակներում նահատակվեց Զարիշատ ավանի ձեռնավոր Մկրտիչը: Նրան եւ նրա ընտանիքի ութ անդամներին ողջակիզեցին: Այդ ձեւով վարվեցին Ասպիսնակ գյուղի Հովհաննես ձեռնավորի, ինչպես նաեւ Արիստակես Քաջբերունցու հետ: Կրակի մեջ նրանց խորովեցին գառան նման,- գրում է Մեծոփեցին: Վերջիններիս նահատակությունը եղավ 1420 թվին՝ Ամյուկ բերդի իշխան Փիրալու օրոք:


Հիշյալ ժամանակաշրջանի նահատակների մեջ առավել նշանավոր է Վարդան Բաղիշեցին, որ լճափնյա Դատվան ավանից էր: Նա օրինակելի հավատացյալ էր՝ ամուսնացած, հողատեր: Տեսնելով, թե ինչպես Բաղեշի Շամշ-ադ-դին ամիրան փորձում է քաջալերել ուրացողներին եւ բռնադատել մյուսներին, անձամբ ներկայանում է ամիրային եւ ասում, որ Աստված 72 լեզուներից յուրաքանչյուրին թողել է իր օրենքով, հետեւաբար նա արդյո՞ք Աստծուց բարձր է, որ կամենում է բոլորի օրենքները փոխել: Դրա վրա ահավոր զայրացած ամիրան նրան մի քանի անգամ հարվածում է եւ կարգադրում բանտարկել, ինչը տեղի ունեցավ 1421 թ. հունվարի 1-ին՝ չորեքշաբթի օրը, որը համապատասխանում է Հայոց 870 թվականի նավասարդի 27-ին: Վարդան Բաղիշեցուն ցուրտ ձմռանը մերկ, ոտաբոբիկ ու գլխաբաց բանտ են տանում, երեք օր տանջում են եւ կրկին ներկայացնում ամիրային: Անմեղ նահատակը, նույնիսկ Ղուրանից մեջբերելով Հիսուսին վերաբերող հատվածները, պաշտպանում է իր դավանանքը եւ նույն օրը մահապատժի ենթարկվում սրով, բրով եւ քարերով:


Այս նույն՝ 1421 թվին Խիզանում երկու հաբեշ քահանա է նահատակվում, որոնք ուխտի էին եկել Հայաստանի սրբավայրերը: Նրանք սպանվեցին մահմեդականների կողմից եւ թաղվեցին Բարեձորի վանքում, որը հայտնի է առավելապես Յոթնխորան Սբ Աստվածածին անունով: Երբեմն այն կոչվում է Հաբեշ քահանաների կողմեր:


Այդ ժամանակներում է նահատակվել նաեւ Թովմաս Պուտլիկցի վարդապետը, որի մանրամասները պատմությունը չի պահպանել: Հայտնի է, որ նա եղել է Սիմեոն Ռշտունի վարդապետի աշակերտը: Նրան պարզապես նետահարել են: Պուտլիկ վանքը գտնվում էր Ռշտունիքում, եւ Սիմեոն Ռշտունեցին, հավանաբար, եղել է նրա առաջնորդը:


