Մուտն ի Վիրապն

Մուտն ի Վիրապն

Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն,և ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն (Մատթեոս 16:24)

Ավետարանական այս պատգամի լավագույն օրինակն այսօր մեր աչքի առջև է: Նշում ենք Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների հիշատակը և մուտն ի Վիրապ: Այսօր այս պատգամը հնչում է որպես հրավեր: Հրավեր` ուղղված դրախտից արտաքսված մեր ինքնությանը, օտարության մեջ դեգերող և հայրական տան ճանապարհը փնտրող անառակ որդիներիս:

Սա հրավեր է, որ մեզ հիշեցնում է քրիստոնյա լինելու գինը, Աստծո սերը և մեր առաքելությունը։ Քրիստոս պատվիրում է ուրանալ անձը։ Այս պատգամը միայն պահեցողության շրջանի համար չէ, երբ հանձն ենք առնում զոհողություններ, սակայն պահքից հետո մոռանում ենք քրիստոնյա լինելու մասին։ Ուրանալ անձը՝ նշանակում է մշտապես պատրաստ լինել մեր կամքին ասել՝ ոչ, իսկ Աստծո կամքին՝ այո։ «Խաչը վերցնել»՝ նշանակում է պատրաստ լինել ծառայության, որտեղ արտահայտվում է Աստծո կամքը։ «Հետևել Քրիստոսին»՝ նշանակում է խոնարհությամբ ծառայել Աստծո փառքին։

Քրիստոնյայի կյանքը պայքար է և բացառում՝ համակերպումը հանգամանքներին։ Իսկ պայքարն իրական է, երբ վերարժևորվում է կյանքը, կարևորվում մարդը։ Քրիստոս ցույց տվեց մեր պայքարի բովանդակությունն ու իմաստը. այն պետք է լինի հանուն սիրո, առաքինության և Աստծո կամքի թագավորության։ Բավարար չէ պարզապես տեսականորեն ձևակերպել, թե ինչի ենք հավատում։ Կարևոր է պատրաստակամությունը՝ զոհողության, նվիրումի, ծառայության, որտեղ գործնականում դրսևորվում է հավատքը։ Գտնում է նա, ով չի վախենում կորցնել։ Միայն այն մարդը կարող է գտնել կյանքի լիությունը, ով պատրաստ է իր կյանքով փաստել Աստծո գոյությունն ու սերը, մեծությունն ու փառքը։ 


Ահա մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամը մեզ, որը բացահայտվեց Իր կյանքով ու զոհողությամբ։ Քրիստոս արեց ավելին, քան աշխարհի արարումն էր, Նա հանդես եկավ մեր փոխարեն. փոխարինեց անկյալ մարդուն Իր կատարյալ բնությամբ։ Արդյունքում չարը կորցրեց իշխանությունը մարդու նկատմամբ։ 


Ահա այս հավատքով ու իրական կյանքը բացահայտելու հստակ հրամայականով Գրիգոր Լուսավորիչը եկավ Հայաստան որպես ուխտավոր։ Եկավ իր ծառայությամբ քավելու հոր մեղքը հայոց թագավորական ընտանիքի հանդեպ. Լուսավորչի հայրը՝ Անակը, սպանել էր հայոց Խոսրով թագավորին՝ Տրդատի հորը։ Հայոց արքունիքում ծառայության ընթացքում բացահատվում է, որ Լուսավորչը ոչ միայն քրիստոնյա է, այլ նաև՝ Անակի զավակը։ Սուրբը ենթարկվում է սոսկալի չարչարանքների և բանտարկության՝ Արտաշատ քաղաքի բերդի խոր վիրապում։


Սուրբը Տիրոջ խոսքի համաձայն՝ ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն, հանձն առավ չարչարանքները և մահվան սպառնալիքը՝ վերագտնելով կյանքը, ոչ միայն իր, այլև մի ամբողջ ժողովրդի համար։


Սա Աստծո օրհնությունն ու շնորհն է մեզ՝ հայերիս։ Իսկ այդ շնորհը բացահայտում է.


ա. Հոգևոր կյանքը, որը ոչ թե կոչված է հակադրվել աշխարհիկ կյանքին, այլ լրացնել և իմաստավորել այն։
բ. Բացահայտում է նաև յուրաքանչյուրի հոգևոր կյանքը, որտեղ մարդը տեսնում է ոչ միայն իր մեղքերը, այլև Աստծո պատկերը։
գ. Աստծո շնորհը բացահայտում է նաև մեզ շրջապատող աշխարհը, մարդուն։ Տեսնում ենք աշխարհի չարիքը, բայց նաև՝ Աստծո անսահման սերն ու ողորմությունը, որով զորացած կարող ենք փոխել, պայծառակերպել այն։


Հոգևոր կյանքի ամբողջ հրաշքն այն է, երբ համադրվում են ցավն ու ուրախությունը, պայքարն ու ներդաշնակությունը, աշխատանքն ու մխիթարությունը, և այս ամենը հնարավոր է, եթե կա սեր։ Հակառակ դեպքում այն վերածվում է հակադրության և մեզ կանգնեցնում փակուղու առաջ։ 


Գրիգոր Լուսավորչի սրբության ամբողջ բովանդակությունը սե՛րն է, համբերության գաղտնիքը սե՛րն է, հաղթանակի գրավականը սե՛րն է: Ուրեմն սիրով ու Լուսավորչի բարեխոսությամբ փորձենք ապրել մեր կյանքը` ոչ միայն դժվարություններին տոկալով, այլև Քրիստոսին վկայելով, Որին վայել է փառք իշխանություն և պատիվ: Ամեն:

  • 2021-12-11
×