«Այսպես թե այնպես, բոլորն էլ դեպի Աստված են գալիս». Տիգրան Քոչարյան

«Այսպես թե այնպես, բոլորն էլ դեպի Աստված են գալիս». Տիգրան Քոչարյան

Անկախ նրանից, թե որ բնագավառում ես, ինչ արժեքների ես հետևում և ինչ սկզբունքներ ունես, միևնույն է, Աստծո ներկայությունն ամենուր է… Qahana.am-ի հյուրասրահում այսօր բլոգեր, ֆիզիկոս-մաթեմատիկոս, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն է:

 

Մասնագիտությունը հավատքին, կամ հավատքը մասնագիտությանը որքանո՞վ է օգնում և խանգարում:
Ճիշտն ասած տարբեր մասնագիտություններ ունեմ, բայց հավատքս մեկն է: Հավատքը նրանով է օգնում, որ զուտ աշխատանքի ժամանակ տարբեր բարդության խնդիրներ են առաջանում, բայց քանի որ կյանքի հանդեպ ընդհանուր գաղափարախոսությունը կազմված է, կարողանում եմ այդ անհաջողությունները, խնդիրները լուծել:


Որպես բլոգեր, տեղեկատվական անվտանգության մասնագետ, հավատքը որքանո՞վ է կարևոր:
Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը ժամանակին շատ քիչ էր լուսաբանվում համացանցում: Առաքելական եկեղեցու մի քանի հետևորդներով փորձում էինք այդ իրավիճակը շտկել, մինչև եկեղեցին էլ գիտակցեց, որ այս ոլորտում պետք է մեծ ռեսուրսներ ներդնել, ինչի արդյունքում եկեղեցու հետևորդների թիվը նաև համացանցում ավելացավ, և շատ խնդիրներ լուծվեցին: Նաև ասեմ, որ եթե հավատացյալ ես, քեզ ավելի հեշտ է պայքարել անհավատության սնապաշտության ու նման երևույթների դեմ: Գրեթե միշտ՝ հիմնական խնդիրը եղել է համացանցում աղանդների քարոզչությունը, քանի որ իրենց հիմնական հովանավորյալները գտնվում էին Հայաստանից դուրս և շատ լավ էին տիրապետում այդ հմտություններին, մեթոդներին: Ընթացքում դիմադրեցինք, բայց հիմա շատ հաջող քարոզչություն ենք անցկացնում: Նաև եկեղեցին արդեն ներգրավված է և շատ դեպքերում նույնիսկ նախահարձակ է լինում: Արդեն այն ժամանակները չեն, երբ եկեղեցին կամ եկեղեցու հետևորդները միշտ պաշտպանվողի դերում էին: Քարոզչություն, եկեղեցական տոների մասին տեղեկատվություն… Համացանցում ամեն ինչ կա:


Երբ նայում եք կողմնակի աչքով՝ որպես ընթերցող, այդ քարոզչությունը հասանելի է՞ ժողովրդին, թե՞ դեռևս կան թերի ու դատարկ տեղեր:
Սա ամենօրյա գործընթաց է: Առաքելական եկեղեցին այս դաշտում ճիշտ ուղղությամբ է շարժվում, մարդիկ հանգիստ կարողանում են տեղեկատվություն գտնել հավատքի դաշտում իրենց հուզող հարցերի մասին: Խնդիրը հետևյալում էր. մարդիկ շատ հաճախ չգիտեինն, որտեղից ճիշտ տեղեկատվություն գտնեն և ընկնում էին աղանդավորական այս կամ այն կայքի հետքի վրա՝ չիմանալով այդ մասին: Այդտեղ սխալ տեղեկատվություն էին ստանում ու վերջնական հայտնվում նրանց թիրախում: Հիմա այդ հարցը լուծվել է, եկեղեցին ինտերակտիվ է դարձել: Նախկինում մարդը պետք էր հասնել եկեղեցի՝ իր հարցի պատասխանը ստանալու համար: Իսկ հիմա կարելի է “Facebook” սոցիալական ցանցով գտնել քահանաներին և ցանկացած հոգևոր հարցի պատասխան ստանալ: Այս կարևոր խնդիրն էլ է լուծվել: Հիմա կարևոր գերխնդիրը պետք է լինի այն, որ կարողանանք մեր մոլորյալ հայրենակիցներին հետ բերել մեր մայր եկեղեցի…


Տիգրան, որքանո՞վ է այսօր լրատվության մեջ տեղ գտած տեղեկատվությունն անվտանգ՝ լինի դա քաղաքակա՞ն, թե՞ կրոնական տեսանկյունից:
Այնքանով, որքանով կարողանում ես ճիշտ տեղեկատվությունը յուրացնել: Նախկինում տեղեկատվության տարածման միջոցները խիստ սահմանափակ էին՝ հեռուստատեսություն, ռադիո, թերթ, և ամեն մարդ չէր կարող հայտնվել այնտեղ: Այժմ համացանցը յուրաքանչյուրին հնարավորություն է տվել ունենալ սեփական ամբիոն և նույնիսկ իրականությունից դուրս մտքեր արտահայտել: Եթե ժամանակին դրա դեմը չես առնում, խնդիր է դառնում: Պետք է ուղղակի դեռ դպրոցից բարձրացնել մարդկանց գրագիտությունը, քանի որ մարդը որքան քիչ է կարդում, այնքան հեշտ է նրան շփոթեցնել: Իմ կարծիքով, այս դաշտում պետք է որոշակի ցենզուրա սահմանել:
Ասում են, որ եթե մարդիկ քաղաքական դաշտում են ու պատասխանատու դիրքերում՝ չեն կարող լավ հավատացյալ լինել, քանզի իրավաբանական ևհոգևոր օրենքները գրեթե հակասում են միմյանց:Ես համաձայն եմ այդ կարծիքի հետ: Որքան էլ փորձես քրիստոնեաբար շարժվել քաղաքականության մեջ, այնտեղ օրենքները մեծամասամբ քրիստոնեության դեմ են: Բայց եթե քո մեջ քրիստոնեական արժեքներ կան, ինչ-որ չափով կկարողանաս քեզ շրջապատող աշխարհը փոխել: Շատ իշխանավորներ ասում են, թե քրիստոնյա են, բայց իրենց քայլերը քրիստոնեության հետ որևէ առնչություն չունեն: Ճիշտ է, նման օրենք չկա, բայց երբեմն եկեղեցին պետք է թելադրի իր կանոններն իշխանավորներին, չնայած այն համգամանքին, որ եկեղեցին պետությունից անջատ է: բայց ասեմ, որ ինքս էլ գիտեմ իշխանության մեջ գտնվող մարդկանց, ովքեր հաճախում են եկեղեցի, խորհուրդներ ընդունում այս կամ այն հարցի վերաբերյալ, փորձում հասկանալ, թե իրենց քայլերը որքանով են ճիշտ կամ սխալ: Նման մարդիկ իրենց գործունեության մեջ հաջողությունների են հասնում: 

 

Դուք նաև ֆիզիկոս-մաթեմատիկոս եք: Շատ գիտնականներ ասում են, թե ֆիզիկան և հավատքը միմյանց հակասում են:
Այսպես թե այնպես, բոլորն են դեպի Աստված են գալիս: Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին բուռն աթեիստներ են եղել, ի վերջո ընդունել են Աստծու գոյությունը: Հայաստան էր ժամանել ռուս տիեզերագնաց: Նա ասաց, որ գիտնական է, կենսաբան, միշտ փորձեր է անում: Հարցրեցին, թե նա հավատացյա՞լ է, թե ոչ, չէ՞ որ կենսաբանությունը հակասում է քրիստոնեական տեսությանը: Նա ժպտալով ասաց, որ հավատացյալ է, և կենսաբանության մեջ էլ շատ երևույթներ կան, որոնց միջոցով պարզ երևում է, որ աշխարհը ստեղծվել է ոչ թե ինքնաբերաբար, այլ ինչ-որ ուժի կամքով: Ասաց, որ երբ գտնվում է տիեզերքում, լավ է զգում, որովհետև Աստծուն ավելի մոտ է:
Ըստ ձեզ՝ Աստծո օրենքներից ո՞րն եք առավել հաճախ խախտում:
Ճիշտն ասած՝ անտարբեր չեմ լավ պատրաստված ուտելիքի հանդեպ: Չեմ կարող ասել, որ տառապում եմ բղջախոհությամբ, բայց դեմ չեմ լավ ուտելուն:

 

Նելլի Մարգարյան

  • 2021-10-18
×