Սուսաննա Հովհաննիսյան. «Հովհաննես Թումանյան. Ամենայն Հայոց Հայրիկը»

Սուսաննա Հովհաննիսյան. «Հովհաննես Թումանյան. Ամենայն Հայոց Հայրիկը»

Թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի հետ զրուցեցինք Հովհաննես Թումանյանի՝ մեծագույն հումանիստի մասին:

 

 

-Հովհաննես Թումանյան՝ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, հրապարակախոս… Նա նաև մեծ մարդասեր էր: Կցանկանայի՝ խոսեինք հումանիստ Թումանյանի մասին:

-Ցեղասպանության տարիներին Թումանյանը երկու անգամ եղավ Արևմտյան Հայաստանում, իր աչքերով տեսավ եղեռնը, ավերակի վերածված գյուղերը, նրա գրառումներում հանդիպում ենք որոշ դրվագների: Թումանյանի խոսքով՝ նրանք հորինել էին՝ ինչպես սպանել, որ հետաքրքիր լինի: Օրինակ, մի գյուղում օճորքից կախել էին բոլոր տղամարդկանց: Թումանյանը ոչ թե հեռվից դիտորդ է եղել, այլ ականատես է եղել ցեղասպանությանը, մի քանի անգամ նույնիսկ հրաշքով է փրկվել: Այդ անմարդկային խոշտանգումները տեսնելով, թվում է, պետք է նրա մեջ առաջանային վրեժի զգացում, անեծք: Թումանյանը այդ ամբողջ շրջանում մեր գրողներից միակն է եղել, որ փորձել է ոչ միայն իր սերնդի որբերին, երեխաներին, գրողներին, արվեստագետներին համոզել չանիծել, այլ նաև՝ ապագա սերունդներին: Տեսել է իր ժողովրդի ողբերգությունը, որ նույնքան իրենն էր, որքան՝ ցանկացած մեկինը: Նա Ամենայն հայոց բանաստեղծն էր և այդ վիշտն ապրում էր շատ ավելի խորը: Նա «Հայոց վշտի» հեղինակն է, բայց հեղինակել է նաև «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը՝ «Ու պոետներներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով…»: Իսկ երբ երեխաների հետ զրուցում էր, ասում էր, որ վրեժի զգացումը լավ բան չէ, անիծելը ճիշտ չէ, դա նույնն է, թե մեր թշնամին հասնի իր ուզածին, այսինքն, մեզ իջեցնի այն աստիճան, որ նմանվենք իրեն: Չպետք է բարբարոսանանք ու նույնը կամենանք ցեղասպան ազգին: Թումանյանն աշխատում էր բարձր պահել իր ժողովրդին:

Երազումս մի մաքի

Մոտս եկավ հարցմունքի.

-Աստված պահի քո որդին,

Ո՞նց էր համը իմ ձագի...

Սա հումանիստական վիթխարի արժեք ունեցող քառյակ է: Բարոյական հզոր ապրեցնող ուժ է տալիս:

Որբերը նրան «հայրիկ» էին ասում, որովհետև նրանից ոչ միայն ստանում էին հաց, տաք ջուր և այլն, այլ նաև՝ սեր, ջերմություն, քնքշություն: Եվ դա փոխադարձ է եղել: Նրանք էլ բանաստեղծություններ էին նվիրում Թումանյանին, նույնիսկ խանդում էին միմյանց: Որբերը Թումանյանից հույս ու լույս, ապրելու էներգիա էին ստանում, թեև տեսել էին իրենց ծնողների խոշտանգումները, հավատում էին, որ կյանքը շարունակվում է, ու դեռ կապրեն:

 

 

-Թումանյանի՝ որպես մտավորականի լավագույն օրինակի անփոխարինելի դերը հայ ժողովրդի կյանքում:

-Հովհաննես Թումանյանի հետ առաջին ծանոթությունը երբեք չենք հիշում, որովհետև հիշողության մեջ չենք պահում՝ երբ են մեզ համար առաջին անգամ կարդացել «Շունն ու կատուն», երբ ենք անգիր սովորել «Փիսիկի գանգատը», բայց Թումանյանը մեր գենետիկ կոդն է, նա մեր արյան բաղադրության մեջ է թե՛ իր ստեղծագործություններով և թե՛ իր ճակատագրով:

Թումանյանը մեծ է նաև որպես մարդ: Երբ Թումանյանն Էջմիածնում էր, այնտեղ համատարած մահ էր, համաճարակ, հիվանդություններ, չէին հասցնում թաղել զոհվածներին: Թումանյանն իր կողքին պահում էր նաև դստերը՝ Նվարդին: Յուրաքանչյուր կամավոր այդ օրերին հերոս էր: Թումանյանը ոչ միայն իր կյանքն էր վտանգի ենթարկում, այլ նաև՝ իր զավակների: Նա ամենաթանկը դրեց հայրենիքի զոհասեղանին: Նրա Արտավազդ որդին, որ ընդամենը 24 տարեկան էր, զոհվեց պատերազմում:

Խորհրդային տարիներին շատ ավելի ուսումնասիրվել էին Թումանյանի ստեղծագործությունները, և շրջանցել էին նրա կյանքի ինչ-ինչ փաստեր, դրվագներ, որոնք համահունչ չէին տվյալ ժամանակաշրջանի գաղափարախոսությանը: Թումանյանը՝ իբրև մարդ, իբրև մեծագույն հումանիստ, պատիվ կբերեր ցանկացած ազգի: Մարդկային այդ տեսակը, այդ որակը պետք է հպարտություն լինի մեզ համար: Հայ ժողովրդի արգանդը ի զորու եղավ մեծագույն հումանիստին աշխարհ բերելու: Մենք փոքրաթիվ ազգ ենք, բայց փոքր չենք, որովհետև կարող ենք Թումանյանի պես մեծություն աշխարհ բերել:

 

 

-Թումանյանի ստեղծագործությունները միշտ արդիական են: Յուրաքանչյուր տող կարծես հենց այսօրվա համար գրված լինի: Ըստ Ձեզ, ո՞րն է գաղտնիքը:

-Գաղտնիքը նրա մեծության մեջ է: Պատմությունը հեշտ չի փոխվում: Մարդկային հոգու բաղադրությունը ևս հեշտ չի փոխվում: Մարդիկ սիրել են, զգացել են, մտածել են, ատել են, վրեժխնդիր են եղել, սպանել են… Միշտ այնպես, ինչպես դարեր առաջ: Եվ հանճարեղ Թումանյանը ոչ թե տեսնում է, այլ տեսանում է, ոչ թե նայում է, այլ կարողանում է երևույթների խորքը թափանցել: Դա առհասարակ Թումանյանի առանձնահատկությունն է և՛ ստեղծագործության, և՛ հրապարակախոսության մեջ: Թումանյանը միշտ կարողանում է արձանագրել ընդհանուրը, այն, ինչ բոլոր ժամանակների համար է: Երբ կարդում ենք «Փիսիկի գանգատը», թվում է՝ պարզապես մանկական գրվածք է, բայց դա զրպարտության մասին է և միշտ արդիական կլինի: Կամ երբ կարդում ենք «Շունն ու կատուն», հասկանում ենք, որ այն նույնքան գրված է մեծահասակների համար, որքան՝ մանուկների: «Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար: Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար». սրանք դասական սահմանումներ են, որ նա տվել է իր հրապարակախոսություններում: Նրա հրապարակախոսական յուրաքանչյուր հոդված նույնքան արժեքավոր է, որքան գեղարվեստական արձակը: Թումանյանի ստեղծագործությունները միշտ արդիական են:

 

 

-Ամենայն հայոց բանաստեղծի դերը Ձեր կյանքում:

-Թումանյանի դերը վիթխարի է իմ կյանքում: Նա ինձ ուղեկցել է իմ բոլոր օրերում: Մանկուց սիրել եմ Թումանյանի գործերը, բայց բանասիրական ֆակուլտետում ուսանելիս սկսեցի հասկանալ նրա իրական մեծությունը: Ես մտա Թումանյանի անընդգրկելի աշխարհը և հասկացա, որ այնտեղից դուրս գալն այլևս հնարավոր չէ: Նա անսպառ է, և ես ամբողջ կյանքում զբաղվել եմ և կզբաղվեմ նրա ստեղծագործություններով: Աշխատել եմ նաև Թումանյանի թանգարանում, շփվել եմ նրա դուստրերի հետ, հատկապես մտերիմ եմ եղել Թամար Թումանյանի հետ և թումանյանական լույսը զգացել եմ նրա ժառանգների մեջ:

 

 

-Ձեր աշխատությամբ վերջերս լույս է տեսել «Որբերի Ամենայն հայոց հայրիկը» գիրքը: Կխնդրեի մի փոքր պատմել գրքի մասին:

-Ես արմատներով բիթլիսցի եմ: Գաղթի ճանապարհին սպանել են պապիս, և երկու-երեք ամսական հայրս որբ է մնացել: Եվ երբ սկսեցի զբաղվել թումանյանագիտությամբ ու հայտնաբերեցի, որ Թումանյանը գաղթի տարիներին, իսկապես, հայր է եղել բոլոր որբերի համար, ես նրան ինձ էլ ավելի հարազատ զգացի: Ու հասկացա, որ թե՛ ժողովրդիս, թե՛ նախնիներիս առաջ պարտք ունեմ՝ այդ գիրքը գրելու: Գիրքը նվիրված է ոչ միայն իմ պապիկին ու հայրիկին, այլև ցեղասպանության ժամանակ զոհված և որբացած բոլոր երեխաներին: Այդ գրքում ապրում են այն որբերը, որոնց կյանքը Թումանյանն է փրկել, և քիչ չեն եղել այդ կյանքերը:

 

 

Պատրաստեց

Սիրանուշ Փարսադանյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-10-13
×