Այս դժնդակ ժամանակները հայտնի են նաեւ այլ նահատակներով: Նահատակվեցին նաեւ Հեսվա Սբ Գամաղիել վանքի վարդապետ Ստեփանոսը, Խիզան քաղաքից քահանա Պետրոսը եւ Ստեփանոս Սորբեցին, որոնք բոլորն էլ երիտասարդ էին: Տեսնելով այդ ծանր կացությունը՝ առաջին երկուսը նամակ ուղարկեցին Խիզանի դատավորին, որի առաջ ուրացել էին, եւ մեկնեցին Բարեձորի վանքը, ուր մեկ տարի առաջ հողին էին հանձնվել հաբեշ քահանաները: Նրանք 3 օր մնացին վանքում, խոստովանեցին եւ հաղորդվեցին եւ 1424 թ. հունիսի 1-ին վերադարձան Խիզան ու մտան եկեղեցի: Նրանք զղջացին իրենց ուրացության համար, իրենց շրջապատող քրիստոնյաներին հեռացրին, որ իրենց պատճառով փորձանքի չգան, եւ մահմեդականներին բացատրեցին իրենց դարձը: Ամբոխը նրանց տարավ դատավորի մոտ, եւ երբ նրանք չհրաժարվեցին քրիստոնեությունից, Պետրոս քահանային սրով ու փայտով սպանեցին՝ նախապես բազուկները բրով ջարդելով, իսկ Ստեփանոս քահանային էլ կացնով, թրով, փայտ ու քարով սպանեցին, երբ նա պատասխան հարված հասցրեց իրեն ապտակած դատավորին: Դա տեղի ունեցավ Համբարձման ուրբաթ օրը:


Լսելով նրանց նահատակության մասին՝ Ստեփանոս Սորբեցին էլ հրաժարվեց ուրացությունից՝ քաջալերվելով նաեւ մոր կողմից: Երբ սպառնալիքներն օգուտ չտվին, տեղի այլազգիները նրա վրա հարձակվեցին ու սպանեցին: Նա նահատակվեց 9 օր անց՝ 1424 թվի հունիսի 11-ին:


Նահատակվեց նաեւ «Յայսմաւուրք»-ի նոր կազմող, տաղերի եւ գանձերի հեղինակ Գրիգոր Խլաթեցին, որ հայտնի է նաեւ Ծերենց վարդապետ անունով: Նա 8 տարի աշակերտել էր Որոտնեցուն եւ Տաթեւացուն, հետո Սուխարու վանքում 2 տարի՝ Սարգիս Ապրակունեցուն: Հետո կրկին աշակերտեց Գրիգոր Տաթեւացուն, երբ վերջինս Մեծոփ էր եկել: Նա դարձավ Սալնապատի վանքի առաջնորդ՝ Վարդան Հոգոցեցուց հետո: Այստեղ առանձին հաջողության չհասնելով իր շուրջն աշակերտություն հավաքելու գործում՝ նա քաշվում է Ցիպնայի վանքը՝ զբաղվելով ընդօրինակություններով եւ «Յայսմաւուրք»-ի կազմման աշխատանքներով: Այդ գործով նա զբաղվեց 50 տարի եւ 70 տարեկանում ուխտի մեկնեց Երուսաղեմ, որտեղից երկու տարի անց վերադարձավ կրկին Ցիպնա: Նա 75 տարեկան էր, երբ կարա-կոյունլու Իսքենդերի զորքերն Արծկե արշավեցին եւ մտան նաեւ Ցիպնա: Միաբանները փախան, սակայն չկարողացան ծերունի Խլաթեցուն էլ տանել, որը չէր կամենում իր սիրելի վանքը թողնել: Նա հայտարարեց, որ այդտեղ կմնա եւ այդտեղ էլ կմեռնի: Նա ընկավ թուրքմեն ասպատակների ձեռքը, որոնք ստիպեցին նրան ուրանալ քրիստոնեությունը եւ հաջողության չհասնելով՝ նրան պարզապես մորթեցին: Նա նահատակվեց 1425 թ. մայիսի 9-ին: Մ. Օրմանյանի հաշվարկով իրականում այդ պետք է կատարված լիներ 1426 թվի մայիսի 19-ին՝ Հոգեգալստի կիրակի օրը: Նրան հողին հանձնեց Հակոբ ճգնավորը, որն իր մահկանացուն կնքեց մեկ տարի անց: Նա Գրիգոր Խլաթեցու աշակերտներից էր: Մ. Օրմանյանը նրա մահը դնում է 1427 թվի մայիսի 27-ին:


