ՀՈՎՀԱՆՆԵՍ Զ ՍՍԵՑԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ Զ ՍՍԵՑԻ

(1203-1220)


Հովհաննես Զ Սսեցու ընտրությամբ անձամբ զբաղվեց հայոց Լեւոն Ա թագավորը: Ըստ որում, Ապիրատի մարտի 14-ին մահանալը ցույց է տալիս, որ այդ նրա կողմից արվեց մինչեւ Անտիոք գնալը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին: Համենայն դեպս, բացառվում է Հովհաննես Զ Սսեցու ընտրությունը հայոց թագավորի՝ Անտիոքից վերադառնալուց հետո: Բոլորը համակերպվել էին այն մտքի հետ, որ Պահլավունիները փաստորեն արդեն ժառանգաբար (7 կաթողիկոս) հաստատվել են հայոց հայրապետական աթոռին, սակայն պարզվեց, որ Ապիրատի մահից հետո Պահլավունի տոհմից եպիսկոպոս չկար: Մ. Օրմանյանի պատկերավոր արտահայտությամբ՝ թերեւս այդ ազգատոհմում եկեղեցական փառասիրությունը մարել էր, իսկ Ապիրատ կաթողիկոսը չէր կարողացել իր տոհմից հերթական կաթողիկոսին պատրաստել:


Հրապարակի վրա սկսեց աշխուժանալ Սեբաստիայի Անանիա եպիսկոպոսը, որը սերում էր Մոկացիներից: Եռանդուն սկսեց գործել Սսի Հովհաննես եպիսկոպոսը, որը չնայած նրա հետ համագործակցել էր Քարավեժ կաթողիկոսին տապալելու խնդրում, սակայն միտք չուներ զիջելու կաթողիկոսության հարցում: Ըստ որում, նրա օգտին էր խոսում այն հանգամանքը, որ նա Հեթումյանների տոհմից էր՝ Կոստանդինի որդին, Օշինի թոռը: Իսկ հայտնի է, որ Հեթումյանները խնամական սերտ կապեր ունեին Պահլավունիների հետ: Սակայն, անշուշտ, ամենակարեւոր իրողությունն այն էր, որ նա վայելում էր Լեւոն արքայի մտերմությունը եւ նրա գործակիցն էր եղել շատ ու շատ հարցերում: Այս հանգամանքներն էլ էական դեր կատարեցին, որ Սսում թագավորի հրավիրած եկեղեցական ժողովը կաթողիկոս ընտրեց եւ ձեռնադրեց Սսի Հովհաննես եպիսկոպոսին: Թագավորի շնորհիվ Հովհաննեսը դարձավ հայոց հայրապետ, քանի որ լուրջ պայքար էր սկսվել կաթողիկոսական աթոռի համար տարբեր թեկնածուների կողմից: Հետեւաբար միանգամայն տեղին է ենթադրել, որ Ապիրատի մահից մինչեւ Հովհաննեսի ընտրությունը բավական ժամանակ անցավ:


Ժամանակակիցները նրան բնութագրում են որպես իմաստուն մեկի, արքայավայել հյուրասիրությամբ, խոնարհ սրտով, բայց նենգ, հոգեւոր գործերում անփույթ, առաքինության սիրահար, շինասեր, տան հարդարիչ եւ այլն: Ավելի ուշ էլ նրան բնութագրում են որպես արքայակերպ, առատասիրտ ու ողորմած անձնավորության՝ հեզ եւ խոնարհ բարքով, սակայն միաժամանակ նշում են, որ մեծամիտ էր ու հաղթասեր: Ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ դրական գնահատականների կողքին կան այնպիսիները, որոնք նրան լավ չեն բնութագրում. մասնավորապես նենգ բնավորությունը եւ հոգեւոր գործերում անփույթ լինելը: Մ. Օրմանյանը, հենվելով եղած տվյալների վրա, եզրակացնում է, որ Հովհաննես կաթողիկոսը եղել է ճարտար եւ ուսյալ անձնավորություն, որն իր նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրել: Հասկանալի է, որ ավելորդ է այդպիսի մարդու բարոյական նկարագրի մասին դատողություններ անելը, երբ վերջինս իր նպատակին հասնելու համար կարող էր դառնալ իրեն պիտանի մարդկանց կամակատարը, իսկ չհաջողելու դեպքում՝ լինել կամակոր եւ անգամ անկառավարելի: Այդ է ապացուցում Քարավեժի ձերբակալության գործում նրա կատարածը, իսկ կաթողիկոսանալուց հետո՝ անգամ Լեւոնին հակադրվելը: Պատմությունը նրան տվել է Մեծաբարո մականունը, որը, անշուշտ, խոսում է նրա որոշակի դրական կողմերի մասին: Սակայն նրան տրվել է նաեւ Խճկտոր մականունը՝ կապված Արքակաղնի վանքի հետ, որտեղ, թերեւս, նա վանահայր է եղել: Չնայած պետք է խոստովանել, որ Լեւոն Ա-ի թագադրության հանդեսի ժամանակ Արքակաղնի առաջնորդությունը հանձնվում է Դավթին, իսկ Հովհաննեսը հիշատակվում է Դրազարկի վանքի առաջնորդ: Հովհաննեսն արեւելյանների համակրանքը ձեռք բերելու համար կաթողիկոսանալուց հետո որոշակի չափավորություն է ցուցաբերել լատինասիրության հարցում եւ հանդես է եկել Հայոց Եկեղեցու հնավանդ սովորությունների պաշտպանությամբ:


Հետաքրքիր է նշել, որ Հովհաննես կաթողիկոսը փորձեց վերադարձնել եկեղեցական զարդերն իրենց նախկին վայելչությանը եւ անզարդությանը, ինչը հատկապես դուր չի եկել մեր աշխարհիկ պատմիչ Սմբատին: Վերջինս պարզորոշ գրում է, որ Շնորհալուց մնացած սրբությունների պահարանը՝ զարդարված ոսկով, արծաթով եւ թանկարժեք քարերով, որ Ապիրատ կաթողիկոսն ավելի էր շքեղացրել, Հովհաննեսը ջարդել տվեց: Նա նույն կերպ վարվեց նաեւ Շնորհալու հոր՝ Վասիլ իշխանի շինած ոսկեղեն խաչի հետ, հալել տվեց Գրիգոր Տղայի ձույլ ոսկի սուրբ նշանը՝ հանելով նրանից գոհարներն ու մարգարիտները: Չկամենալով այլեւս թվարկել, թե էլ ինչ եկեղեցական զարդեր ջարդել տվեց կաթողիկոսը, նշենք լոկ, որ դրանց ցանկը բավական մեծ էր: Դժվար է ասել՝ կաթողիկոսը կամենում էր ջարդել եկեղեցական այն հարուստ սպա՞սքը, որ հայերը պատրաստել էին լատինների սովորույթներին հետեւելով, թե՞ փորձում էր արեւելյաններին գործով ցույց տալ, որ ինքը հայկական սովորությունների ջատագով է: Նա հրամայում էր անզարդ սպասք գործածել, ինչը լայն տարածված էր Հայոց Եկեղեցու բուն հայաստանյան թեմերում: Մի բան հստակ է, որ նա այդ հարստությունները չէր յուրացնում եւ անտեղի չէր օգտագործում, քանի որ սպասքի զարդերը ջարդելու երեւույթի վրա դառնացած Սմբատ պատմիչը նրան նմանատիպ որեւէ մեղադրանք չի ներկայացնում: Կաթողիկոսն ամրացնում է Հռոմկլայի բերդը՝ անշուշտ դրա վրա ծախսելով եկեղեցական սպասքի հարստությունը:


Հովհաննես Զ-ի ընտրությունը մեծ հարված եղավ Անանիա Սեբաստացու համար, որն անգամ հրաժարվեց ճանաչել նրա ընտրությունը: Եթե գոյություն ունենար համահայկական պետություն, ապա նրա քայլը նրան շատ թանկ կարժենար: Սակայն Հայաստանը, բացառությամբ Կիլիկյան Հայաստանի, գտնվում էր տարբեր նվաճողների իշխանության ներքո, որոնք միայն խրախուսում էին հայերի եկեղեցական հակասությունները:


Չնայած Հռոմկլայի կաթողիկոսը կրում էր Ամենայն Հայոց տիտղոսը, սակայն հայության մեծամասնությունը նրա իշխանությունից գործնականում դուրս էր: Բուն Հայաստանի հարավային եւ հյուսիսարեւելյան մի շարք շրջանների վրա տարածվում էր Աղթամարի կաթողիկոսության հոգեւոր իշխանությունը, որին ենթարկվում էին անգամ Սյունյաց եպիսկոպոսները: Հայաստանի հյուսիսային մասը ենթարկվում էր Վրաց թագավորությանը, որտեղ Բարսեղ Անեցին նույնպես իրեն հռչակել էր կաթողիկոս: Մի նշանակալից հատված գտնվում էր Իկոնիայի կամ Ռումի սուլթանության իշխանության ներքո: Այս հատվածի նշանավոր կենտրոններն էին Կեսարիան եւ Սեբաստիան: Անանիա Սեբաստացին չհապաղեց օգտագործել այդ պարագան: Նա իր կողմը գրավեց այդ տարածաշրջանի հայ եպիսկոպոսներին, այնուհետեւ մեկնելով Ռումի սուլթանի մոտ՝ նրան կաշառեց ու միաժամանակ ցույց տվեց, որ իր կաթողիկոս հռչակվելով՝ նրա ենթակայության տակ գտնվող հայերը դուրս կգային Լեւոն Ա-ի ազդեցությունից: Հասկանալի է, որ դրանից հետո Անանիա Սեբաստացին, իր թիկունքում ունենալով սուլթանի աջակցությունը, իրեն կաթողիկոս հռչակեց Սեբաստիայում՝ կենտրոն դարձնելով Ս. Նշան վանքը: Փաստորեն, Հռոմկլայի օրինական կաթողիկոսության կողքին հանդես եկան եւս երեք կաթողիկոսություններ: Անանիա Սեբաստացու երկպառակտչական գործունեությանը մեծապես նպաստեցին, ինչ խոսք, Լեւոն Ա-ի կրած պարտությունները Ռումի սուլթանից: Հաշտությունից հետո Լեւոն Ա-ն, հասկանալի է, Անանիայի համար չփորձեց վատացնել իր հարաբերությունները Ռումի սուլթանի հետ, իսկ սուլթանին միանգամայն ձեռք էր տալիս Լեւոն Ա-ի ազդեցության թուլացումն իր տիրույթներում: Դժվար չէ ենթադրել, որ այդ բարդ իրադրության պայմաններում ո՛չ Հայոց թագավորությունը եւ ո՛չ էլ Հռոմկլայի կաթողիկոսությունը որեւէ քայլ չձեռնարկեցին Անանիա Սեբաստացու դեմ: Այսուհանդերձ, նայելով դարերի բարձունքից՝ կարելի է անվարան արձանագրել, որ ե՛ւ Բարսեղ Անեցին, ե՛ւ Անանիա Սեբաստացին, ինչպես նաեւ Աղթամարի կաթողիկոսներն ինքնակոչներ էին՝ լույս աշխարհ եկած Հայաստանի քաղաքական բարդ պայմանների պատճառով:


Լեւոն Ա-ն կաթողիկոսի ընտրությունից հետո ուղեւորվեց Անտիոք՝ պաշտպանելու Ռուբեն-Ռայմոնդի իրավունքներն Անտիոքի դքսության նկատմամբ, սակայն չնայած սկզբնական հաջողությանը՝ ձախողվեց իր պլաններում: Լեւոն Ա-ն փորձեց խնդիրը հանձնել պապի դատին, ուստի նա եւ Հայոց կաթողիկոսը նամակներ ուղարկեցին Ինովկենտիոս պապին, հայտնեցին իրենց հպատակությունը նրան եւ խնդրեցին Անտիոքի խնդիրը լուծել հօգուտ Ռուբենի: Երկուսն էլ խոստանում էին իրենց հնազանդությունը պապին եւ ընդունում էին Հռոմի Սուրբ Եկեղեցու պատիվը եւ պարտավորվում հինգ տարին մեկ անգամ կաթողիկոսական պատվիրակ (նվիրակ) ուղարկել Հռոմ: Իհարկե, սա չէր նշանակում, թե հայերը հռոմեադավան են դառնում: Ընդհակառակը՝ դա ժամանակավոր քայլ էր՝ քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ Հայոց կաթողիկոսը կամենում էր մասնակցել Հռոմեական Եկեղեցու ժողովներին եւ իր մասն ունենալ ընդունված որոշումների մեջ: Այլ խոսքով՝ կաթողիկոսի մտքով անգամ չէր անցնում լիովին հնազանդվել Հռոմի պապին: Ավելին՝ նամակները ցույց են տալիս, որ Հայոց կաթողիկոսը շատ հստակ պաշտպանում էր Հայոց Եկեղեցու ինքնությունը:


Դժվար է ասել, թե հայոց թագավորի եւ կաթողիկոսի նամակներն ինչ ազդեցություն ունեցան Հռոմի պապի վրա, սակայն Անտիոքի խնդիրը գորդյան հանգույց դարձավ Կիլիկյան Հայաստանի համար: Վիճակը շատ բարդ էր: Մի կողմից՝ շատ տարտամ էին գործում պապի նվիրակները, մյուս կողմից՝ երկփեղկված էին խաչակիրները, եւ այդ թվում՝ Անտիոքի բնակչությունը: Հյուրընկալների ասպետական միաբանությունը պաշտպանում էր Ռուբեն-Ռայմոնդին, տաճարականները՝ Բոհեմունդին: Պապական պատվիրակներից Պետրոս կարդինալը բացահայտ բռնեց Բոհեմունդի կողմը եւ հանդգնեց անգամ բանադրել հայերին եկեղեցական ժողովի միջոցով, որը, սակայն, հերքվեց եւ մերժվեց Հայոց Եկեղեցու ժողովի կողմից:


Ինովկենտիոս պապին Հայոց կաթողիկոսն անգամ գանգատագիր ուղարկեց, թե ընդունելով Հռոմի Եկեղեցու մայր լինելը՝ հայերն ուզում էին կաթ ընդունել այնտեղից եւ ոչ թե լեղի: Վճռական քայլեր ձեռնարկեց նաեւ Լեւոն Ա-ն: Այս ամենն սկսեց լրջորեն անհանգստացնել նաեւ պապին, եւ բնական էր, որ նրա մեկ այլ նվիրակ կարդինալ Սոփրետոսը, գալով Արեւելք, մեղմեց վիճակը, բանադրանքը վերացրեց եւ փորձեց Պտղոմայիսում գումարված եկեղեցական ժողովում հաշտություն կայացնել: Ժողովին հայերի կողմից մասնակցեց Կոստանդ Կամարտիասը, որն ազգական էր ե՛ւ հայոց թագավորին, ե՛ւ կաթողիկոսին: Բանակցությունները փակուղի մտան: Նոր քննիչների գալը, որ կատարվել էր հայոց թագավորի պահանջով, վիճակը չփարատեց:


Ո՛չ հայոց թագավորը եւ ո՛չ էլ Բոհեմունդը զիջելու տրամադիր չէին: Բանն այնտեղ հասավ, որ Բոհեմունդն իրեն Կոստանդնուպոլսում հաստատված Լատինական կայսրության հպատակ հռչակեց: Լեւոնն էլ, օժանդակություն չստանալով պապից, զենքի ուժով հեշտությամբ գրավեց Անտիոքը եւ Ռուբեն-Ռայմոնդին գահ բարձրացրեց, որն ուրախությամբ ընդունվեց Անտիոքի լատին պատրիարքի եւ ժողովրդի կողմից: Սակայն կրկին ուժեղացած Բոհեմունդը վերստին տիրեց Անտիոքին եւ սկսեց հալածել Ռուբեն-Ռայմոնդի կողմնակիցներին: Ռուբեն-Ռայմոնդը մի կերպ փրկվեց՝ փախչելով Կիլիկիա: Կռիվները շարունակվեցին: Լեւոնի նոր պատվիրակությունը Հռոմի պապին հայտնեց, որ հայոց թագավորը պատրաստ է կռվել Երուսաղեմի ազատագրության համար, եթե իրեն գոհացում տրվի:


Հարաբերությունները սառեցին հայոց թագավորի եւ կաթողիկոսի միջեւ: 1205 թվին նրանք հանդիպեցին, եւ կաթողիկոսն ինչ-ինչ բամբասանքներ հաղորդեց թագավորին՝ նրա անտիոքացի թագուհու մասին: Դրա վրա խիստ զայրացած թագավորը թագուհու հետ եկածներից շատերին սպանել տվեց եւ անհավատարիմ թագուհուն խիստ ծեծի ենթարկեց: Լեւոնը, զիջելով իր մորեղբորորդուն, թագուհուն մահապատժի չենթարկեց, բայց նետեց Վահկա բանտը: Սրվեցին կաթողիկոսի եւ թագավորի հարաբերությունները: Բանն այնտեղ հասավ, որ հայ պատմիչները նրան համարում են թագավորից ապստամբ: Ցավոք, պատմությունը լռում է պատճառների մասին: Թերեւս, թագավորը կասկածեց Կամարտիասների հավատարմությանը եւ նրանց ձերբակալեց: Իր հերթին կաթողիկոսն էլ պահանջել է իր քեռայրի եւ քեռորդիների ազատությունը, սակայն լոկ արժանացել է թագավորի կասկածանքին: Դրանից հետո կաթողիկոսը զայրացած քաշվել է Հռոմկլա եւ հրաժարվել է օգնել թագավորին իր ձեռնարկներում:


Սակայն Լեւոնն էլ հեշտ զիջողներից չէր: Կամարտիասներին նա բանտից չազատեց եւ ընդհակառակը՝ փորձեց կաթողիկոսական աթոռ բարձրացնել Արքակաղնի վանքի առաջնորդ Դավթին, որը նաեւ Մամեստիայի արքեպիսկոպոսն էր: Այդ տեղի ունեցավ 1207 թվին: Սակայն Դավթի մահից հետո Հովհաննեսը կրկին հայրապետ է հիշվում: Իրավացի է Մ. Օրմանյանը, որ Հովհաննեսը կաթողիկոսությունից չհրաժարվեց, նրան մեղադրանք չներկայացվեց, եւ քննություն չեղավ: Ժողովական վճիռ չարձակվեց, հետեւաբար Հովհաննեսի կաթողիկոսությունը շարունակվեց: Իրականությունն այն էր, որ Դավիթը հակաթոռ կաթողիկոս հռչակվեց Սսում, այլ խոսքով՝ օրինականության առումով նրա հոգեւոր իշխանությունն ավելի օրինական չէր, քան Անանիա Սեբաստացունը կամ Բարսեղ Անեցունը: Կիրակոս Գանձակեցու տեղեկություններից դժվար չէ տեսնել, որ հայությունը շարունակում էր Հովհաննեսին ընդունել որպես Ամենայն Հայոց կաթողիկոս:


Այս օրերին տեղի ունեցավ մի իրադարձություն, որ գրավեց Հայոց Եկեղեցու ուշադրությունը: Զաքարե Զաքարյանը, որ հակառակ վրացադավան դարձած իր եղբայր Իվանեի, մնում էր համոզված հայադավան, ներքին ցավ էր զգում, որ արեւելյանների ոճին հետեւելով՝ ստիպված էր անշուք ու անպաճույճ ծիսակատարություններ պահպանել: Պատճառը Վրաց Եկեղեցու շքեղությունն էր եւ զարդերի նկատմամբ հակումը: Իրեն ցավ էր պատճառում, որ վրացիները նախատում են հայերին, թե քաղաքից դուրս եւ բանակում պատարագի եւ հաղորդման միջոց չունեն, տոնական օրերն անորոշ են, եւ ամսաթվերը՝ անհաստատուն: Զաքարե Զաքարյանը, որ միտք չուներ լքելու հայոց դավանանքը, կամենում էր իմանալ, թե արդյո՞ք հնարավոր չէ այդ հարցերում որոշ փոփոխություններ կատարել Հայոց Եկեղեցու ծիսակարգում: Չպետք է միամիտ լինել կարծելու համար, թե նրան հայտնի չէին Կիլիկիայում տեղի ունեցած փոփոխություններն այդ խնդիրներում, որոնք գնալով ավելի էին ծավալվում: Սանահնի եւ Հաղպատի հոգեւորականությունը Գրիգոր Տուտեորդու եւ Դավիթ Քոբայրեցու գլխավորությամբ շարունակում էր համառ դիմադրել այդ փոփոխություններին, իսկ Բարսեղ Անեցին չի հանդգնում նրանց դեմ հանդես գալ: Ուստի իր հարցի պատասխանն ստանալու համար Զաքարեն դիմում է Գետիկի վանքի առաջնորդ Մխիթար վարդապետին՝ Մխիթար Գոշին:


Վերջինիս պաշտոնական դիրքը շատ բարձր չէր, սակայն նրա գիտունությունը նրան մեծ հռչակ էր բերել արեւելյանների շրջանում: Նա աշակերտել էր Հովհաննես Տավուշեցի վարդապետին, այնուհետեւ ուսումը լրացրել էր՝ շրջելով արեւելյան եւ արեւմտյան վանքերում, մասնավորապես՝ Կիլիկիայի Սեւ լեռան վանքերում, եւ այնուհետեւ վերադարձել էր Հայոց արեւելից կողմերը՝ ձեռք բերելով Խաչենի Վախթանգ իշխանի հովանավորությունը: Վերջինիս եւ այսպես կոչված՝ Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի խնդրանքով 1184 թվին ձեռնարկում է հայոց դատաստանագրքի ստեղծմանը: Կյանքի վերջին շրջանն անցկացրեց Գետիկի վանքում, որը նրա անունով՝ ավելի հայտնի է Գոշավանք:


Մխիթար Գոշը եւ իր կողմնակից վարդապետները պատասխանում են Զաքարե սպարապետին, որ շարժական սեղան եւ վրանի մեջ պատարագ հայերը եւս ունեցել են ե՛ւ Տրդատ Մեծի օրերում, ե՛ւ Վարդանանց պատերազմի ժամանակ: Ստանալով նման բացատրություն՝ Զաքարեն հետեւցնում է, որ ինքը եւս կարող է իր հետ պատարագի սեղան ու վրան ունենալ եւ հետն էլ քահանաներ, սակայն Մխիթար Գոշը զգուշացնում է, որ այդ սովորությունը վերականգնելու համար անհրաժեշտ է կաթողիկոսի թույլտվությունը, ուստի պետք է դիմել Հովհաննես կաթողիկոսին:


Զաքարեն այդպես էլ վարվեց՝ նամակ գրելով Լեւոն թագավորին եւ դեսպաններ ուղարկելով Հովհաննես կաթողիկոսի մոտ: Հայոց եւ վրաց սպարապետի՝ Հովհաննես կաթողիկոսին դեսպաններ ուղարկելը պարզորոշ ցույց է տալիս, որ անգամ արեւելյանների շրջանում անսասան էր Հովհաննես Սսեցու կաթողիկոսության օրինականությունը: Սակայն Լեւոն արքան որոշեց այդ հարցը քննության առնել Սսում հատուկ գումարված եկեղեցական ժողովում: Ժողովը որոշեց, որ պատարագը պետք է մատուցել դպիրների եւ սարկավագների սպասավորությամբ, որի տակ հասկացվում էր շարժական սեղանի կիրառությունը, ինչը գլխավոր խնդիրն էր: Ավետման օրը սահմանվում էր ապրիլի 6-ին, Վերափոխման օրը՝ օգոստոսի 15-ին, Խաչվերացը՝ սեպտեմբերի 14-ին: Սբ Ծնունդի մասին ոչինչ չէր ասվում, քանի որ այն վաղուց դրված էր հունվարի 6-ին: Չխորանալով այլեւս մյուս մանրամասների մեջ՝ լոկ նշենք, որ ժողովի որոշումները պարզապես ուղարկվեցին Զաքարեին՝ թագավորի եւ Դավիթ կաթողիկոսի ստորագրությամբ: Լեւոնը հիանալի էր գիտակցում իր արածի կարեւորությունը, որը նպատակ ուներ բարձրացնել իր անձը եւ գերակշռություն տալ իր ընտրած կաթողիկոսին: Սակայն Հովհաննես Մեծաբարո կաթողիկոսը շատ հստակ արտոնեց խորանաձեւ վրանի կիրառությունը եւ այդպիսին ընծայաբերեց Զաքարեին՝ հավելելով բանակում պատարագի բոլոր պետքերը: Նրա նվերների մեջ էին գմբեթազարդ եկեղեցաձեւ վրան, մարմարյա սեղան, պատարագի սպասք:


Այսպիսով՝ Զաքարեն ստացավ կաթողիկոսից այն, ինչին ձգտում էր: Պատասխանը եւ ընծաները բերեց Մինաս եպիսկոպոսը 1208 թվին: Իր հերթին Զաքարեն Լոռիում ժողով գումարեց՝ դրան հանդիսավոր տեսք տալու համար: Ժողովին մասնակցեցին Հաղպատի, Անիի, Բջնիի, Դվինի, Կարսի եպիսկոպոսները, Մխիթար Գոշը Գետիկի վանքից, Սանահնի վանահայր Հովհաննեսը, Գրիգոր Մոնմոնիկը Կեչառիսի վանքից, Տուրքիկը Թեղենյաց վանքից, Եղիան Հավուցթառից, Սարգիսը Սեւանի վանքից եւ Գրիգոր Դվնեցին: Շատերը չուզեցին մասնակցել ժողովին, շատերին էլ Զաքարեն բռնությամբ պահեց: Հաղպատի եպիսկոպոսն այդ ժամանակ Գրիգոր Տուտեորդին էր, որը Զաքարեի քեռորդին էր:


Զաքարեն, ձեռքի տակ ունենալով Կիլիկիայից եկած որոշումները, սկսեց ուժով գործադրել դրանք՝ կանգ չառնելով ո՛չ իր իշխանության չարաշահման եւ ո՛չ էլ բռնություններ կիրառելու առաջ: Ծնունդ առան կռիվներ, անմիաբանություն, ատելություն, տրտմություն: Զաքարեն այնքան հեռուն գնաց, որ փորձեց հիշյալ որոշումները կիրառել արեւելյանների կենտրոն Հաղպատի վանքում եւ այդ նպատակով ուղարկեց Մինաս եպիսկոպոսին՝ իր պաշտոնակիցներով եւ եկեղեցական սպասքով, սակայն Տուտեորդին հոգեւորականների կողմից ղեկավարվող մարդիկ ուղարկեց, որոնք եկվորներին բրածեծ, իսկ բեռնակիր ջորիները գահավեժ արեցին, Մինասն էլ այնպիսի ծեծի ենթարկվեց, որ նրան պատգարակով տարան Զաքարեի մոտ: Հասկանալի է, որ սպասքը ջարդեցին եւ ցրիվ տվեցին, ինչն առաջ բերեց Զաքարեի զայրույթը: Եղածը համարելով իր համար անձնական վիրավորանք՝ նա որոշեց վրեժ լուծել: Տուտեորդին հրաշքով փրկվեց եւ ապավինեց Գետիկի վանքում՝ Մխիթար Գոշի մոտ, որին Զաքարեն մեծապես հարգում էր: Գոշի միջնորդությամբ նրան չձերբակալեցին, սակայն Զաքարեն նրան ձերբակալեց Կեչառիսի վանքում եւ բանտ նետեց, երբ նա պատրաստվում էր նոր գործողությունների: Հաղպատի աթոռը հանձնվեց ոմն Հովհաննեսի, որը մինչ այդ հեռացել էր Խաչեն: Սա հավանաբար Զաքարեի դաստիարակ Հովհաննեսն էր, որը եղել էր Սանահնի վանքի առաջնորդը: Նա աչքի ընկավ Հաղպատում կատարած շինարարական գործունեությամբ:


Հակառակ Զաքարեի ցանկության՝ դիմադրությունը գնալով լայն չափեր ընդունեց: Կիլիկիայից եկած որոշումները դիտվում են որպես օտարամուտ երեւույթ: Այլեւս ուրիշ ելք չտեսնելով, երբ իր բռնությունները հարկավոր արդյունքը չտվեցին, Զաքարեն եկեղեցական ժողով գումարեց Անի քաղաքում: Շատերը մասնակցեցին դրան, եւ միայն Մխիթար Գոշը, պատճառաբանելով իր տկարությունը, չներկայացավ՝ հայտարարելով, որ ինքը համաձայն կլինի ընդունված ցանկացած որոշման: Սակայն ժողովականները, շատ լավ իմանալով, թե ինչ ազդեցություն ունի Զաքարեի վրա Գոշը, պահանջեցին Մխիթար Գոշի ներկայությունը, թե անհնարին է առանց նրա որեւէ որոշում ընդունելը: Զաքարեն գտնում էր, որ Գոշի հավանությունը նախապես առնված է, ուստի պահանջեց, որ ժողովն սկսի իր աշխատանքները: Սակայն ժողովականները հրաժարվեցին առանց Գոշի աշխատել, ուստի Զաքարեն խնդրեց վերջինիս գալ մասնակցել ժողովին:


Մխիթար Գոշն ի վերջո համոզվեց, եւ չնայած ձմեռ էր, 1208 թ. դեկտեմբերին՝ թերեւս վերջերին, ուղեւորվեց Անի: Այստեղ վիճակը ծանր էր: Ժողովականների կեսը կողմ էր Կիլիկիայից եկած որոշումները ճանաչելուն, իսկ մյուս կեսն ընդդիմանում էր դրան: Ժողովականները կամենում էին, որ Մխիթար Գոշը հանդիպի իրենց մինչեւ Զաքարեին ներկայանալը: Սակայն Զաքարեն կանխեց ժողովականներին, եւ Ներսես վարդապետ Կեչառեցին, որ ուղարկված էր ժողովականների կողմից, միայն կարողացավ նրանց կամքը փոխանցել Գոշին: Վերջինս հայտնվեց փափուկ կացության մեջ: Ժամանակին ինքն էր հուշել Զաքարեին, որ հայոց մեջ հնում եղել էր այդ սովորույթը, ուստի չէր կարող հանդես գալ Կիլիկիայից եկած որոշումների դեմ, սակայն չէր էլ կարող ստիպել արեւելյաններին ընդունել, որ նրանք հրաժարվեն հնօրյա սովորություններից: Ժողովականների նշանակալից մասը հակված էր կարծելու, որ որոշումներն օտարների ճնշման տակ են ընդունվել: Գոշը պաշտպանեց Զաքարեի դիրքորոշումը՝ առաջ բերելով ընդդիմադիրների զայրույթը, որոնք սկսեցին նրան բամբասել, թե քաջալերում է Զաքարեին: Իր վարվելակերպը Գոշն արդարացնում էր նրանով, որ չի կամենում, որ Զաքարեն վրացադավան դառնա իր եղբոր պես, եւ վերջապես ինչպես կարող է ինքը հակադրվել Կիլիկիայից եկած որոշումներին: Նա միայն փորձում է Զաքարեին համոզել, որ ընդդիմադիրները Եկեղեցուց չհեռացվեն եւ պահեն իրենց պաշտոնները: Սակայն Զաքարեն, առանց Գոշին տեղյակ պահելու, ընդդիմադիրների ղեկավարներին զրկեց պաշտոններից: Գոշը, լուր առնելով այդ մասին, ուժգնորեն միջնորդեց, եւ նրանցից շատերը վերադարձան իրենց վիճակները: Եկեղեցական ժողովը ոչնչի չհանգեց: Զաքարեն արեց՝ ինչ կամենում էր, իսկ հոգեւորականները շարունակեցին ըստ հնավանդ սովորության առաջնորդվել:


Վերադառնանք կրկին Կիլիկիա, որտեղ Անտիոքի խնդիրն ամբողջ ուժով քաղաքական ասպարեզ էր նետվել: Լեւոն արքան շարունակում էր բոլոր հնարավոր միջոցներով իր որդեգրած Ռուբեն-Ռայմոնդին հանձնել Անտիոքի իշխանությունը: Ռուբեն-Ռայմոնդին որդեգրելով՝ Լեւոն արքան, փաստորեն, Կիլիկիայի Հայոց թագավորությանն էր միացնում Անտիոքի դքսությունը: Իսկ այդ միացյալ պետությունն ի վիճակի կլիներ ազատագրելու բուն Հայաստանը: Վրաց թագավորությունը դրան հակառակվել չէր կարողանա, քանի որ նրա հզորության հիմքը հենց հայերն էին:


1209 թ., երբ Ռուբեն-Ռայմոնդն ընդամենը 12 տարեկան էր, վերջինս պաշտոնապես հռչակվեց թագաժառանգ: Նույնիսկ փորձ արվեց Հայնրիխ Զ-ին հաջորդած Օթոն Դ կայսերը դիմել եւ թագավորական թագ խնդրել Ռուբեն-Ռայմոնդի համար, ինչը կատարվեց 1211 թվի օգոստոսի 15-ին: Այդ նույն տարում Լեւոնը երկրորդ անգամ ամուսնացավ Կիպրոսի թագավոր Հուգոնի քրոջ հետ, որը հանգուցյալ Ամորի Լուսինյանի դուստրն էր եւ Զաբել անունն էր կրում: Դրանով Լեւոնը քենեկալ դարձավ Բոհեմունդ Տրիպոլսեցու հետ, որը Զաբելի քույր Միլիսենտի հետ էր ամուսնացած: Լեւոնի հարսանիքը, որոշ տվյալների համաձայն, եղավ Սսում, այլ տվյալներով՝ Լեւոնը դրա համար գնաց Կիպրոս: Դատելով Կիրակոս Գանձակեցու տվյալներից՝ ամուսնությունը քաղաքական բնույթ էր կրում, սակայն պատմիչը թագավորին մեղադրում է նաեւ իգասիրության մեջ, ինչը ճիշտ չէր, քանի որ Հայոց արքան, իր անհավատարիմ կնոջը Վահկա բանտը նետելով 1205-ին, նոր ամուսնություն կնքեց միայն 5 տարի անց: Չի բացառվում, որ այդ ընթացքում նրա կինն արդեն մահացած լիներ: Թագավորի առաջնեկը եղավ Զաբելը, որը ծնվեց 1215-ին: Լեւոնի առաջին կնոջից ծնված Ռիթա անունով դուստրը, որին Լեւոնը հանձնել էր իր մայր Ռիթայի խնամքին, 1215 թվին կնության տրվեց Ժան դը Բրիենին, որն անվանապես կրում էր Երուսաղեմի թագավորի տիտղոսը:


Մոտավորապես այդ ժամանակներում մահացավ Դավիթ Արքակաղնեցի անվանական կաթողիկոսը, մինչ այդ մահացել էին Բարսեղ Անեցին եւ Անանիա Սեբաստացին: Զաքարեն չթույլատրեց, որ Բարսեղ Անեցուն որեւէ մեկը հաջորդի, որ արեւելյանները չուժեղանան, սակայն օբյեկտիվորեն դրանով օգնեց Հովհաննես կաթողիկոսի դիրքի ամրապնդմանը: Լեւոնն էլ Դավիթից հետո որեւէ մեկին կաթողիկոս չդարձրեց, եւ թագավորի ու կաթողիկոսի հարաբերություններն սկսեցին նորմալանալ: Դրան նպաստեց այն իրողությունը, որ կաթողիկոսը եւս հրաժարվեց իր ինչ-ինչ հավակնություններից, առավել եւս, որ նրանց թշնամանալու պատճառ ծառայած քեռայր Հեռիի եւ քեռորդի Կոստանդի բանտարկությունն ավարտվել էր վերջիններիս մահով: Հեղի Լամբրոնացին, որ ծառայություններ էր մատուցել Լեւոն արքային, Ռուբեն-Ռայմոնդի համար թագ բերելուց հետո կարողացավ նրանց հաշտեցնել: Լեւոնը բանտից ազատեց Ջոսլին եւ Բոլդվին Կամարտիասներին, եւ հաշտությունը կայացավ: Թագավորը Հովհաննեսին վերադարձրեց հայրապետական կալվածքների հասույթները, իսկ Ռուբեն-Ռայմոնդի թագաժառանգական օրհնության հանդեսը կատարեց հայոց հայրապետը:


Տեսնելով, որ Եվրոպայից օգնություն չկա՝ Լեւոն արքան կրկին փորձեց ուժով լուծել Անտիոքի խնդիրը: Շատ լատին կրոնավորներ հալածվեցին կամ երկրից դուրս վտարվեցին, որի համար հայոց արքան բանադրվեց Հռոմի պապ Ինովկենտիոսի կողմից 1211 թվին: Հայոց արքան եւ կաթողիկոսը դրան բանի տեղ չդրեցին եւ 1212 թվի հունվարի 6-ին խաչակիր իշխանների մասնակցությամբ արտասովոր շքեղությամբ նշեցին ջրօրհնեքը: 1212 թվին արշավանք ձեռնարկվեց Անտիոքի դեմ, եւ վերջինս հանձնվեց Ռուբեն-Ռայմոնդին: Խաչակիր իշխաններին վերադարձվեցին բռնագրավված դղյակները, երկրի նավահանգիստները բացվեցին Վենետիկի եւ Ջենովայի առեւտրականների առջեւ, որին որպես պատասխան՝ Հռոմի պապն էլ վերացրեց իր բանադրանքը, քանի որ նրա նպատակը Երուսաղեմի ազատագրության գործի մեջ Լեւոնին ներգրավելն էր: Պապն այդ նպատակով Լատերանում ժողով հրավիրեց, որին հրավիրվեց նաեւ հայոց Հովհաննես կաթողիկոսը: Լատերանի ժողովին, որը տեղի ունեցավ 1215 թ. նոյեմբերի 11-ին, մասնակցեցին 71 արքեպիսկոպոս, 412 եպիսկոպոս եւ 800 վանահայր ու վարդապետ, սակայն հայերի մասնակցության մասին տեղեկություններ չկան: Թերեւս դա պետք է բացատրել այն իրողությամբ, որ Բոհեմունդը կրկին տիրացավ Անտիոքին, երբ Լեւոնի զորքերը հեռացան քաղաքից:


Նշված ժամանակներում Զաքարեն մեծ արշավանք ձեռնարկեց մահմեդական իշխանների դեմ՝ գրավելով Մարանդը, Արդաբիլը: Արշավանքը կատարված էր որպես պատասխան՝ մահմեդականների դեպի Նախճավան կատարված արշավանքի, եւ քանի որ այլադավանները մորթել էին հայ քահանաներին, Զաքարեն կարգադրեց Արդաբիլի մզկիթում ապավինած մեծամեծներին այրել եւ հոգեւորականներին մորթել: Շատ չանցած՝ 1212 թ., Զաքարեն մահացավ եւ թաղվեց Սանահնի վանքում: Նա իրեն հաջորդ թողեց Շահնշահին, որի խնամակալությունը վերցրին նրա հորեղբայր Իվանեն եւ նրա կին Խոշաքը:
1213 թ. մահացավ Մխիթար Գոշը Նոր Գետիկի վանքում: Մոտավորապես այդ ժամանակներում մահացավ նաեւ Գրիգոր Տուտեորդին, որը երկար ժամանակ եղել էր արեւելյանների հոգեւոր առաջնորդը՝ շնորհիվ իր կատարյալ կանոնապահության եւ համառ գործելակերպի: Թերեւս նրա բանտարկությունը տեղի է ունենում երկրի վանքերից մեկում, որտեղ էլ նա մահացավ: Այդ շրջանի վերաբերյալ պատմությունը հիշատակներ չի պահպանել:


Մինչ տեղի էին ունենում այս դեպքերը, Լեւոնը շարունակում էր համառորեն պայքարել Անտիոքի համար: 1215-ին Անտիոքը Հայոց թագավորի ձեռքում էր, սակայն 1216-ին նա կրկին արշավում է Անտիոքը գրավելու համար: Քաղաքը նա գրավեց դավադրությամբ՝ կաշառելով իշխաններից ոմանց, որոնք գիշերը դարպասները բացելով՝ հայոց զորքը թողեցին քաղաք: Ռուբեն-Ռայմոնդն այս անգամ իշխեց մինչեւ 1219 թիվը: 1217 թվին ձեռնարկվեց Խաչակրաց հինգերորդ արշավանքը, որի մասնակիցներն ակնկալում էին Լեւոն արքայի օգնությունը: Արշավանքը գլխավորում էր Հունգարիայի թագավոր Անդրեաս Բ-ն, որին որպես օգնական՝ տրված էր Ժան դը Բրիենը՝ Երուսաղեմի անվանական թագավորը: Լեւոնը նրանց հուսախաբ չարեց եւ անգամ մինչեւ Պտղոմայիս գնաց, սակայն արշավանքը ձախողվեց: Հունգարական թագավոր Անդրեասը որոշեց վերադառնալ Եվրոպա Կիլիկիայի վրայով, եւ Լեւոն արքան նրան ընկերացավ: Նա հունգարական թագավորին հյուրընկալեց Սսում, եւ նրանց միջեւ խնամախոսության ակտ հաստատվեց: Դրան նպաստեց այն հանգամանքը, որ Ռուբեն-Ռայմոնդը, հաստատվելով Անտիոքում, մեծամտացավ եւ սկսեց հոխորտալ Հայոց արքայի դեմ: Վերջինս էլ իր հերթին նրան զրկեց թագաժառանգության իրավունքից, որը փոխանցվեց իր Զաբել դստերը, որն այդ ժամանակ ընդամենը 2 տարեկան էր: Լեւոնը համաձայնվեց Զաբելին կնության տալ Անդրեաս թագավորի որդի Անդրեասին՝ պայմանով, որ նա Հայոց թագավոր դառնա, եթե անգամ Զաբելը վաղաժամ մեռնի: Այդ մասին տեղյակ պահվեց Հռոմի պապին, որն իր՝ 1219 թ. մարտի 4-ի կոնդակով դրան հավանություն տվեց: Լեւոնը շարունակում էր իր դիվանագիտական խաղը՝ կամենալով բարի համբավ ձեռք բերել Եվրոպայի աչքում եւ միաժամանակ լուծել պետության առջեւ կանգնած խնդիրները:


Լեւոն արքայի եւ կաթողիկոսի հարաբերություններն այն աստիճանի կարգավորվեցին, որ Հովհաննես հայրապետը, թողնելով Հռոմկլան, հաստատվեց Դրազարկի վանքում, թերեւս, 1218 թվին, երբ թագավորը ծանր հիվանդ էր: 1219 թվին Բոհեմունդն Անտիոքից վտարեց Լեւոնի օգնությունից զրկված Ռուբեն-Ռայմոնդին: Վերջինս դիմեց Լեւոնի օգնությանը, սակայն Լեւոնը նրանից երես թեքեց: Լեւոնին այդ ժամանակ հետաքրքրում էր միայն իր արքայատոհմի հաջողությունը: Զաբելն այդ ժամանակ ընդամենը 5 տարեկան էր: Թագավորը նրա խնամակալներ հաստատեց Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին, իր մորեղբայր Վասակի որդի Կոստանդին սպարապետին եւ Սիր-Ադան քաղկեդոնիկ իշխանին: Լեւոնը երդվեցնում է իշխաններին, որ նրանք հավատարմորեն ծառայեն իր ժառանգին: 1219 թ. ապրիլի 7-ին թագավորը Սսից մեկնում է Ակներ, սակայն ճանապարհին մայիսի 2-ին մահացավ Մրվանտ կամ Մավռիան գյուղից ոչ շատ հեռու՝ Գրիգոր Սկեւռացի վարդապետից ընդունելով հոգեւոր մխիթարություն: Թագավորի սիրտն ու փորոտիքը թաղեցին Ակների վանքում, իսկ մարմինը՝ Սիս մայրաքաղաքում: Հուղարկավորությունը կատարեց Հովհաննես կաթողիկոսը:


Զաբելի խնամակալներից Սիր-Ադանն սպանվեց Հաշիշայինների կամ Ասասինների կողմից: Կյանքից հեռացավ մի մարդ, որը միտք ուներ տիրանալ թագավորական իշխանությանը: Պետության իշխանությունն իրենց ուսերին վերցրին կաթողիկոսը եւ Կոստանդինը: Շուտով լուր ստացվեց, որ հունգարական թագավոր Անդրեասը որոշել է ետ կանգնել իր որդուն Զաբելի հետ ամուսնացնելուց: Պատճառը հայտնի չէ, սակայն, թերեւս, ճիշտ է Մ. Օրմանյանը, թե Հայոց գահ բարձրանալու պայմանը՝ մկրտվել հայոց դավանությամբ, ընդունելի չէր եղել Հունգարիայի ավագանու եւ հոգեւորականության համար: Ժան դը Բրիենը 1220 թվին փորձ արեց տիրանալ Հայոց թագավորությանը՝ որպես Լեւոնի ավագ դստեր՝ Ռիթայի ամուսին, սակայն գործը փչացրեց՝ սպանելով իր կնոջը: Թագավորության ժառանգորդների նոր թեկնածուներ հայտնվեցին. Կոռիկոսի տեր Վահրամը, որ կամենում էր ամուսնանալ Ռուբեն-Ռայմոնդի մոր՝ Ալիծի հետ, Սարվանդիքարի տեր Ջոֆրեն, որ փորձեց ամուսնանալ Լեւոնի այրու՝ Սիպիլի կամ Զաբելի հետ:


Թագավորությանը փորձեց տիրանալ Ռուբեն-Ռայմոնդը, որ նախկինում անգամ թագաժառանգ էր հռչակվել: Նրան պաշտպանեցին Կապանի տեր Լեւոնը եւ Մազվա տեր Սահակը, որոնք նրա հետ միասին ամրացան Տարսոնում: Կոստանդին սպարապետը Տարսոնը գրավեց եւ Ռուբեն-Ռայմոնդին ու նրա դաշնակիցներին բանտ նետեց, որտեղ նրանք մահացան: Զաբելի իրավունքները պահպանվեցին:


Խնամակալներից Հովհաննես կաթողիկոսը վախճանվեց դեռ մինչեւ Տարսոնի գրավելը: Ըստ որում, հայտնի չէ՝ մահը եղավ Տարսոնի՞ մոտ, թե՞ Սսում: Նրա մարմինը հողին հանձնվեց Դրազարկի վանքում 1220 թվին:


Նա այն նշանավոր կաթողիկոսներից էր, որ երբեք լատինասեր չեղավ: Չստրկացավ Լեւոն արքայի առաջ եւ չվնասելով նրան երբեք՝ պատրաստ եղավ բանական զիջողությունների: Այնքան մեծ էր նրա հմայքը, որ երբ հակաթոռ կաթողիկոսները մահացան, ոչ մեկը չփորձեց նրանց հաջորդել: Իր անաչառ բարքի պատճառով Լեւոն արքան հարմար գտավ նրան դարձնել իր ժառանգի խնամակալը: Նրա խղճին է մնում միայն Քարավեժ կաթողիկոսին ձերբակալելու եւ սպանելու մեղքը:


Հովհաննես կաթողիկոսի օրոք իրենց գիտականությամբ փայլեցին Գրիգոր Տուտեորդին, Մխիթար Գոշը, Դավիթ Քոբայրեցին, Վարդան Հաղպատեցին, Իգնատիոս Հաղպատեցին, Հովհաննես Սանահնեցին, Գրիգոր Մոնմոնիկը, Տուրքիկ Թեղենացին, Եղիա Հավուցթառեցին, Սարգիս Սեւանցին, Գրիգոր Դվնեցին, Հովհաննես Տավուշեցին, Ներսես Կեչառեցին եւ ուրիշներ: Բազմաթիվ աշակերտներ թողեց Մխիթար Գոշը: Նրանց մեջ հատկապես հռչակվեցին Թորոս Մելիտենացին, Հովհաննես Վանականը, Մարտիրոս Գետկացին, Կիրակոս Գանձակեցին, Աստվածատուր Արճիշեցին, Գեւորգ Կարենացին, Գեւորգ Տիրացուն եւ Ստեփանոս Տերհուսկանորդին:


Այս շրջանում եղավ Թեոդորոս Կեսարացու նահատակությունը: Նա վաշխով գումար էր վերցրել մի այլազգուց եւ չկարողանալով գումարը վերադարձնել՝ ստիպված էր եղել ուրանալ քրիստոնեությունը: Շուտով նա զղջում է դրա համար եւ փախչում է Կըրշեհիր, որտեղ պատահմամբ ճանաչվում է կեսարացի մի այլազգու կողմից եւ հանձնվում իսլամ դատավորին՝ որպես իսլամից ետ կանգնած մարդ: Նրան ետ են ուղարկում Կեսարիա եւ փորձ են անում համոզել, որ չվերադառնա քրիստոնեության, սակայն ոչնչի չեն հասնում: Նա ենթարկվում է խոշտանգումների եւ հալածանքների: Քրիստոնյաները նրան բարոյապես աջակցում են, մասնավորապես՝ Անանիա Սեբաստացի կաթողիկոսը եւ Գեւորգ քահանան: Ի վերջո նա նահատակվում է 1204 թ. մայիսի 18-ին քաղաքի հրապարակում: 1208 թվին նահատակվում է նաեւ Առաքել Կեչրորցի քահանան: