«Պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է նկատել, փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում»:

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • «Պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է նկատել, փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում»:

«Պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է նկատել, փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը:

 

Առօրյա աշխատանքում ժամանակ ունենո՞ւմ եք մտածել հոգևոր կյանքի մասին:

 

Աշխատանքը պետք է այնպես կազմակերպել, որ այն հոգևորից բխի: Երբ աշխատանքին մոտենում ես այդ տեսանկյունից, փորձում ես աշխատանքդ կարևոր հոգևոր հարթության մեջ դնել և պահել:

 

Որքա՞ն հաճախ եք շնորհակալ լինում Աստծուն:

 

Միշտ: Քանի որ ամբողջ կյանքի ընթացքում զգացել եմ Նրա առաջնորդող, օգնող Ձեռքը: Բոլոր ծանր պահերին, որոնք կարող էին վատ հետևանքներ ունենալ, ճակատագրական դառնալ կամ կարևոր էին իմ  ապագայի և ընտանիքի համար, միշտ զգացել եմ այն ուժը, որ ձեռքիցս բռնած առաջնորդել է ինձ: Կարևորը հավատալն է Աստծո զորությանը: Բայց դա խոսքով չէ, որ պետք է լինի: Մարդն իր ներսո՛ւմ պետք է զգա այդ ուժը: Երբ զգում ես Պահապան Աջը, հավատալն ավելի հեշտ է դառնում: Հավատալն իրականում այդքան էլ հեշտ բան չէ: Հավատալու համար ինչ-որ երևույթներ, ապացույցներ են պետք:

 

Ինչպե՞ս եք սովորեցնում Ձեր երեխաներին գոհ և երախտապարտ լինել: Ձեր երեխաներին հոգևոր որևէ գիտելիք փոխանցո՞ւմ եք: Եթե այո, ապա ի՞նչ և ինչպե՞ս:

 

Աշխատում ենք ամեն կիրակի ընտանիքով եկեղեցի գնալ, մասնակցել Ս. Պատարագին: Երեխաները թեև փոքր են, սակայն նրանց համար ընթերցում ենք «Մանկական Աստվածաշունչ», հոգևոր բովանդակությամբ մուլտֆիլմեր և հաղորդումներ են դիտում: Բայց քանի դեռ փոքր են, աշխատում ենք նրանց շատ չծանրաբեռնել:  

 

Ունե՞ք նախընտրելի եկեղեցի: Հաջողվո՞ւմ է Ձեզ մասնակցել կիրակնօրյա Ս. Պատարագին, Ս. Հաղորդություն ստանալ:

 

Նախընտրելի եկեղեցի դեռևս չունենք: Դա կլինի այն եկեղեցին, որտեղ կմկրտենք մեր երեխաներին: Ամեն անգամ տարբեր եկեղեցիներ ենք այցելում:
 

Ցավոք սրտի, դա կենսակերպ չի ստացվում դարձնել, քանի որ շաբաթ և կիրակի օրերին էլ եմ աշխատում: Սակայն փորձում ենք որքան հնարավոր է հաճախակի մասնակցել Ս. Պատարագի և հաղորդվել, թեև միշտ չէ որ ստացվում է:

 

Հայաստանում բազմաթիվ կրոնական կազմակերպություններ են գործում, և շատ մարդիկ բողոքում են հոգևորսության տարբեր դրսևորումներից: Ըստ Ձեզ, կա՞ արդյոք կրոնական հանդուրժողականություն Հայաստանում:

 

Տպավորություն կարող է ստեղծվել, թե մենք հանդուրժող չենք: Սակայն պատկերն իրականում այլ է. մենք չափից դուրս հանդուրժող ենք: Հայաստանում այսօր բնակավայրեր կան, որտեղ իրական քրիստոնյաներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, շատ քիչ են մնացել: Դա խնդիր է, որը ջլատում է հասարակությունը:

Եվ այդ պատկերի ձևավորումն արդեն իսկ հետևանքն է մեր հանդուրժողականության, որը միգուցե ավելին է, քան պետք է: Սակայն միևնույն ժամանակ մենք կարծեք թե սկսում ենք նաև գիտակցել այն սահմանը, որից հետո հանդուրժողականությունը վերածվում է հիմարության:
 

Ես կարող եմ, օրինակ, հանդուրժել ամենատարբեր աղանդների գոյությունը: Սակայն մի պարագայում՝ եթե նրանք չփորձեն մտնել իմ աշխարհ, քանի որ երբ դա տեղի է ունենում, ես դա դիտարկում եմ որպես ոտնձգություն իմ անձնական կյանքի, իմ հոգևոր ներաշխարհի հանդեպ: Եվ բնական է, որ այդ պարագայում պատասխանը շատ կտրուկ է լինում: Կտրուկ պատասխանի դրվագը վերցնելով՝ շատերը կարող են ասել, թե դա անհանդորժողականություն է: Բայց երբ դուռդ թակում են և փորձում քո տուն մտնել՝ ամեն կերպ իրենց գաղափարները տարածելով, ես դա դիտարկում եմ որպես ոտնձգություն, ներխուժման փորձ: Այդ պարագայում իմ արձագանքը կարող է ընկալվել որպես անհանդուրժողականություն: Սակայն դա այդպես չէ, այլ՝ ճիշտ հակառակը: Ես տանը հանգիստ նստած հանդուժողաբար մտածում էի, որ կան կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց համար հավաքվում են, աղոթում են և ես իրենց ոչինչով չէի խանգարում՝ իրենց տարածք չէի մտնում, նրանց չէի վիրավորում, չէի կոպտում, ոչինչ չէի անում: Բայց շատ հաճախ նրա՛նք են ձգտում քո ներաշխարհ մտնել, իսկ դա արդեն իմ բնական հակազադեցությանն է հանգեցնում: Մենք չափազանց հանդուրժող ենք, երբեմն՝ նույնիսկ ավելին, քան պետք է:

 

Որպես լրատվական ծառայության տնօրեն, առնչվում եք ինֆորմացիոն մեծ հոսքի հետ, որտեղ մեծ տեղ է գրավում սպանությունների, դժբախտ դեպքերի մասին տեղեկատվությունը: Բացասական ինֆորմացիայի տեղատարափը արդյո՞ք չի ազդում մարդու արժեհամակարգի վրա:

 

Օրինակի վրա դիտարկենք. մարդ, ով սնվում է առողջ սնունդով և մարդ, ով ֆաստ ֆուդ՝ արագ սնունդ է նախընտրում: Իրականում բոլորը կարող են գնել թե՛ այս և թե՛ այն սնունդը: Դա մարդու ընտրությունն է, որը պետությունը կամ հասարակությունը չի սահմանափակում: Ակնհայտ է, որ առողջ սնունդ օգտագործողն ավելի առողջ պետք է լինի ու լավ ինքնազգացողություն ունենա, քան ֆաստ ֆուդով սնվողը: Նույնը լրատվության ոլորտում է: Կա ցանկացած տիպի լրատվություն՝ թե՛ բացասական և թե՛ դրական, և մարդն ինքն է ընտրում իր համար նախընտրելի լրատվությունը: Օրինակ՝ սպանության մասին լուրն ավելի ինտրիգային է և մեծ դիտողականություն ունի, քան երեխայի ծննդյան մասին լուրը: Ամբողջ աշխարհում է այդպես: Ժամանակակից աշխարհում տեղեկատվական հոսքերը սարսափելի մեծ են, և մարդն ինքը պետք է այդ հոսքերից առանձնացնի այն տեղեկատվությունը, որն  իրեն հետաքրքրում է:
 

Եթե մարդը վերցնում է հիմնականում բացասական տեղեկատվություն, դա, ժամանակի ընթացքում, այսպես թե այնպես, իր բացասական ազդեցությունն է թողնելու նրա հոգեվիճակի վրա: Մարդիկ դառնում են ավելի ագրեսիվ, նյարդային, բռնկվող, վատատես: Դա նաև  առողջական և հոգեբանական լուրջ խնդիրների կարող է հանգեցնել: Իսկ հանրային մաշտաբով  դա նաև արժեհամակարգի որոշակի խեղման է հանգեցնում:
 

Համաձայնեք, որ տարիներ առաջ մենք շատ ավելի հանդուրժող, զիջող, բարեհամբույր, սրտացավ և ուշադիր էինք միմյանց հանդեպ: Հիմա այդ պատկերը կտրուկ փոխվում է: Մարդկանց միջև նույնիսկ նորմալ շփումն է պակասում: Ավելի քիչ կհանդիպես այնպիսի երևույթների, երբ մարդիկ իրար զիջում են, հասկանում, օգնում միմյանց: Դա սպունգի նման բացասականի կլանման հետևանքն է, որը չի կարող իր վատ ազդեցությունը չթողնել մեր հոգեվիճակի, ներաշխարհի և մտածողության վրա: Իհարկե պետք է խոսել վատի մասին: Բայց դա չպետք է լինի լավի հաշվին: Հնարավոր չէ սահմանափակել բացասական լուրերի հոսքը, երբ ինֆորմացիա ստանալու սահմանափակում մեր մոլորակում այլևս չկա: Այս առումով, պայքարել բացասականի դեմ ծայրահեղ բարդ է: Պետք է փորձել առավել շեշտադրված դարձնել այն լավն ու լուսավորը, որը կա մեր կյանքում և որը մենք շատ հաճախ չենք նկատում: 


Զրուցեց՝ Էլիզա Մանուկյանը
 

    

  • 2021-10-18
×