Արծկեի ավարառությունից 2 տարի անց Իսքենդերի զորքերն ասպատակեցին Ռշտունիքը: Նրանք մեծ կոտորածներ կազմակերպեցին: Դրանց մեջ էին Հակոբ Օվսաննացի վարդապետը՝ Անծղնապատ վանքից, որին թաղեցին Նարեկա վանքում՝ Գրիգոր Նարեկացու գերեզմանի հարեւանությամբ: Այդ նույն ժամանակ Ղազար Բաղիշեցի վարդապետը փախուստի դիմեց դեպի Սասուն, սակայն ճանաչվեց եւ չուրանալու համար՝ մահմեդականների կողմից սպանվեց: Նահատակվեց Սիմեոն Այրիվանեցի վարդապետը, որը թերեւս Տաթեւացու աշակերտ Սիմեոն Սյունեցին է: Նա նշանավոր էր վանական կանոնների մշակմամբ, վանական զգեստի վերաբերյալ կարգադրություններով եւ այլն: Նրա մահն ընկնում է 1428 թ.: «Յայսմաւուրք»-ը մայիսի 9-ին է դնում Վարդենի կամ Վարդենիկ կույսի կուրացումը: Նա իր կուսությունը պահելու ու իրեն հետապնդող երիտասարդից ազատվելու համար իրեն կուրացրեց: Կույսի ազգությունը չի նշվում, սակայն անունը բավարար է, որ մենք իմանանք նրա ազգությունը:


Իսքենդերի տիրապետության շրջանը, իրոք որ, դժնդակ ժամանակաշրջան էր հայ ժողովրդի համար: Քաղաքական այդ թոհուբոհի մեջ Պողոս կաթողիկոսին չէր հաջողվում ամրապնդել իր կապերը բուն հայաստանյան թեմերի հետ, որոնք մեծ մասամբ գործում էին ինքնագլուխ՝ նշանավոր վարդապետների գլխավորությամբ: Աղթամարի կաթողիկոսությանն այդպես էլ չհաջողվեց վերածվելու միակ հայրապետական աթոռի: Ճիշտ է՝ այն շարունակում էր գոյատեւել, սակայն նրան չէին ենթարկվում Տաթեւացուն աշակերտած վարդապետները, որի հետեւանքով Աղթամարի ենթակայության տակ մնացին միայն Արծկեի, Արճեշի, Բերկրիի գավառները: Դրան մեծապես նպաստեց Դավիթ կաթողիկոսի մահը 1423 թվին: Նրան հաջորդելու համար մեծ պայքար սկսվեց: 1423-ից մինչեւ 1437 թվականը հիշվում է 21 կաթողիկոս, որոնք գլխապտույտ արագությամբ հաջորդում էին մեկը մյուսին, մինչեւ որ Դավիթ կաթողիկոսի եղբորորդուն՝ Զաքարիային, հաջողվեց ուժեղանալ եւ տիրանալ կաթողիկոսությանը: Առանձնապես լավ չէր նաեւ ունիթորների դրությունը: Քաղաքական անհանգիստ վիճակը նրանց մեծապես թուլացրեց: Նախիջեւանի եւ Երնջակի ունիթոր վանահայրերն ազգությամբ ոչ միայն հայեր էին, այլեւ օտարազգիներ, ինչը հավաստում է, թե ունիթորությունը, փաստորեն, հանգել էր լատինականացման: Մխիթար Ապարանցին, որ հախուռն ունիթորական էր, անխոհեմ ու անզգույշ մարդ, ատելությամբ լեցուն դեպի իր նախկին հավատակիցները, իր գիրքը հասցնում է մինչեւ 1410 թիվը, որից հետո տեղեկությունները խիստ նվազում են ունիթորների գործունեության մասին:


Պողոս կաթողիկոսը, հաստատվելով Սսի հայրապետական աթոռին, Երուսաղեմի պատրիարք կարգեց Մարտիրոս Եգիպտացի եպիսկոպոսին: Եգիպտոսում գահակալող Բուրսբեյ Աշրաֆ սուլթանը մեզ անհայտ պատճառով կարգադրում է Սբ Հարության տաճարի դռները փակել քրիստոնյաների առաջ եւ արգելել վերջիններիս մորուք կրել: Հայտնի է, որ մինչեւ վերջերս էլ Սբ Հարության տաճարի դուռը հանձնված էր արաբների պահպանությանը, իսկ քրիստոնյա դռնապանները, որոնք հայտնի էին իքինջի անունով, օգնականներ էին միայն ու երկրորդական դեր ունեին (Իսրայելի վերահսկողության տակ այդ տարածքի անցնելուց հետո փոփոխություն եղել է թե ոչ, մեզ հայտնի չէ: Թերեւս եղել է): Այս կարգադրությունը բոլորովին դուր չեկավ Հաբեշստանի թագավորին, որի անունն էր Իսահակ: Նա կարգադրեց իր տերության մեջ գտնվող այլազգիներին կոտորել: Դրան ի պատասխան՝ Բուրսբեյ սուլթանն էլ փորձեց կոտորել Պաղեստինի եւ Եգիպտոսի քրիստոնյաներին: Դա տեղի չունեցավ միայն երկրի ավագանու ճնշման ներքո: Ավագանին կարողացավ հասնել այն բանին, որ սուլթանը ետ վերցրեց իր հրամանը: Այսուհանդերձ Երուսաղեմում Սբ Հարության տաճարը երկու տարի՝ 1424-1426 թթ., փակ մնաց: Հետո համեմատաբար խաղաղ կացություն ստեղծվեց, եւ Մարտիրոս պատրիարքը ձեռնարկեց շինարարական գործունեության: Պատրիարքը, տարիքի պատճառով, 1430-ին աթոռակից դարձրեց Եսայի եպիսկոպոսին, որն զբաղվում էր ներքին վարչությամբ: 1431-ին վրացիները կարողացել էին Գողգոթայի սրբավայրերն իրենց ձեռքն առնել: Մարտիրոս պատրիարքը Կիպրոս գնաց եւ երեք տարվա համառ ջանքերի, դրամ ծախսելու գնով 1436-ին վերականգնեց հայերի իրավունքը Գողգոթայի սրբավայրի նկատմամբ:
Խոսելով այլեւայլ խնդիրների մասին՝ մենք կարծես թե ուշադրությունից դուրս թողեցինք Պողոս կաթողիկոսին:


Կիլիկիայի մեծ գաղթականությունից հետո, ընդհանուր առմամբ, խաղաղ շրջան սկսվեց Կիլիկիայում: Սակայն դրա փոխարեն ներքին խլրտումներ եղան հայրապետանոցում: Նորից սկսեց գլուխ բարձրացնել աղթարմայությունը, որը վաղուց էր բույն դրել այնտեղ: Բայց դրան զուգահեռ զգացվում էր վանականների պաշտոններ զբաղեցնելու շահագրգռությունը: Ի վերջո, նա դարձավ Սսի վեց կաթողիկոսներից մեկը, որին միաբանները թունավորեցին: Առանց գիտակցելու՝ հայրապետանոցի միաբաններն իրենց այդ խայտառակ արարքով լոկ արագացրին կաթողիկոսական աթոռը Էջմիածին տեղափոխելու խնդիրը: Աղթարմայությունը գլուխ բարձրացրեց կրկին: Աթոռն անմիջապես Էջմիածին տեղափոխելը հնարավոր չէր, քանի որ բուն Հայաստանը գտնվում էր քաղաքական ծանր կացության մեջ: Սակայն արեւելյան եպիսկոպոսներն արդեն վճռականորեն որոշել էին հարվածել Հայոց Եկեղեցում գնալով արմատավորվող աղթարմայությանը՝ հայրապետանոցը Սբ Էջմիածին տեղափոխելու միջոցով:


Պողոս կաթողիկոսը մահացավ 1430 թվականին: