«Ներսդ խառնվում է իրար, երբ ոտքդ դնում ես Արևմտյան Հայաստան». Տեր Զենոն քահանա Բարսեղյան

«Ներսդ խառնվում է իրար, երբ ոտքդ դնում ես Արևմտյան Հայաստան». Տեր Զենոն քահանա Բարսեղյան

  Մոտ երկու շաբաթ առաջ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ ուխտագնացություն կազմակերպվեց մեր պապերի հայրենիք՝ Արևմտյան Հայաստան: Սա հայ հոգևոր ուխտավորների երկրորդ այցելությունն էր Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցի: Այդ երջանիկներն էին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքը, երիտասարդաց միությունը: Առաջնորդում էին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զենոն քահանա Բարսեղյանը և Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա  Գասպարյանը: Այսօր մեր ընթերցողներին հետաքրքիր զրույց է սպասվում Տեր Զենոն քահանա Բարսեղյանի հետ, ով ոգևորությամբ, հայրենասիրությամբ ու ափսոսանքով պատմեց սեփական զգացողությունների, խառնված ուրախ ու տխուր մտորումների մասին: Օրհնեցեք, Տեր հայր: Ի՞նչ փոփոխություններ նկատեցիք, արդյո՞ք հավուր պատշաճի էր պահվում եկեղեցին ու շրջակայքը: Աստված օրհնի: Ի տարբերություն նախորդ տարվա, պետք է ասեմ, որ տարածքը  բարեկարգվել էր: Հողածածկ ու փոշոտ վայրերն ամբողջությամբ սալիկապատվել էին: Եկեղեցում ամեն ինչ նույնն էր, ոչինչ չէր փոխվել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա: Բարեկարգման աշխատանքները հայ համայնքի ջանքերով ու միջոցներո՞վ են կատարվում, թե՞… Այդ հարցին չեմ անդրադարձել, բայց գրեթե վստահ եմ, որ ոչ, ամեն ինչ այնտեղի պետության ջանքերով է կատարվում: Հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ի՞նչ եք կարծում, Սուրբ Պատարագ կմատուցվի՞, թե կկասեցնեն: Ինձ չի թվում, թե նման բան կանեն: Հուսով եմ, մեր հայրենակիցները հնարավորություն կունենան այնտեղ Սուրբ Պատարագի մասնակցել: Այս անգամ Սուրբ Պատարագի մասնակիցներն առավել շատ ուխտավորնե՞ր, թե՞ տեղի բնակիչներ էին:   Մեր ուխտագնացների խումբը 147 հոգուց էր բաղկացած, շատ կային ուխտավորներ Արևելյան Հայաստանից: Թուրքիայի հայ համայնքից ներկայացուցիչներ ևս ներկա էին: Ի տարբերություն 2013 թվականի, 2014 թվականի պատարագին մասնակցում էին նաև հունաց տիեզերական պատրիարքը, ասորիների միտրոպոլիտը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ներկա էին նաև Թուրքիայի վարչապետի ներկայացուցիչը, Վանի քաղաքապետը: Կարծում եմ, այս տարի ավելի մեծ արձագանք էր գտել այդ ամենը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պատարագից հետո անդաստան կատարվեց, օրհնվեց աշխարհի չորս ծայրը, աղոթք կատարվեց Հայաստանի Հանրապետության, հայրապետության համար, իսկ վերջում կազմակերպվեց համերգային միջոցառում՝ եկեղեցում երգող երգչախմբի մասնակցությամբ: Իսկ դուք տեղեկացվա՞ծ եք, արդյո՞ք տարվա մնացյալ 364 օրերին այնտեղ ուխտագնացներ լինում են: Միանշանակ լինում են: Իհարկե, տարեկան մեկ անգամ է, որ Սուրբ Պատարագ է մատուցվում Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, դա սեպտեմբերի առաջին կիրակի օրն է: Սակայն մնացյալ օրերին նույնպես եկեղեցին բաց է, և ուխտավորները միշտ հնարավորություն ունեն իրենց աղոթքը եկեղեցում հնչեցնել: Տեր հայր, Սուրբ Խաչը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, ինչո՞ւ Սուրբ Պատարագը այնտեղ հենց այդ օրը չի կատարվում, և արդյո՞ք եկեղեցին մշտական սպասավոր ունի: Առաջին հարցին հստակ պատասխանել չեմ կարող, ի սկզբանե այդպես է որոշվել: Իսկ մշտական սպասավոր եկեղեցին չունի, միայն տարին մեկ անգամ Կ.