ՏՐԴԱՏ Ա ՕԹՄՍԵՑԻ

ՏՐԴԱՏ Ա ՕԹՄՍԵՑԻ

(741-764)
 

Դավիթ Ա Արամոնեցի կաթողիկոսի հայրապետական աթոռին հաջորդեց Տրդատ Ա Օթմսեցին, որը ծնունդով Այրարատ աշխարհի Վանանդ գավառի Օթմուս գյուղից էր: Ղեւոնդի տեղեկությամբ՝ սերում է նախարարական ընտանիքից, ուստի հաշվի առնելով Օթմուսի աշխարհագրական դիրքը՝ կարելի է ենթադրել, որ ծագում էր Վանանացիների իշխանական տոհմից: Պատմությունը, ցավոք, նրա մասին առանձին հիշատակներ չի պահպանել, ուստի պետք է ենթադրել, որ նա, հավանաբար, եղել է Վանանդի եպիսկոպոսը: Հովհաննես Դրասխանակերտցին նրան բնութագրում է որպես սուրբ եւ պարկեշտ, առաքինությամբ փայլող անձնավորություն, որի աղոթքներն անգամ վերացրին երկրում տեղ գտած ասպատակությունները: Բացառությամբ մեկի՝ մյուս բոլոր ցուցակները նրան վերագրում են 23 տարվա աթոռակալություն, որով նրա գործունեությունն ընկնում է 741-764 թթ.: Հայրապետության սկիզբը, համաձայն Ասողիկի, հայոց 190 թվականն է եւ լիովին համապատասխանում է Դավիթ Արամոնեցու մահվան տարուն:


Չնայած Դրասխանակերտցու տված գնահատականներին՝ պատմիչները, ըստ էության, ուշադրությունից դուրս են թողել նրա գործունեությունը՝ ստիպելով մտածել, որ այն մեծագործություններով աչքի չի ընկել: Սակայն հիշյալ ժամանակները նշանավոր էին մի շարք անցքերով, որոնց վրա էլ հրավիրում ենք ընթերցողի ուշադրությունը: Տրդատ Ա կաթողիկոսի աթոռակալության հենց առաջին տարիներին՝ Հեշամ խալիֆի մահից հետո, սկսվեցին Օմայան խալիֆայության թուլացումը եւ քայքայումը: Իսկական մահմեդականի համար Օմայանները բռնակալներ էին, որոնք պետական իշխանությունը կամ մեծ իմամությունը խլել էին Մուհամեդի դուստր Ֆաթիմայի եւ նրա ամուսին Ալիի ընտանիքի ձեռքից: Երկու գերդաստաններ, որոնցից մեկի հիմքը դրել էր Ալիի տան՝ կոտորածից փրկված Մուհամեդ որդին, իսկ մյուսինը՝ Մարգարեի հորեղբայր Աբբասը, հավակնում էին խալիֆայական իշխանության: Երկու գերդաստանների միջեւ մի տեսակ միաձուլում տեղի ունեցավ, երբ Ալիի թոռ Աբդուլլահ-իբն Մոհամեդն իր առաջնության իրավունքը զիջեց Աբբասի ծոռ Մուհամեդին, որը դրա համար Հեշամ խալիֆի կողմից ենթարկվեց հալածանքների, ձերբակալվեց եւ բանտից դուրս գալուց շատ չանցած՝ մահացավ 746 թվին: Նա այդ իրավունքը թողեց իր որդի Իբրահիմին, որն այդպես էլ օրենքով այն ձեռք չբերեց եւ սպանվեց: Այնուամենայնիվ Մուհամեդի մյուս որդին՝ Աբդուլ-Աբբասը, այդ իրավունքին տիրացավ՝ հիմք դնելով Աբբասյան հարստության իշխանությանը Արաբական խալիֆայությունում՝ ստանալով ժամանակակիցների կողմից Սաֆֆան կամ Արյունռուշտ մականունը: Օմայանների հարստության օրավուր աճող թուլությանն էապես նպաստում էր Հեշամի հաջորդ՝ Վալիդ Բ-ի զեխ ու անառակաբարո կենցաղը՝ դարձնելով նրան հավատացյալների աչքում անընդունելի ու զզվելի անձնավորություն:


Մեկ տարի չանցած՝ նա սպանվեց, իսկ խալիֆայությունը հայտնվեց քաղաքացիական պատերազմի ու քաոսի մեջ: Գահին հավակնում էին Եզիդ Վալիդի, Եզիդ Սուլեյմանի, Սուլեյման Հեշամի որդիները եւ Իբրահիմ Վալիդի մյուս որդին: Այս դաժան պայքարի ընթացքում հայտնվեց գահի մեկ հավակնորդ եւս՝ Մրվան-իբն-Մուհամեդը, որը Մրվան Ա խալիֆի թոռն էր: Վերջինս եղել էր Արմինիայի ոստիկան, իսկ այնուհետեւ կառավարել էր Միջագետքում եւ այժմ օգտվելով պատեհ հնարավորությունից՝ 744 թվին տիրեց խալիֆայական իշխանությանը: Նա գահակալեց 6 տարի: Մինչ նա պայքարում էր այլեւայլ ապստամբությունների դեմ, ուժեղացան Աբբասյանները, իսկ Մրվան-իբն-Մուհամեդը սպանվեց ղպտիների եկեղեցում՝ Եգիպտոսի Բուշիր գյուղում: Խալիֆայության մեջ նոր հարստության հաստատումով շատ բան չփոխվեց, եթե չհաշվենք մայրաքաղաքի տեղափոխությունը Դամասկոսից Բաղդադ, սակայն քիչ թե շատ նորմալացած հայ-արաբական հարաբերությունները նշանակալից չափով խաթարվեցին:


Մրվանից հետո Արմինիայի ոստիկանի պաշտոնն անցել էր Իսաք-իբն-Մսլիմին, երբ արդեն նրա պաշտոնավարության շրջանում Վալիդ խալիֆի կողմից Էմանի անապատ աքսորված Գրիգոր եւ Դավիթ Մամիկոնյանները, օգտվելով Վալիդի սպանությունից, վերադարձան Հայաստան եւ ոտքի հանեցին Վասպուրական աշխարհը: Դավիթ Մամիկոնյանը դավադրություն կազմակերպեց Հայոց պատրիկ Աշոտ Բագրատունու դեմ, սակայն այն ձախողվեց, եւ վերջինս, յուրայիններին հավաքելով Դարեւենից բերդում եւ այն ամրացնելով, գնաց Արաբիա՝ Մրվանի մոտ՝ ակնկալելով, ի սեր հին բարեկամության, նրա պաշտպանությունը: Իսաք ոստիկանը պատրիկությունը հանձնեց Գրիգոր Մամիկոնյանին, սակայն Մրվան խալիֆը կարգադրեց պաշտոնում վերականգնել Աշոտ Բագրատունուն, իսկ Դավիթ Մամիկոնյանին, ծայրակոտոր անելով ոտքերն ու ձեռքերը, ցից հանելով սպանել:


Դավիթ Մամիկոնյանի մահապատիժն ու պատրիկության պաշտոնի վերահանձնումը Աշոտ Բագրատունուն էլ ավելի ուժեղացրին Գրիգոր Մամիկոնյանի ատելությունը վերջինիս նկատմամբ: Աշոտ Բագրատունու նկատմամբ արտաքնապես պահպանելով խաղաղ հարաբերություններ՝ նա նախարարներին խորհուրդ էր տալիս թոթափել արաբական լուծը, որը լայն արձագանք գտավ իշխանների մեծ մասի շրջանում, քանի որ արաբական լուծը, իրոք, անտանելի էր դարձել: Հասնելով նախարարների մեծ մասի միաբանությանը՝ Գրիգոր Մամիկոնյանի համախոհները Աշոտ Բագրատունուն տեղյակ պահեցին իրենց ծրագրերի մասին՝ հորդորելով նրան միանալ իրենց: Չնայած Աշոտ Բագրատունու՝ իշխաններին ապստամբությունից ետ պահելու բոլոր ջանքերին՝ ի վերջո նա հարկադրված էր միանալ ապստամբներին, իսկ Աշոտը եւ Գրիգորը միմյանց հետ դաշինք կնքեցին: Ապստամբները դրանից հետո շարժվեցին Տայքի ամուր աշխարհը, ամրացրին այն եւ ապավինեցին Պոնտոսի բյուզանդական բանակի պաշտպանությանը: Այս դեպքերը տեղի ունեցան 747 կամ որ ավելի հավանական է՝ 748 թվին:


Սակայն նախարարների միասնությունը գրեթե մեկ տարի էլ չտեւեց: Նրանց մի մասը հակվեց դեպի Աշոտ Բագրատունին եւ Հայոց պատրիկի հետ հեռացավ Բագրեւանդ գավառ՝ փորձելով արաբների հետ հաշտության եզրեր գտնել: Չի բացառվում, որ Աշոտ Բագրատունու միանալն էլ ապստամբներին ավելի շատ եղել էր առերես, եւ նա այդ ամբողջ ընթացքում պահպանել էր իր կապերն արաբների հետ: Լուր ստանալով Հայոց պատրիկի եւ նրա համախոհների հեռանալու մասին՝ Գրիգոր Մամիկոնյանը հետապնդեց նրան եւ ձերբակալելով հանձնեց իր եղբոր՝ Դավթի սպասավորների դատին, որոնք նրան կուրացրին: Իսկ ինքը՝ որպես Հայոց իշխան, մեկնեց Կարնո քաղաք, որպես հաղթանակող՝ հայտարարեց, որ ընդունում է բյուզանդական կայսր Կոստանդին Կոպրոնիմոսի գերիշխանությունը: Սակայն դեպքերն այլ զարգացում ստացան, քանի որ շուտով Գրիգոր Մամիկոնյանը ծանր հիվանդացավ ու մահացավ, իսկ նրա փոխարեն Հայոց իշխան հռչակված նրա կրտսեր եղբայր Մուշեղ Մամիկոնյանը կարճ ժամանակով վայելեց այդ պաշտոնը: Թե ինչ դիրք գրավեց այս իրադարձությունների ժամանակ Հայոց հայրապետը, հայտնի չէ: Աղբյուրները լռում են՝ կարծես թե հավաստելով նրա անգործունյա ընթացքը:


Քանի դեռ Արաբական խալիֆայությունում պայքար էր գնում գահի համար, բյուզանդացիները հեշտ հաղթանակներ էին տանում, իսկ հայերն իրենց կարող էին ազատ զգալ արաբական տիրապետությունից: Սակայն Աբբասյանների իշխանության հաստատումից հետո արքունիքը լուրջ ուշադրություն դարձրեց ապստամբած ծայրամասերին եւ սկսեց ապստամբությունները դաժանորեն ճնշել: Հայաստան արշավեց խալիֆի եղբայր Աբու-Ջաֆեր-էլ-Մանսուրին, որը Գրիգոր Մամիկոնյանի բարձրացրած ապստամբությունն արյան մեջ խեղդեց՝ երկիրը ենթարկելով ահավոր հարկապահանջության: Սկսեցին հավաքել հնից մնացած հարկերը, անգամ՝ մահացածների համար, ապահարկությունից զրկվեց Եկեղեցին, իսկ հարկը վճարածների պարանոցին խարան էին դնում կապարյա կնիքով: Անգամ նախարարական տներն աղքատացան՝ ամեն ինչ զոհաբերելով Աբու-Ջաֆերի բռնություններից ազատվելուն: Ահավոր արծաթասեր այս անձը, որի համար հարստությունն Աստծուց բարձր էր, 754 թվին՝ իր եղբայր Աբուլ-Աբբասի մահից հետո, տիրեց խալիֆայական իշխանությանը:


Աբու-Ջաֆերը Հայաստանում գտնված օրերին ոստիկան էր կարգել Ուսագի որդի Եզիդին, որն էլ պատրիկի պաշտոնը հանձնեց Բագարատ Բագրատունու որդի Սահակին, որը կուրացված Աշոտ Բագրատունու եղբոր տղան էր: Աշոտ Բագրատունին, որ այլեւս ի վիճակի չէր ակտիվ քաղաքական գործունեություն վարելու, կուրացվելուց 13 տարի անց՝ 761 թվին, մահացավ եւ, անկասկած, թաղվեց Բագրատունիների տոհմական հանգստարանում: Ինչ վերաբերում է Սահակ Բագրատունուն, ապա Ղեւոնդ պատմիչի խոսքերով՝ նա գեղեցկադեմ էր, երեւելի հասակով, ազնվական բարքով եւ աստվածաերկյուղ, որն ակամա էր վարում իր պաշտոնը՝ չուզենալով աջակից լինել Եզիդին, բայց եւ միաժամանակ ստիպված էր առաջնորդել Հայոց զորքը: Խալիֆայությունն այլեւս հայոց այրուձիու համար չէր վճարում, եւ նախարարներին արգելված էին իրենց զորագնդերը զինել սեփական միջոցներով:


