«Կա մի բան, որը մեզ միավորում է, համախմբում, արժեհամակարգ ունի: Դա քրիստոնեությունն է»

«Կա մի բան, որը մեզ միավորում է, համախմբում, արժեհամակարգ ունի: Դա քրիստոնեությունն է»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, մեթոդաբան Սերոբ Խաչատրյանը:

 

Ըստ Ձեզ, ո՞ր տարիքից է անհրաժեշտ քրիստոնեական գիտելիք տալ երեխաներին:


Հաճախ ծնողները մտածում են, որ եթե իրենք իրենց երեխաների հետ որոշ թեմաների շուրջ չեն խոսել, ապա երեխաներն անտեղյակ են: Բայց դա այդպես չէ:
Այսօր գործ ունենք երկու տեսակ կրթության հետ՝ ֆորմալ, այսինքն՝ թե երեխաներն ի՞նչ սովորեն և ո՞ր տարիքից, և ոչ-ֆորմալ՝ տարերային, երբ երեխան ինքուրույն կողմնորոշվում է, թե ի՞նչ և որտեղի՞ց սովորել՝ փողոցի՞ց, հեռուստացույցի՞ց, պլանշետի՞ց և այլն:


Այդ տեսակետից քրիստոնեական դաստիարակությունը սկսվում է վաղ տարիքից՝ երեխաներն իրենց ծնողների հետ եկեղեցի են այցելում, եկեղեցական տարբեր արարողակարգերի են մասնակցում, հոգևորականներին տեսնում, լսում:
 

Ի՞նչ պետք է սովորեցնել երեխաներին եկեղեցու և հավատքի մասին:


Կարևոր չէ՝ ի՞նչ, այլ կարևոր է՝ ինչպե՞ս: Վաղ տարիքում երեխաներն ուզում են խաղալ: Քրիստոնեական դաստիարակությունը պետք է հետաքրքիր լինի: Պետք է կիրառել խաղային մոտեցումներ, աստվածաշնչային պատմությունները երեխաներին մատուցել հեքիաթի, հանելուկների, գլուխկոտրուկների միջոցով: Խաղը երեխային սովորեցնում է հաղորդակցվել, համագործակցել, հարցեր տալ, բացահայտումներ անել: Այն հաճելի, հետաքրքիր և արկածային է: Խաղը զարգացնում է ուշադրությունը:
Կարևոր չէ, թե երբ ենք սկսում նոր գիտելիքի մատուցումը, կարևոր է սկսել տարիքին համապատասխան մոտեցումներով և չհիասթափեցնել երեխային, չկոտրել սովորելու ձգտումը:
 

Հայտնի է, որ աշակերտները, ուսանողները ծույլ են և առանց պարտադրանքի քչերն են սովորում: Այժմյան կրթական համակարգը գրեթե չի պարտադրում սովորել: Երեխային պե՞տք է պարտադրել սովորել:


Շատ կարևոր է, որ պարտադրանքը լինի աննկատ: Ուղիղ տեքստով պետք չէ պարտադրել, քանի որ երեխան կդիմադրի: Սովորելը մի բան է, որը չի կարող տեղի ունենալ առանց սովորողի ցանկության: Եթե երեխան չցանկանա, որ իրեն սովորեցնեն, նա հաստատ չի սովորի: Երեխան կարող է վախից կատարել պահանջները, բայց չի սովորի: Շատ կարևոր է պարտադրողի հեղինակությունը: Եթե երեխան հարգի, ընդունի ծնողի, մանկավարժի հեղինակությունը, նա կսովորի:
 

Քրիստոնեական, հոգևոր ի՞նչ արժեքներ է պետք սերմանել երեխաների մեջ նախադպրոցական, դպրոցական և բարձրագույն ուսումնական համակարգերում:


Այսօրվա սերունդը ցանկություններ և պահանջներ ունեցող սերունդ է: Որպեսզի մարդիկ շատ սպառեն, գլոբալիզացիան բազմապատկում է այդ ցանկությունները և պահանջները: Քրիստոնեությունը գալիս է մեզ հիշեցնելու, որ կյանքում ցանկությունները չէ, որ կարևոր են: Երբ ցանկությունդ իրականանում է, հայտնվում ես դատարկության մեջ:
Անհրաժեշտ է երեխային բացատրել, թե որքանով է կարևոր ինքնուրույն աշխատանքը, ինքնակատարելագործումը:


Նախկինում կրթությունը մրցակից չուներ: Եկեղեցին էլ մրցակից չուներ: Այսօր Եկեղեցին ներքին և արտաքին մրցակիցներ ունի՝ աղանդներ, բիզնեսներ, գլոբալիզացիա:
Եթե մրցակցության մեջ մենք տանուլ ենք տալիս, ուրեմն մենք ենք մեղավոր, ուրեմն ավելի լավ և հետարքրքիր պետք է մատուցենք գիտելիքը:
Այսօրվա դասագրքերից շատերն անտրամաբանական, կամ անհետաքրքիր, չոր, առանց օգտակար օրինակների են, նման են քամած նարնջի: Բայց դրանք պետք է լինեն հյութեղ, կյանքով լի, գրավիչ և օգտակար երեխայի համար: Եթե ժամանակակից երեխաները մոտիվացիա չունենան, երբեք չեն սովորի:
Դպրոցական կրտսեր տարիքում երեխան սովորում է կարդալ, և եթե նախնական փուլը ճիշտ է դրվել, ապա երեխան հաճույքով ինքնուրույն կընթերցի Հայաստանում արդեն առկա «Մանկական Աստվածաշունչ»-երի լայն տեսականուց իր տարիքին համապատասխան տարբերակը:


Միջին դպրոցում շեշտը պետք է դնել զրույցների վրա:
Ավագ դպրոցում քրիստոնեական դաստիարակությունը պետք է գնա արդեն կիրառական հարթություն:
Երեխաները ձեռք են բերել գիտելիքներ, պետք է սկսեն կապել քրիստոնեությունը ճարտարապետության, գրականություն, նկարչության, արվեստի այլ ճյուղերի հետ: Իսկ ուսանողների պարագային արդեն կարևոր է ինքնակրթությունը:
 

Դպրոցներում անցնում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Այդուհանդերձ, ինքնակրթության ի՞նչ տարբերակներ կառաջարկեք քրիստոնեական, հոգևոր ընդհանուր կրթությունը լրացնելու համար:


Ինքնակրթությունը կրթության բարձրագույն և լավագույն ձևն է: Այսօր ինքնակրթության դար է: Պետք է դա հասկանանք: Սակայն դա պասիվ է, քանի որ հասկանալուց հետո պետք է քայլեր անել:
Այսօրվա ինքնակրթության հնարավորություններն անսահաման մեծ են. համացանց, հեռուստատեսություն, ռադիո, հոգևոր կայքեր, ֆիլմեր, գրքեր: Համացանցից պետք է լավ բաներ քաղել:
 

Ձեր քրիստոնեական պատգամն աճող սերնդին:
 

Այս աշխարհում ամեն բան սիրո կամ վախի վրա է հիմնված: Այնպես որ սիրելու պատգամը շատ կարևոր է: Պատգամս հետևյալն է. համբերություն, համբերատարություն, միասնականություն: Այսօր երեխաներն անհամբեր են, կեսից հանձնվում են, ձանձրանում: Իրենց թվում է, թե ամեն բան այս կյանքում պետք է կառուցված լինի «այստեղ և հիմա» սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ մի գործ արեցիր, իսկույն պետք է փոխհատուցվես: Պետք է համբերել: Պետք է չհանձնվել, հետևողական լինել և չէժանանալ, չիջնել սպառողական մակարդակի: Մարդկանց ուզում են փոքրացնել, խռովեցնել, բաժանել, որպեսզի կարողանան տիրել: Այսօր մարդուն դարձրել են մանրադրամ: Թեև միշտ լսում ենք, որ մարդը կարևոր է, սակայն ինձ թվում է, որ երբ մարդուն ասում են՝ դու կարևոր ես, նշանակում է, որ այդ մարդուց ուզում են դրամ կամ մեկ այլ բան շորթել: Մարդուն ամեն կերպ ուզում են նյութապաշտ և խեղճ դարձնել:
Կա մի բան, որը մեզ միավորում է, համախմբում, արժեհամակարգ ունի: Դա քրիստոնեությունն է:


Զրուցեց` Էլիզա Մանուկյանը

  • 2021-10-18
×