Պոլսի հայ համանքի հոգևորականներն են Սուրբ Պատարագ մատուցում Սուրբ խաչ եկեղեցում: Տեղի բնակչությունը՝ թե՛ քրիստոնյա, թե՛ մահմեդական, ինչպե՞ս է ընդունում եկեղեցու՝ թեկուզ տարեկան մեկօրյա գործունեության փաստը… Կղզում այդ օրն աշխուժություն է տիրում, և դա, ըստ իս, նշանակում է, որ ոչ մեկը և ոչ մյուսը դժգոհ չէ այդ հանգամանքից: Իհարկե, թուրքական պետությունը զգուշավորության բոլոր կանոնները պահպանում է, բավական շատ ոստիկաններ շրջում են կղզում՝ ապահովությունը պահպանելու համար: Իսկ Պատարագին ոչ քրիստոնյաներ մասնակցո՞ւմ են: Այո: Երկու տարվա ընթացքում նկատել ենք, որ շատ քրդեր Սուրբ Պատարագի ընթացքում ծնկի եկած արցունքախառն աղոթք են անում: Անընդհատ ցանկանում են հոգևորականների հետ նկարվել: Երբ ինքդ քո մեջ վերլուծում ես, զգում ես, որ նրանք հայկական արմատներ ունեն: Թեև շատերը կրոնափոխ են եղել, բայց քրիստոնյա ոգին իրենց մեջ է, արյան կանչն է խոսում… Չեմ պատկերացնում ՝ լինել Արևմտյան Հայաստանում և չփորձել հնարավորինս շատ վայրեր այցելել: Ուրիշ որտե՞ղ եք եղել ուխտագնացության ընթացքում: Այս տարի առաջին անգամ այցելեցինք Կտուց կղզու Սուրբ Կարապետ եկեղեցի, որը կիսախոնարհված վիճակում է: Մենք այնտեղ աղոթք հնչեցրեցինք, հոգեհանգստյան կարգ կատարեցինք մեր նահատակների համար: Եղանք Վարագա Սուրբ Խաչ եկեղեցում, որը նույնպես կիսախոնարհ է: Մի մեծ ու հոյակապ համալիր է եղել, իսկ հիմա պահպանվել է միայն մի փոքրիկ հատված: Նույնիսկ ժամանակին որպես անասնագոմ են օգտագործել, բայց մի քուրդ անձնավորություն այդ ամենը մաքրել և եկեղեցու խնամքն իր վրա է վերցրել: Կարսում պահպանվել է հզոր ամրոցը: Առաքելոց վանքը մզկիթ է դարձել: Եկեղեցու գլխից խաչը հանել ու մինարեթ են ավելացրել: Եղանք Բերկրի ջրվեժում, որը մեկ դար առաջ հայ նահատակների արյան կարմիրով է ողողվել: Եղանք Բայազետի ամրոցում, որից մի փոքր հատված է պահպանվել: Տեսանք Վան քաղաքի հզոր Տուշպա ամրոցը, որտեղ վերանորոգման ժամանակ, ցավոք սրտի, շատ-շատ մզկիթներ ավելացան: Մեր հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիում ոչ մի կանգուն եկեղեցի չկա: Իսկ չկա՞ մտավախություն, որ խոնարհված եկեղեցիները կամաց-կամաց մզկիթի կվերածեն, նամանավանդ, երբ նախատիպը կա: Գիտեմ, որ Անիի տարածքում պետք է սկսեն եկեղեցիների նորոգություններ: Ես նույն հարցը տվեցի մեզ ուղեկցողին, ով էլ ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտադրում է եկեղեցիները վերականգնել: Տեր հայր, ի՞նչ զգացողություններ ունեցաք՝ այցելելով Արևմտյան Հայաստան: Եվ ուրախություն ես զգում, և տխրություն: Ուրախանում ես, որ այցելում ես այն վայրերը, որտեղ ապրել ու աղոթել են քո հայրերը, բայց տխրում ես, որ այդ ամենն անխնամ վիճակում է: Սիրտդ ցավում է, որովհետև այն, ինչը հայկական է, քրիստոնեական է, շատ անմխիթար վիճակում է: Թեկուզ այդպես ավիրված, բայց երբ մտնում ես Անիի Մայր Տաճար, զգում ես տիեզերքի ներկայությունն այդ տաճարում, տաճարի հզորությունը, Տիրոջ ներկայությունն ամենուր: Այդ ներկայությունն է, որ քեզ ոգևորում է, բայց հոգիդ տխուր է… Ներսդ խառնվում է իրար, երբ ոտքդ դնում ես Արևմտյան Հայաստան… Գտնվելով մեր նախնիների հայրենիքում՝ օտարություն զգո՞ւմ էիք: Մի հետաքրքիր զգացում կա, որը ոչ միայն ինձ մոտ էր. երբ հոգևոր ծառայության բերումով գտնվում ես տարբեր օտար երկրներում, այնտեղ քեզ համար ամեն բան օտար է՝ և՛ մարդիկ, և՛ պետությունը, և՛ վերաբերմունքը: Նաև դու ես իրենց համար օտար: Բայց երբ գնացինք ԷՐԳԻՐ, ոչ մի օտարություն չէինք զգում, կարծես հաստատուն լինեիր քո քայլերի, քո ընթացքի մեջ: Օտար հասկացությունը չկար: Հետաքրքիր մի զգացողություն էր, որ սա քոնն է, հողը քեզ կանչում է, քո հայրերի արյունը քեզ կանչում է… Ծննդոց գրքում կա Կայենի և Աբելի պատմությունը, ովքեր զոհ էին մատուցում Աստծուն: Աբելի զոհն առավել ընդունելի եղավ, քան Կայենինը, և վերջինս նախանձից դրդված՝ Աբելին սպանեց: Աբելի արյան կանչը հասավ Աստծուն, և Կայենը դրա համար պատժվեց: Նույնկերպ մեր հայերի թափված արյան կանչը հասնելու է Աստծուն, և լինելու է արդարություն: Եթե այնտեղ օտարություն չես զգում, նշանակում է վաղ թե ուշ այն քոնն է լինելու, վերադառնալու է քեզ: Ե՞րբ: Այդ հարցին չեմ կարող պատասխանել (ժպտում է), բայց կարող եմ ասել՝ ինչպես. երբ մեր ազգը դառնա միասնական, համախմբվի մեկ գաղափարի շուրջ, այդ ամենը կիրականանա: Մենք ավելի շատ վստահում ենք օտարներին, քան ինքներս մեզ: Մտածում ենք, թե օտարն է գալու մեզ փրկի: Բայց մեր պատմության ընթացքը ցույց է տվել, որ օտարը երբեք էլ մեզ չի փրկել. Բեռլինի կոնգրես, Սևրի պայմանագիր, Ղարսի պայմանագիր… Մենք պետք է սովորենք ապավինել ինքներս մեզ, վստահել միմյանց: Երբ այդ վստահությունը եղավ, միաբանությունը եղավ, ամեն բան կստացվի: Ս. Հովհաննեսի ավետարանի առաջին ընդհանրական թղթում ասվում է. «Ով սիրում է Աստծուն,  նա պետք է սիրի նաև եղբորը»: (Ա Հովհ 4: 21): Եթե դու չես սիրում նրան, ում տեսնում ես, ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն, Ում չես տեսնում: Եթե մենք ունենք սեր, հարգանք դիմացինի նկատմամբ, ով ունի Աստծո պատկերը, ուրեմն ունենք նաև Աստծո նկատմամբ: Եվ հակառակը՝ եթե ունենք թշնամանք, ատելություն, նախանձ դիմացինի նկատմամբ, ունենք նաև Աստծո նկատմամբ: Մենք պետք է սովորենք սիրել ու հարգել միմյանց, որպեսզի ազգը միաբան լինի, Աստծո ողորմությունը մեզ հետ լինի: Եվ այդ ժամանակ, երբ Խաչն ու սուրը միասին լինեն, Աստծո ողորմությամբ մեր նպատակը ի կատար կածվի… Շնորհակալ եմ, Տեր հայր, հետաքրքիր զրույցի համար: Վերջում ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին: Ես ևս շնորհակալ եմ… Թող Տիրոջ ողորմությունը լինի բոլորիս հետ, որպեսզի կարողանանք որպես քրիստոնյա մեր կյանքն առաջնորդել Տիրոջ Աջի հովանու ներքո: Լինենք միաբան, որպեսզի տիրոջ ողորմությամբ կարողանանք հասնել այն ճանապարհին, այն իղձին, որով ապրում է ամեն մի հայորդի… Ինչպես Դավիթ սաղմոսերգուն իր 90-րդ սաղմոսում է ասում, եթե մենք կարողանանք ապավինել Տիրոջ Խաչին, մեզ ոչ մի չարիք չի կարող պատահել: Իմ հորդորն է հայորդիներին, որպեսզի իրենք փարված մնան իրենց ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ, որովհետև մայրն իր զավակներին միշտ իր գրկում է պահում… Օտարը երբեք ՄԱՅՐ չի կարող լինել… P.S. Ի դեպ, ուխտագնացության մասին վերջերս զրուցել էի մի քանի ուխտավորների հետ, որոնցից յուրաքանչյուրը նույն հետաքրքիր փաստն էր արձանագրում. երբ Թուրքիայի սահմանն ես անցնում, ամեն քայլափոխի, սարերի ամենաբարձր վայրերում Թուրքիայի դրոշն է ծածանվում: Որ կողմ քայլես, ՀԱՅՈՑ ՀՈՂԵՐԻ վրա թուրքական դրոշ է դրված… Ակամա այն տպավորությունն  է ստեղծվում, որ հենց իրենք՝ թուրքերը, չեն հավատում, որ այդ հողն իրենցն է, ու Թուրքիա մտնող յուրաքանչյուր մարդու փորձում են հիշեցնել ու հուշել, թե այդ հողերն իրենցն են… Նելլի Մարգարյան    

  • 2021-10-18
×