«Քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը»

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • «Քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը»

«Քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Իրինա Խանամիրյանը:
 

Տիկին Խանամիրյան, նախադպրոցական տարիքի երեխայի հոգեկան աշխարհի զարգացման համար որո՞նք են քրիստոնեական դաստիարակության հոգեբանական առանձնահատկությունները:
 

Հատկապես նախադպրոցական տարիքում երեխային հետաքրքրում են բազում հարցեր. ինչպե՞ս է աշխատում աշխարհը, որտեղի՞ց է ծագել ամեն բան, ինչպիսի՞ օրինաչափություններ կան աշխարհում: Հարցեր է ունենում նաև Աստծո, աշխարհի ստեղծման, մահվան և կյանքի մասին: Երեխայի՝ որպես քրիստոնյա ճիշտ ձևավորման գործում մեծ դեր ունեն մեծահասակները: Երեխայի ընկալումը կախված է այն բանից, թե ինչպես են ընկալում մեծերը քրիստոնեական գաղափարները:


Եթե ծնողները հավատում են Աստծո գաղափարին, երեխան ևս սկսում է կարևորել այդ գաղափարները, ունենալ պատկերացումներ դրանց շուրջ: Ինչպես ցանկացած կրթական ոլորտում, քրիստոնեական կրթությունը ևս պահանջում է իմաստուն և գրագետ ուսուցիչ: Ուստի, երեխայի հարցերին պատասխանելու, նրա մեջ որոշակի գաղափարներ սերմանելու համար ծնողը պետք է հստակ պատկերացում ունենա դրանց շուրջ և պատրաստ լինի անկեղծ պատասխաններ տալ:
 

Հոգեբանական ի՞նչ մոտեցմամբ երեխային ճանաչելի դարձնել իր քրիստոնյա լինելու գաղափարը:
 

Նախադպրոցական տարիքի երեխայի համար լավագույն միջոցները նրանք են, որոնք շոշափելի են, վառ, տպավորիչ: Ուստի ցանկացած իրադարձությանը երեխային մասնակից դարձնելու համար պետք չէ երկար-բարակ պատմել, խոսել դրա մասին: Անհրաժեշտ է ներկայացնել երեխային տվյալ իրադարձության, գաղափարի էությունը շատ մատչելի, հասկանալի լեզվով: Անհրաժեշտ է կապ տալ այդ գաղափարի և իրականության միջև, ցույց տալ, թե ինչպես է այդ գաղափարը աշխատում կյանքում, մարդկային հարաբերություններում: Բազմապիսի տոնակատարությունները, դրանց հետ կապված ավանդույթները, խաղերը չափազանց կարևոր են երեխայի հոգեկան աշխարհի հարստացման համար:


Դրանք սերմանում են միասնականության, խմբին պատկանելու զգացողություն: Երեխան կարիք ունի սիրո ու պաշտպանության, ապահովության ու վստահության: Եթե ծնողը նպատակ ունի երեխայի մեջ սերմանել քրիստոնեական գաղափարներ, ապա այս տարիքում դա առավելապես պետք է ներկայացվի սիրո, բարության, ապահովության և հոգատարության գաղափարներով: Աղոթքը նման մատուցման դեպքում երեխայի համար դառնում է ամենաուժեղ ռեսուրսներից մեկը:
 

Ի՞նչ հետաքրքիր բնորոշում կտաք՝ հոգեբանորեն վերլուծելով այդ տարիքի երեխաների մտածողությունը:
 

Բազմաթիվ հետազոտողներ անդրադարձել են նախադպրոցական տարիքի երեխաների մտածողության առանձնահատկություններին: Ճանաչելով դրանք, մեծահասակները ավելի արդյունավետ կարող են կազմակերպել իրենց փոխհարաբերությունները երեխայի հետ:


Նախ, տվյալ տարիքում երեխայի մտածողությունը շատ կոնկրետ է, երեխան դժվար է հասկանում վերացական գաղափարներ, երևույթներ: Ուստի, նույնիսկ եթե ծնողը խոսի Աստծո գաղափարի մասին, նա պետք է պատրաստ լինի պատասխանելու երեխայի մի շարք հարցերին՝ որտեղ է Աստված ապրում, ինչ է ուտում, ինչպես է աշխարհը ստեղծել… Հատկապես սա կարևոր է հիշել, երբ երեխային ներկայացվում են բացասական երևույթներ՝ Աստված պապիկը կպատժի, չար ուժերը կգան, դժոխքում կվառվենք և այլ: Քանի որ երեխան ամեն բան շատ կոնկրետ է հասկանում, սա կարող է լուրջ և խորքային վախերի առիթ դառնալ:


Երեխայի մտածողությունը եսակենտրոն է, ամեն բան դիտարկվում է իր ներաշխարհի պրիզմայով: Ուստի ցանկացած միտք կապվում է սեփական անձի հետ: Երեխայի մտածողությունը կենտրոնացված է, նա կարողանում է հաշվի առնել օբյեկտի, երևույթի միայն մեկ առանձնահատկություն և ի վիճակի չէ կենտրոնանալ մի քանի առանձնահատկությունների վրա միաժամանակ: Ուստի, որոշակի կերպարներ, երևույթներ նա գնահատում է միակողմանի՝ Աստված բարի է, սատանան չար է, Նոյը խելացի է և այլ:
 

Ինչպե՞ս կարելի է հեքիաթները, քրիստոնեական առակները երեխաներին մատչելի մատուցել մանկապարտեզում կամ տանը:
 

Երեխային որոշակի պատմություններ, հեքիաթներ, առակներ պատմելը, ընթերցելը չափազանց կարևոր է, հատկապես նախադպրոցական տարիքում: Սա այն զգայուն շրջանն է, երբ երեխայի մոտ ինտենսիվորեն ձևավորվում են արժեքային կողմնորոշիչները, սոցիալական նորմերը, բարոյական պատկերացումները: Նման արժեքներով հարուստ են թե ժողովրդական հեքիաթները, թե քրիստոնեական առակները:


Ամենակարևորը, որ դրանք պետք է երեխային հասկանալի լինեն, պետք չէ ծանրացնել այդ պատմություններն անհասկանալի լեզվով, բառերով, գաղափարներով: Պետք է հիմնականում ընտրել այնպիսի պատմություններ, որոնք ուսուցանող լինեն երեխայի համար, որոշակի արժեքներ ձևավորեն: Յուրաքանչյուր ծնող, մանկավարժ պետք է հստակ գիտակցի տվյալ պատմության կամ հեքիաթի ընտրության նպատակը, խնդիրները, հասկանա, թե ինչ է ուզում դրանով ասել փոքրիկներին և պատրաստ լինի անկեղծ պատասխանել ծագող բոլոր հարցերին: Եվս մեկ կարևոր փաստ. քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը:
 

Որո՞նք են այդ առակների, հեքիաթների ազդեցության հոգեբանական մեխանիզմները մանկան զարգացման գործում:
 

Պատմությունները, հեքիաթները, առակները ձևավորող, զարգացնող հզոր միջոցներ են: Դրանց հիմնական նպատակը սերնդեսերունդ փորձի փոխանցումն է: Նշված ձևերը լի են փոխաբերություններով, կերպարներով, որոնք անմիջականորեն ընկալվում են մեր ենթագիտակցության շնորհիվ, դրոշմվում են որոշակի գաղափարների և պատկերների ձևով, շարունակում են ազդեցություն ունենալ երկար տարիների ընթացքում: Լսելով պատմություններ, հեքիաթներ, երեխան նույնականանում է կերպարների հետ, ճանապարհ է անցնում հերոսի հետ, դրանք դառնում են երեխայի համար կարևոր կողմնորոշիչներ: Ուստի, չափազանց կարևոր է պատմությունների ճիշտ ընտրությունը տարբեր տարիքի երեխաների համար, որպեսզի դրանք արդյունավետ և դրական ազդեն նրանց վրա:
 

Կնշե՞ք մեկ վարժություն, որը կհետաքրքրի մեր ընթերցողներին և նրանք դա կիրառեն իրենց մանուկների զարգացման համար:
 

Այս ֆորմատով կարող եմ առաջարկել ուշադիր հետևել երեխայի խաղերին կամ նկարներին: Երեխաները չափազանց կարևոր տեղեկատվություն են հաղորդում իրենց խաղերի, նկարների միջոցով: Դա նրանց լեզուն է: Ծնողները պետք է կարողանան երկխոսություն հաստատել երեխայի հետ, հարցադրումների շնորհիվ օգնել երեխային արտահայտել իրենց հուզող ապրումները, մտքերը և ապահովություն ու վստահություն ներշնչել երեխային:


Հարցազրույցը պատրաստեց Նարե Ոսկանյանը

  • 2021-10-18
×