ՎԱՀԱՆ Ա ՍՅՈՒՆԻ

ՎԱՀԱՆ Ա ՍՅՈՒՆԻ

(968-969)

 

Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը մահացավ Աշոտ Գ Ողորմած թագավորի հաջողակ իշխանության տարիներին, ուստի նրա հաջորդի ընտրությունն ամբողջովին նրա կամքով եղավ: Հրավիրվեց Եկեղեցու եպիսկոպոսների եւ սուրբ հայրերի ժողով՝ արքայանիստ Շիրակավան քաղաքում, որը շարունակում էր մայրաքաղաքներից մեկը մնալ անգամ Անին մայրաքաղաք հռչակելուց հետո: Ժողովին ներկա էր Սյունիքի իշխաններից Ջվանշիրի որդի Վահանը, որին Անանիա Ա Մոկացին Սյունյաց արքեպիսկոպոս էր ձեռնադրել: Հայրապետի մահվան պատճառով ժողովը վարեց Հայոց Արեւելից կողմերի կամ այսպես կոչված՝ Աղվանից կաթողիկոս Հովհաննեսը: Սյունյաց արքեպիսկոպոսը, որ իր նախորդ վեց տարիների ընթացքում հռչակվել էր իր սուրբ վարքի եւ իմաստուն գործունեության շնորհիվ, միաձայն ընտրվեց կաթողիկոս: Ըստ որում՝ նրա ընտրությունը կատարվեց Եկեղեցու կանոնակարգին լիակատար համաձայն, ինչպես այն եղել էր հին ժամանակներում:


Թագավորի կարգադրությամբ է ժողովը հրավիրվում, եւ ընտրությունը կատարվում է եպիսկոպոսներից: Մ. Ուռհայեցու մի տեղեկության համաձայն՝ Վահան Սյունու ընտրության հարցում կարեւոր դեր էր կատարել Անանիա Ա Մոկացին, որը մահվանից առաջ հանձնարարել էր ընտրել Վահան Սյունուն, սակայն, թերեւս, իրավացի է Մ. Օրմանյանը՝ կարծելով, որ հազիվ թե այսպիսի կարեւոր փաստը լռության մատնվեր Սյունյաց պատմիչի կողմից: Ուռհայեցու տեղեկությունն էլ ավելի խախուտ է դառնում, եթե նկատի առնենք, որ վերջինիս համաձայն՝ կաթողիկոսի թեկնածության հարցում ընտրության՝ Վահանի վրա կանգ առնելը կատարվել էր ոչ միայն Անանիա Մոկացու, այլեւ Հովհաննես եւ Աշոտ թագավորների կարգադրությամբ, որոնք գահակալեցին այս դեպքից ավելի քան կես դար անց: Վահան Սյունին, Բաղքի Ջվանշիր իշխանի որդին լինելով, անվանվել է ոչ միայն Սյունի, այլեւ Բաղացի, իսկ պատմիչներից մի քանիսը նրան պարզապես Վահանիկ են կոչել. ըստ որում՝ հայտնի չէ, թե տվյալ անվանաձեւը փաղաքշակա՞ն, թե՞ քամահրական բնույթ է կրել:


Այսքան փառքով հայրապետական աթոռ բարձրանալուն հաջորդեց նրա աթոռընկեց լինելը եպիսկոպոսական ժողովի կողմից՝ ընդամենը մեկ տարի անց: Լուրեր տարածվեցին, որ նորընտիր կաթողիկոսը գաղտնի հարաբերությունների մեջ է Վրաց եւ Հունաց Քաղկեդոնիկ Եկեղեցիների հետ եւ ձգտում է Հայոց Եկեղեցին էլ քաղկեդոնական դարձնել: Համաձայն այդ լուրերի՝ կաթողիկոսը ծիսական արարողակարգը նույնպես կամենում էր համաձայնեցնել նշված Եկեղեցիների հետ եւ թույլատրել պատկերապաշտությունը՝ Բյուզանդական Եկեղեցիների նմանությամբ: Ստ. Օրբելյանը, որի համար պատվի հարց է Սյունյաց Վահանի վարքագիծը, փորձում է նրան հնարավորինս առնել իր պաշտպանության ներքո՝ ասելով, որ բոլորի մոտ այդպիսի կարծիք ստեղծվեց, թե կաթողիկոսը կամենում է դաշնադիր լինել հույների, այսինքն՝ բյուզանդացիների հետ եւ նրանց աղանդը ներածել Հայոց Եկեղեցի: Սակայն մեղադրանքը մյուս պատմիչների մոտ շատ ավելի որոշակի է, չնայած մեղքի ու մեղավորության էական փաստեր չեն բերում: Թերեւս կասկածի գլխավոր պատճառը սրբապատկերների թույլտվությունն է, որոնք Օրբելյանի հավաստմամբ՝ բերվել էին Վիրքից, եւ կաթողիկոսի կարգադրությամբ՝ պատարագը չէր կարող կատարվել առանց կոների (իմա՛ իկոնա), այսինքն՝ սրբապատկերների:


Մ. Օրմանյանը, հանգամանալից քննության առնելով սկզբնաղբյուրների տեղեկությունները, հակված է կարծելու, որ մեղադրանքը շատ էլ հիմնավորված չէ, քանի որ, ամենայն հավանականությամբ, մինչ այդ էլ Հայոց Եկեղեցում պատարագի սեղանի վրա պատկեր պետք է գտնված լիներ: Սակայն անգամ դրա առկայությունը չէր կարող քաղկեդոնական աղանդի նշան համարվել, քանի որ ընդամենը ծիսական մի հատկանիշ էր: Նույնիսկ եթե կաթողիկոսը քաղկեդոնիկ վրացիների նկատմամբ զիջողական որոշ քայլեր էր ձեռնարկել, այնուամենայնիվ հազիվ թե կարելի է կարծել, ինչպես գրում է Գալանոսը, թե նա հնազանդվել էր Հռոմի Եկեղեցուն, որն այդ շրջանում բաժանված էր Հոռոմաց կամ Բյուզանդական Եկեղեցուց: Եթե անգամ Վահանը հարել էր քաղկեդոնականությանը, դարձյալ պարզ չէ, թե ինչն էր եղել դրա պատճառը: Նրա անցյալը եւ օրինապահ գործունեությունը դույզն իսկ չեն խոսում այն մասին, որ նա մտադիր է հարել քաղկեդոնականությանը, եւ հանկարծ նա դառնում է կասկածյալ՝ հայրապետ դառնալուց հետո, երբ, թվում է, դրա համար ոչ մի նախադրյալ չկար: Որ Սյունիքում քաղկեդոնականությանը հարելու փորձեր եղել են, եւ այն էլ՝ քաղաքական շարժառիթներով, հայտնի փաստ է, ուստի մնում է կարծել, որ Սյունիներին հակվելով եւ հաշվի չառնելով իր նոր կացությունը՝ նա կասկածներ էր ծնել, թե նպատակը քաղկեդոնականությանը հարելն էր: Ասենք նաեւ, որ Վահան Ա Սյունին մեղադրանքը չի ընդունում եւ համարում է նախանձող մարդկանց գործ: Սակայն անկախ այն հանգամանքից, անմեղ էր թե մեղավոր Վահան կաթողիկոսը, բողոքներն ու մեղադրանքներն այնպիսի չափերի հասան, որ Աշոտ Գ թագավորը ստիպված եղավ Անի քաղաքում ժողով հրավիրել՝ հարցը քննելու համար:


Սակայն ի տարբերություն Հովհաննես Օվայեցի եւ Գեւորգ Գառնեցի կաթողիկոսների, որոնք բոլորովին չէին խուսափել նման քննությունից, Վահան Ա Սյունին չի վստահում քննության դրական ելքին եւ փախչում է Վասպուրական՝ ապավինելով Աբուսահլ թագավորի հովանավորությանը: Փախուստը բոլորի համար ակնառու փաստ դարձավ, եւ Անիի ժողովը, որին մասնակցեցին Արշարունյաց Խաչիկ եպիսկոպոսը, Կամրջաձորի վանահայր Պողիկարպոսը, Հոռոմոսի վանահայր Սարգիսը, Սեւանի վանահայր Ստեփանոսը եւ ուրիշ շատ եպիսկոպոսներ ու Եկեղեցու հայրեր, գտավ, որ մեղադրանքը հավաստի է եւ որոշեց նրան հալածել եւ աթոռընկեց անել: Սակայն ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ կաթողիկոսի փախուստը Վասպուրական եւ ոչ թե հայրենի Սյունիք, բավական կասկածելի է դարձնում մեղադրանքը, որովհետեւ ի տարբերություն Հայաստանի հյուսիսային եւ արեւելյան երկրամասերի, որտեղ քաղկեդոնականությունը ժամանակ առ ժամանակ իրեն զգալ էր տալիս, վերջինս գրեթե ազդեցություն չուներ Հայաստանի հարավային երկրամասերում, հետեւաբար հազիվ թե Արծրունյաց գահակալը ապաստան տար քաղկեդոնիկ հայացքների տեր կաթողիկոսին: Թերեւս ճիշտ է Մ. Օրմանյանը, երբ ենթադրում է, որ կրոնական շղարշի տակ, ըստ երեւույթին, քաղաքական խնդիրներ էին թաքնված, որոնց հետ կապված՝ թագավորի եւ կաթողիկոսի հակառակության ծնունդը ստիպել էր վերջինիս չվստահել քննությանը եւ փախչել:


Վահան Ա Սյունին, բացառությամբ Մ. Ուռհայեցու՝ բոլոր պատմիչների համաձայն, հովվապետել է ընդամենը մեկ տարի: Մ. Ուռհայեցին նրան վերագրում է հնգամյա աթոռակալություն, սակայն դա հեռու է ճշմարտությունից, եւ միայն Մ. Չամչյանն է դրան առաջնություն կամ նախապատվություն տվել: Ուռհայեցու «Ժամանակագրությունն» առանձնակի ճշտությամբ աչքի չի ընկնում, իսկ այս հարցում ընդհանրապես խոտելի է, քանի որ հեղինակի կարծիքով՝ Վահանը խաղաղության մեջ մահացել է որպես կաթողիկոս: Եվ ավելին. իբրեւ թե նրան հաջորդած Ստեփանոս կաթողիկոսն աթոռակալել է Վահանի հրամանով եւ օրհնությամբ: Վահան Ա Սյունին իրականում հովվապետել է մեկ տարի, եւ նրա հայրապետության հակառակություններով եւ ամբաստանություններով լեցուն կարճ ժամանակը նրան գործելու հնարավորություն չի տվել, որի հավաստումն է պատմիչների լռությունը: Սյունիքում նրան արքեպիսկոպոսական աթոռին փոխարինել էր Աշոտ անունով մի երեց, որը 17 տարի անց հրաժարվել էր պաշտոնից՝ հօգուտ իր որդու՝ Հովհաննեսի, եւ վերջինս վեց ու կես տարվա պաշտոնավարումից ու մահից հետո կրկին ստանձնել էր Սյունյաց արքեպիսկոպոսի աթոռը: Աշոտ արքեպիսկոպոսը մահացել էր հինգ ու կես տարի անց՝ 997 թվին՝ Սարգիս Սեւանցու օրոք: Վահանը մահացավ 972-ին եւ թաղվեց Ձորավանքում, որը նա դարձրել էր իր աթոռանիստը՝ փաստական կաթողիկոսություն վարելով Վասպուրականում: