Քարոզ Ս. Աստվածամոր ծննդյան օրվա առթիվ

Քարոզ Ս. Աստվածամոր ծննդյան օրվա առթիվ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը: Ս. Մարիամ Աստվածածինը ծնվեց այնպիսի ժամանակ, երբ մարդկային ցեղը հասել էր բարոյական անկման ծայրահեղ վիճակի, որտեղից փրկությունը, կարծես թե, անհնար էր: Այն ժամանակ էլ լուսավոր մարդիկ շարունակ հավատում էին, թե փրկությունը կարող է լինել միայն երկնքից` Աստծո միջամտությամբ, այդ լուսավոր մարդկանցից ամենաարժանավորին` Ս. Կույս Մարիամ Աստվածածնին, Աստված ընտրեց իբրև Մայր և, գալով աշխարհ՝ նա կրկին բորբոքեց այն փոքրիկ լույսը, որը շարունակում էր վառվել այս երկրի վրա՝ ի դեմս հավատացյալ մարդկանց: Աստվածամոր ծնունդը համաքրիստոնեական տոնախմբություն է, քանի որ Տիրամոր ծննդյան խորհրդով կրկին լուսավորվում է ամբողջ աշխարհը, և այդ լույսի ներքո, աստիճանաբար ո´չ միայն նշմարվում է դրախտի պատկերը յուրաքանչյուր հավատացյալի համար, այլև զգալի է դառնում մարդկային հաստատուն և նպատակային ձգտումն այդ դրախտը վերականգնելու, այն վերակառուցելու համար:
 

Ս. Աստվածամայրը ծնվեց փոքրիկ մի քաղաքում, որը բոլորիս հայտնի է Նազարեթ անունով: Հայրը` Հովակիմը, Դավթի թագավորական ցեղից էր, մայրն՝ Աննան, Ահարոնի քահանայական ցեղից, ովքեր մինչև Տիրամոր ծնունդը զավակ չէին ունենում, քանի որ Աննան ամուլ էր, սակայն երբեք իրենց հույսը չէին կորցնում ու անդադար աղոթում էին` հավատալով, որ Աստծո համար ամեն բան հնարավոր է: Նրանք խոստում տվեցին նաև, որ եթե Աստված իրենց զավակ պարգևեր, իրենց զավակին Աստծուն պիտի ընծայեին: Եվ ահա, Աստված լսեց Հովակիմի և Աննայի աղոթքը, Գաբրիել հրեշտակը եկավ և տվեց բերկրալի ավետիսը, թե պիտի զավակ ծնվի: Աստված Հովակիմին և Աննային զավակ պարգևեց, իսկ մեզ, ամբողջ աշխարհին` Աստվածամայր:


Տիրամոր խորհուրդն է, որ իրար է կապում Հինը և Նորը, քանի որ Աստվածամոր օրինակը, նրա ծնունդը եղավ ավարտը, լրումը Հին Կտակարանի` դնելով Նոր ուխտի հիմքերը:


Այսօր Աստվածամոր բարեխոսությանն ապավինած, մեր կցկտուր աղոթքները երկինք բարձրացնելով, որքան էլ որ հասկանում ենք մեր անարժանությունը, մեր մեղավոր իրականության ամբողջ ծանրությունն, այնուամենայնիվ, հավատում ենք, որ Տիրամայրն իր սիրով կհալեցնի մեր քար սրտերը, իր սիրով մեր մեջ կձուլի, կմիավորի Հինը և Նորը՝ Նորի լույսով նորոգելով մեր կյանքի հնությունը:
Ինչպես ցանկացած ծննդյան տոնին մենք սովորություն ունենք ընծաներ տալ, այսօր նույնպես՝ Ս. Աստվածամոր ծննդյան տոնին, մենք պիտի կարողանանք մեր լավագույն զգացումները, մեր սերը, մեր հավատքը, մեր աղոթքը, մեր զղջումն ու ապաշխարությունը որպես անուշահոտ խունկ ընծայել Աստվածամորը և խնդրել Տիրամոր բարեխոսությունը, որ այդ հոգևոր գանձերը բազմապատկվեն, հաստատուն կերպով ամրանան մեր կյանքում` Աստծո ներկայությանն արժանանալու համար:


Տեր Եսայի քհն. Արթենյան

  • 2021-12-11
×