ԳՐԱՆԿՅՈՒՆ - Գիրքը լավ դուռ է. Պետք է բացել

ԳՐԱՆԿՅՈՒՆ - Գիրքը լավ դուռ է. Պետք է բացել

Արձակագիր Գրիգի հետ զրույցն իր սպասվելիք գրքի, ժամանակակից գրականության, գրողի և ընթերցողի փոխհարաբերության և մեզ հուզող այլ հարցերի շուրջ:

 

 

-Գրի՛գ, ե՞րբ զգացիք գրելու պահանջ, ե՞րբ գիտակցեցիք, որ գրող եք դառնալու:

-Գրող լինելու ցանկություն ու նպատակ երբևէ չեմ ունեցել: Առհասարակ սկսեցի գիրք կարդալ, երբ առողջական լուրջ խնդիրներ հայտնաբերվեցին ինձ մոտ, և զրկվեցի հեծանիվ վարելուց ու ֆուտբոլ խաղալուց: Միակ հետաքրքրությունը, որ մնաց ինձ, գիրք կարդալն էր: Շարունակ կարդում էի ու ինքս էլ չհասկացա՝ ինչպես սկսեցի գրել: Չէի պատկերացնում, որ գրելն իր հետ նաև յուրօրինակ տառապանք է բերելու, որից ազատվելը հետո անհնար է լինելու:

 

 

-Կխնդրեմ մի փոքր պատմել Ձեր առաջին գրքի՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի մասին:

-Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2015 թ., ապա երկու անգամ վերահրատակվել է՝ 2017 և 2019 թթ.: Իրականում, չէի սպասում, որ նման հաջողություն կունենա, որովհետև իմ առաջին գիրքն էր: Մինչև գրքի լույս տեսնելը պարբերաբար տպագրվում էի «Գրեթերթ»-ում և առհասարակ գրական մամուլում, բայց ինձ թվում էր՝ գրքին սպասողներն այնքան էլ շատ չեն, որ վերահրատարակվեր: Գուցե կարևոր էր, որ մարդկանց հարազատ եղան պատմվածքները, գուցե այդ նույն խնդիրներն իրենք էլ են տեսել և տեսնում են հիմա: Դրանք անտուն մարդկանց և առողջական խնդիրներ ունեցող երեխաների հոգսերն են: Մեծ աղմուկ առաջացրեց գրքի վերնագիրը: Ոմանք կարծում էին՝ ինչ-որ աղանդի եմ հարում: Ես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, և պատմվածքը կարդալով՝ հասկանալի է դառնում վերնագրի ընտրությունը: Գրքում առհասարակ անընդհատ շոշափվում է մեղքի հետ առնչվելու և հետո դա թոթափելու խնդիրը, որովհետև հերոսը՝ պատմողը, շարունակ ինչ-որ մի կետում առնչվում է մեղքին՝ նույնիսկ ոչինչ չանելով: Երբ նրանից օգնություն են սպասում, ինքը չի մոտենում: Այստեղից առաջանում է մեղքի զգացումը, որը հետագայում պիտի թոթափվի: Իմ պատկերացմամբ՝ այս պատմվածքներն իմ մեղքի թողությունն էին տարբեր մարդկանց հանդեպ, որոնց ես պիտի օգնեի, բայց չեմ օգնել: Նրանք անտուն մարդիկ էին, որոնց գուցե պետք է մոտենայի և օգնեի, բայց չեմ օգնել: Նրանք երեխաներ են, որ չգիտեմ՝ հիմա ողջ են, թե ոչ, որովհետև առողջական ծանր խնդիրներ ունեին, և ես նրանց հանդիպել եմ Գերմանիայում: Ես նրանց հիշում եմ, բայց գուցե նրանք այլևս այս աշխարհում չեն, և ունեմ պարտքի զգացում, որ պիտի գրեմ նրանց մասին, թղթե մարմին տամ նրանց: Այսինքն, այդ գործերը մեղք թոթափելու, այդ բեռից ազատվելու խնդիր ունեին: Յուրաքանչյուր պատմվածքում կան մարդիկ, դեմքեր ու դեպքեր, որ իրականում են եղել:  Արժանավոր մարդիկ հայտնվել էին փողոցում և դարձել խոցելի խավ՝ անտուն մարդիկ, մարդիկ, որոնք չպիտի փողոցում լինեին՝ նկարիչներ, երաժիշտներ, հասարակության՝ իմ պատկերացմամբ ամենագեղեցիկ խավը: Մարդիկ, որոնց ցավն ինձ համար էլ էր ցավ: Ես նրանց չէի կարողանում օգնել, չգիտեի՝ ինչպես օգնել: Ես էլ որոշեցի գրել նրանց մասին, բարձրաձայնել այն հույսով, որ եթե միայնակ չլինեմ, այդ հարցը կլուծվի:

 

 

-Ո՞րն է սպասվելիք գիրքը:

-Նոր վեպի վերնագիրը “Friedensdorf” է, թարգմանաբար նշանակում է «Խաղաղության գյուղ»: Գերմանիայում այդպիսի գյուղ կա, ուր աշխարհի տարբեր երկրներից (հիմնականում՝ հետպատերազմյան) երեխաներ են գնում՝ անվճար բուժում ստանալու: Իրականում, պայմանները դժվար են. երեխան պետք է միայնակ գնա: Ես եղել եմ այնտեղ, տեսել եմ այդ երեխաներին՝ աֆղաններին, որոնք ոտքեր չունեին, որովհետև ականի վրա էին կանգնել, վրացիներին, որոնք թևեր չունեին, հայ երեխաների… Պատերազմը միշտ շարունակվում է, այն երբեք չի ավարտվում, դրված ականը մի օր պայթելու է ու ինչ-որ մեկի ճակատագիրն է խեղելու: Այդ ամենը տեսնելով՝ ատեցի պատերազմը, սկսեցի սիրել մարդկանց: Հիմա գրում եմ այդ ամենի մասին: Այսինքն, ինչքան շարունակվեն պատերազմները, այնքան գոյություն են ունենալու խեղված սերունդներ, կիսատ մարդիկ: Եվ, ցավոք, խոսքը միայն մարմնական խեղման մասին չէ, որովհետև այն շատ հաճախ պատճառ է դառնում հոգեկան խեղումների: Հիմա փորձում եմ գրել այդ կիսատ մարդկանց մասին, որոնցից մեկը ես եմ (այդպես եմ ինձ դիրքավորել այս աշխարհում): Ես պատերազմ չեմ տեսել, բայց ամեն օր զգում եմ հետևանքներն իմ մարմնի, իմ վարքի, իմ կորսված հոգեկան խաղաղության վրա:

 

 

-Մի քանի նախադասությամբ ինչպե՞ս կբնութագրեք ժամանակակից հայ գրողին:

-Միայն այն, որ մարդն այսօրվա աշխարհում, այսօրվա Հայաստանում և առհասարակ մշակութային այսպիսի իրավիճակում գտնվող երկրում որոշել է ստեղծագործել, այսինքն, մի բան, որը ժամանակի, նյարդերի և հոգեկան հանգստության կորուստ է բերում՝ փոխարենը չտալով ֆինանսական կայունություն, խիզախություն է: Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, այնուամենայնիվ, ստեղծագործում են: Այդ մարդիկ յուրահատուկ են: Ինձ դուր է գալիս նաև այն, որ փոխվել է գրողի բոհեմական կերպարը: Գրողները, ինչու չէ, նմանվել են իրենց հերոսներին: Ժամանակակից գրականությունը համաքայլ է այսօրվա ընթերցողի հետ:

 

-Կարևորո՞ւմ եք գրողի և ընթերցողների շփումը:

-Այո՜, իհարկե: Կարծում եմ՝ դա միայն օգուտ է տալիս: Օրինակ, տարիներ առաջ այն ընկալումը կար, որ գրողը պիտի մահացած լինի: Այդ ընկալումը դժվարությամբ փոխվեց: Մարդիկ սովորեցին ընկալել, որ գրողը կարող է նաև ողջ լինել, ապրել իրենց կողքին: Ինչ վերաբերում է ընթերցանությանը, նկատելի է, որ հիմա երիտասարդները շատ են կարդում, բայց այդ շատ ասվածը հարաբերական է, որովհետև մենք միշտ մեզ ընկալում ենք որպես մշակութային, ինտելեկտուալ, գիր ու գրականություն սիրող ազգ, բայց մեր մշակույթը լավ չենք ճանաչում: Այս ասպարեզում դեռ շատ բան կա անելու, որովհետև տեմպը իրականում շատ դանդաղ է:

 

 

-Ձեր մաղթանքը՝ մեր ընթերցողներին:  

-Ես կարծում եմ՝ գիրքը ամենամեծ ազատություններից մեկն է: Մենք մեր կյանքում առհասարակ ազատ չենք, եթե հաշվի առնենք նույնիսկ միայն այն, որ մեր մարմինը ծերանում է, իսկ մեր ներսինը՝ ավելի ու ավելի ուժեղանում ու գեղեցկանում: Գիրքը լավ առիթ է այդ ազատությանը առնչվելու, որովհետև ազատությունը երբեք չի եղել մարմնական, միշտ հոգունն է եղել: Գիրքը լավ դուռ է, պետք է բացել կյանքին վերևից նայելու և առհասարակ կյանքի հետ ավելի հաշտ լինելու համար: Գիրքը լավ ընկեր է, դրա համար կցանկանամ, որ մարդիկ ավելի շատ կարդան: Ընթերցանությունն իր հետ ազատություն է բերում: Գուցե այդ ազատությունն այդքան էլ անցավ ու հեշտ չլինի ընկալել, ամեն դեպքում, մեր հասարակությանը պետք են այդ բաց դռները հոգևոր խաղաղության ու մտքի անկաշկանդության համար:         

 

 

Պատրաստեց` Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ 

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-10-13
×