Դրախտի աթոռը

Դրախտի աթոռը

(Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ) Մի օր մի մարդ մահից հետո հանդերձյալ աշխարհում մոտեցավ դրախտի դռներին և Ս. Պետրոսին խնդրեց ներս թողնել իրեն՝ ասելով, որ ուզում էր խոսել Տեր Աստծո հետ:- Տեր Աստված այժմ տանը չէ, սպասիր մի փոքր, - պատասխանեց Ս. Պետրոսը:Նստելով դռների մոտ՝ գորգի վրա, այցելուն սկսեց սպասել: Հանկարծ նա ոտքերի մոտ նկատեց ոսկե բանալի, որը հավանաբար ընկել էր Ս. Պետրոսի գոտուց կախ տրցակից: Նա վերցրեց բանալին և չորս բոլորը նայելով՝ տեսավ մի դուռ՝ ոսկե անցքով, որին բանալին շատ հարմար եկավ: Մարդը բացեց դուռը և հայտնվեց գահասրահում, որտեղ սովորաբար Տեր Աստված դատաստան էր տեսնում: Գահի շուրջ դրված արծաթե աթոռներին նստում էին հրեշտակները: Սրահում ոչ ոք չկար, և մարդու խելքին փչեց մեկ րոպեով բազմել Երկնաին Հոր գահին: Բազմելուն պես նա սկսեց տեսնել այն ամենն, ինչ կատարվում էր երկրում: Ահա տեսավ, որ գետակի ափին լվացարարուհիները սպիտակեղեն էին լվանում: Նրանք լվացքը փռեցին թփերին և գնացին ճաշելու: Մի ճարպիկ գող, ով նրանց գնալուն էր սպասում, դուրս թռավ թփերի տակից, հավաքեց լվացքը և փախուստի դիմեց:Վրդովված նրա ստոր արարքից՝ մարդը վերցրեց արծաթե աթոռներից մեկը և շպրտեց փախչող գողի վրա:Ապա, լսելով ոտնաձայներ, իսկույն իջավ գահից և կրկին նստեց գորգին ՝ ազատելով գահը:Տեր Աստված իսկույն նկատեց, որ աթոռներից մեկը չկա, և հարցրեց Ս. Պետրոսին, թե ուր էր աթոռը:- Ես չգիտեմ, թե աթոռն ուր է անհետացել: Միգուցե այն թռցրել է դռների մոտ Ձեզ սպասող և Ձեզ հետ խոսել ցանկացող մա՞րդը, - պատասխանեց Ս. Պետրոսը:- Կանչիր նրան այստեղ, - պատվիրեց Տեր Աստված:Եվ հարցրեց մարդուն.- Ասա, դո՞ւ ես վերցրել իմ աջ կողմում դրված աթոռը:- Այո, Տեր: Ես եմ վերցրել, բայց այն ինձ մոտ չէ:- Եվ ի՞նչ ես արել այն:- Շպրտել եմ այն գողի վրա, ով գողանում էր լվացարարուհիների լվացքը:Աստված ծիծաղեց՝ ասելով.- Որքան արագ ես հաշվեհարդար տեսել: Եթե մտքովս անցներ տեղում սպանել աշխարհի բոլոր գողերին, ապա աշխարհը շուտով կդատարկվեր: Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×