Ովքե՞ր էին փարիսեցիները

Ովքե՞ր էին փարիսեցիները

Փարիսեցիները Պաղեստինում Քրիստոսի ժամանակ գոյություն ունեցող գլխավոր կուսակցություններից մեկն էին ղեկավարում (մյուս երկուսը սադուկեցիները և եսսեյաններն էին): Փարիսեցիները թվով բազում էին և տիրապետող, նրանց թիվը հասնում էր մի քանի հազարի,նրանք ձգտում էին ունենալ հոգևոր պետություն: Փարիսեցիներն ամենաուժեղն էին, իմաստությամբ ու սրբությամբ իրենց բարձր էին դասում և բաժանվում ազգի մնացյալ մասերից, ուստի փարիսեցի՝ նշանակում է բաժանված: Մակաբայեցիների ապստամբության ժամանակ փարիսեցիները կազմակերպված կուսակցություն էին: Նրանք դեմ էին հելլենիզմին, ոչ-հրեա կառավարությանը, օտարազգի գաղափարների ներմուծումանը և այն ամենին, ինչն օտարամուտ էր ու խորթ: Նրանք չէին ընդունում օտար ազգերի գաղափարները և պայքարում էին նրանց դեմ: Խոսում էին արամեերեն: Փարիսեցիներն ու դպիրները միջին դասակարգից էին և մեծ հարգանք էին վայելում ժողովրդի կողմից: Ավելի մեծ ազդեցություն ունեին ժողովրդի վրա, քան մյուսները: Նրանց ձեռքում էր ազգի ճակատագիրը: Կողմնակից էին հրեաների ազատագրմանը և այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ էին կատարում: Փարիսեցիները թունդ ազգասերներ էին, համոզված էին, որ՝ իրենց ազգն ամենափառավորը պիտի լիներ աշխարհում: Իրենք հայր Աբրահամի սերունդ լինելով՝ մտածում էին, որ Աստծո սիրելի զավակներն են և որպես այդպիսին պիտի հեռու մնան կռապաշտներից ու հեթանոսներից, մյուս ազգերից՝ Աստծո մաքուր ժողովուրդ մնալու համար: Եվ ազգին ավելի բարձր հատկություններով օժտելու նպատակով կարևորեցին ազգային ծիսակատարությամբ տեղի ունեցող սովորույթները՝ ծոմապահությունը, աղոթքը, տասանորդի վճարումը, լվացումները, պահքը, ողորմություն տալը, զոհեր մատուցելը և այլ արարողություններ: Փարիսեցիները բարեպաշտ էին և հարգում էին Հին Կտակարանի գրքերը: Հավատում էին հոգու անմահությանը, ընդունում էին հանդերձյալ կյանքի գոյությունը և մեռելների հարության ուսմունքը: Խիստ զգույշ էին, որ կապ չունենան հեթանոսների և մաքսավորների հետ: Չափից ավելի արժեվորում էին բանավոր ավանդությունները: Մեծ ջանք էին թափում, որպեսզի օրենքից ոչ մի կետ կամ տառ անտեսված կամ անգործածելի չմնա: Վարդապետների գրվածքներն ու ավանդությունները համարում էին «վարուց և բարուց կանոն»: Նրանց համար անխափանելի էին Մովսիսական օրենքները, հատկապես Շաբաթը: Ունեին բարեպաշտական արտաքին ձևեր: Հիսուսի ժամանակ նրանց եռանդուն ոգին փոխվեց հոգևոր սնապարծության և չոր ու ցամաք պաշտոնականության: Ճշմարիտ աստվածապաշտությունը տեղի տվեց ցուցամոլության և կեղծավորության, և Հիսուս հաճախ հանդիմանեց նրանց և անտեսեց նրանց քահանայությունը, ուստի, նրանք Հիսուսին խաչը հանելու գործում մեծ դեր խաղացին: Փարիսեցիները հույս ունեին, որ Աստված անսպասելի ու շատ խորհրդավոր կերպով կուղարկեր Մեսիային՝ որպես  Ազատարար, և կսկսվեր Նրա թագավորությունը՝ Աստծո հատուկ տնօրինությամբ, և իրենք կունենային ազատություն, անկախություն, Մեսիայի թագավորությունը կմնար հավիտյան: Ըստ երևույթին նրանք կազմալուծվեցին 70-ի կռիվներին:

  • 2021-10-13
×