Լավ չէր հայերի կացությունը նաեւ բյուզանդական կայսրությունում: Կոպրոնիմոս կայսրը, ճնշելով Փոքր Ասիայում իրեն կայսր հռչակած իր քեռայր հայկազն Արտավազդի ապստամբությունը, սկսեց խստություններ կիրառել հայերի նկատմամբ, իսկ շատ չանցած՝ արշավանք ձեռնարկեց դեպի Հայաստան: Նա գրավեց, ավերեց քաղաքը, մեծ թվով գերիներ վերցրեց, որոնց միացան արաբական լծից ազատվել ցանկացող շատ հայեր: Կայսեր արշավանքը սպասված հաջողությունը չբերեց, ավելին՝ արաբները, անցնելով հակահարձակման, գրավեցին Մելիտենեն, մտան Կիլիկիա եւ Պամփյուլիայի Մելաս վայրում հաղթանակ տարան բյուզանդացիների դեմ: Իր հերթին Եզիդը գրավեց Կարինը, վերականգնեց քաղաքի ամիրությունները եւ այնտեղ արաբ գաղթականներ հաստատեց: Այս դեպքերը, Մ. Օրմանյանի ենթադրությամբ, տեղ գտան 756-758 թթ.: Հայերի վիճակը դարձավ մի տեսակ անտանելի: Բռնություններ գործվում էին ամենուրեք՝ բոլոր մակարդակներով: Սուլեյման Պարսիկ անունով մեկն ասպատակում էր Վասպուրականը, եւ տեղի իշխանները ստիպված եղան զենքի դիմել: Ժողովրդական պայքարի գլուխ անցան Վահան Արծրունի իշխանի որդիներ Սահակն ու Համազասպը: Քաջաբար պայքարից հետո երկուսն էլ ընկան կռվի դաշտում:


Նրանց եղբայր Գագիկ Արծրունին Սուլեյմանի զորքը դուրս քշեց երկրամասից, իսկ Սուլեյմանը սպանվեց: Արաբները Վասպուրական ուղարկեցին Սալիհ անունով մի զորավարի, որի զորքերի ճնշման տակ Արծրունյաց իշխանը ստիպված եղավ ամրանալ Նկան բերդում: Հարմար պահը որսալով՝ նա կարողացավ ետ մղել նաեւ այս հարձակումը: Սակայն արշավանքները հաջորդում էին մեկը մյուսին, իսկ ապստամբների ուժերը հատվում էին: Ռուհ զորավարի հարձակումը Գագիկ Արծրունուն ստիպեց կրկին ապավինել Նկան ամրոցի ամուր պարիսպներին եւ շարունակել հաջող պայքարը: Ռուհին փոխարինած Մուսե զորավարը, կռվի դաշտում հաջողության չհասնելով, կարողացավ խաբել Գագիկ իշխանին, գերել նրան ու նրա երկու որդիներին՝ Համազասպին եւ Սահակին, որոնք կապանքներով ուղարկվեցին խալիֆին: Գագիկը վճարեց պահանջված գումարը, սակայն ազատություն չստացավ, իսկ նրա զավակները կարողացան հայրենիք վերադառնալ:


Այսրկովկասյան երկրների համար զարհուրելի հետեւանքներ ունեցավ խազարների արշավանքը: Եզիդ ոստիկանն ամուսնացել էր խազարական խաքանի Խաթուն անունով քրոջ հետ եւ ստացել մեծ օժիտ: Սակայն շուտով Խաթունը մահացավ, իսկ խազարները, դրա մեջ դավ տեսնելով, Ռաժդարխան զորավարի գլխավորությամբ արշավեցին Հայք, Վիրք եւ Աղվանք:


Եզիդը չկարողացավ կազմակերպել երկրի պաշտպանությունը, եւ խազարներն ավարեցին, գերփեցին եւ գերեցին երկիրը եւ մեծ ավարով ու գերիներով ետ դարձան: Խազարները դրանով բավարարվեցին ու հեռացան, սակայն Եզիդի ագահությունից ծնունդ առնող հալածանքները չդադարեցին: Մարդկանցից փող կորզելու նպատակով նրանց տանջում էին կտտանքներով. գելարանով, կախաղան էին բարձրացնում, ենթարկում դառը տանջանքների: Շատերը դրանից ազատվելու համար փախչում էին քարանձավներն ու փապար վայրերը, հաճախ ձյունահեղձ ու գետավեժ էին լինում, միայն թե փրկվեին Եզիդի հարկահաններից ու հարստահարություններից: Սահակ պատրիկի եւ Տրդատ կաթողիկոսի ջանքերը՝ ետ պահել Եզիդին նման քայլերից, արդյունք չտվեցին, ուստի նրանք դիմեցին Աբու-Ջաֆեր խալիֆին, որը եւ նրան ետ կանչեց: Եզիդին հաջորդեցին Բաքարը կամ Բաքրը, իսկ մեկ տարի անց՝ Կահաթրայի որդի Հասանը, որն իր վարքով չէր զիջում Եզիդին:


Այս խառնակ ու անհանգիստ ժամանակներում էլ Տրդատ Ա Օթմսեցին մահացավ 764 թվին եւ թերեւս թաղվեց, ինչպես հավանական ենթադրում է Մ. Օրմանյանը, իր հայրենի գյուղում: