«Մեկ ազգ` մեկ եկեղեցի. սա պետք է լինի մեր հավերժ կարգախոսը». Աննա Մայիլյան

«Մեկ ազգ` մեկ եկեղեցի. սա պետք է լինի մեր հավերժ կարգախոսը». Աննա Մայիլյան

Մշակույթի յուրաքանչյուր ճյուղ ապրում և հարատևում է նվիրյալների շնորհիվ… Qahana.am-ի այսօրվա հյուրը երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանն է, ով ազգային և հոգևոր երաժշտությունը պահում է անաղարտ ու մաքուր: Վերջինիս հետ զրուցել ենք ոչ միայն ստեղծագործական հարցերի, այլ մարդկային, հոգևոր արժեքների, աններելի արարքների ու զղջման պահերի մասին:   Ինքներդ մշակույթի մի ճյուղ եք ներկայացնում, որն առնչվում է հոգևոր արժեքներին: Ի՞նչ դեր ունի կրոնը ժամանակակից հայ մշակույթում: Կրոնի մասին ես չէ,  որ պետք է խոսեմ, դա թողնենք աստվածաբաններին: Ինձ համար կարևորը հավատքն է, որը միշտ ներկա է թե մշակույթում և թե արվեստագետի կյանքում: Առանց հավատքի, առանց տիեզերքի հետ կապի, առանց Երկնային Հոր հետ զրույցի արվեստագետը չի կարող ոգեշնչվել և ստեղծագործելու կարողություն ստանալ: Իսկ բնագավառը, որտեղ ես գործում եմ, այսինքն հայ ազգային երգը, անմիջապես կապված է հավատքի, մեր մայր եկեղեցու և ազգային ավանդույթների հետ: Ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել այս բնագավառ, դառնալ նման հոգևոր արժեքների կրող: Շատ սովորական որոշում էր: Բազմիցս այս մասին խոսել եմ: Ես եվրոպական երգի բավական լուրջ դպրոց եմ անցել, ուսանել եմ Եվրոպայի տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում՝ բավականին մեծ և հայտնի վարպետ-երգիչների և երաժիշտների մոտ: Հայ ազգային երգին նվիրվելու որոշումը կար դեռ երաժշտական ուսումնարանում ուսանելու տարիներից:  Բազմաթիվ ելույթների շնորհիվ հետզհետե զգացի, որ ունկնդրին ավելի հուզում են հոգևոր և ժողովրդական երգերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների իմ կատարումները: Իսկ արտասահմանյան փառատոններից հետո էլ ավելի համոզվեցի, որ հայ երգչի առաքելությունը հայ ազգային երգը բարձր որակով ներկայացնելն ու տարածելն է: Չկա ավելի մեծ բերկրանք, քան սեփական ազգային երգը կատարելն ու սիրված լինելը: Դա արվեստագետ մարդուն ինչ-որ բաներից զրկո՞ւմ է: Ամենակարևորն այն է, որ զբաղվում ես սիրած գործով: Բնականաբար, դա նաև նվիրում է պահանջում: Իսկ թե ինչից ես զրկվում այդ ճանապարհին՝ ամեն մեկի համար յուրովի է: Ես միայն ձեռքբերումներ եմ նկատում: Եթե ինչ-որ բանից էլ զրկվում եմ, ապա գիտեմ, որ դա արվում է նորից ի օգուտ ինձ, քանի որ Տերն ավելի լավ գիտի, թե մեզ համար ինչ է հարկավոր այս կյանքում, մնում է, որ մենք, հավատարիմ լինելով՝ անենք մեր գործը: Զղջման պահեր հաճա՞խ եք ունենում: Եթե դա վերաբերում է սխալներին, ապա այո, եթե անցած ճանապարհին՝ ապա երբեք:  Սխալ քայլեր անելուց հետո զղջալը կարևոր է, նաև կարևոր է ներողություն խնդրելը, իսկ եթե կյանքում ինչ որ մի բան չես արել, ապա անիմաստ է զղջալ, քանի որ դա արդեն անցյալում է, իսկ ես աշխատում եմ ապրել այսօրվա օրով: Մարդու մեջ ի՞նչ փոփոխություններ են կատարվում, երբ հոգևոր ուղին է ընտրում: Դուք նման փոփոխություններ զգացե՞լ եք: Եթե խոսքը հոգևոր կյանքի մասին է, ապա, ըստ իս, մենք չէ, որ այն ընտրում ենք: Դա այն ճանապարհն է, որով բոլորս պետք է ընթանանք, քանի որ Քրիստոս եկավ, որ մեզ հովիվ լինի այդ ճանապարհին, նա չեկավ միայն հոգևորականների համար, այլ՝ սովորական մարդկանց համար, լույսով ապրելու և լույս տալու օրինակ եղավ: Այսօր՝ արդի կյանքում, գնալով բարդանում է նման ապրելակերպ վարելը: Հաճախ մյուսների համար դառնում ես տարօրինակ, անհասկանալի: Այստեղ շատ կարևոր է մնացածի համար գայթակղություն չդառնալ և փորձել օրինակ ծառայել: Մոլեռանդ հավատքը ճշմարիտ հավատք չէ: Միայն առաքինի, լուսավոր և բարի կեցվածքով, բարի գործերով կարելի է մարդկանց համար օրինակ ծառայել: Աղոթական վիճակում հաճա՞խ եք լինում: Աղոթքը պարտադիր է, որը յուրաքանչյուրիս համար պետք է կենսական անհրաժեշտություն դառնա: Իհարկե, հաճախ հնարավոր չէ հարմար տեղ և վիճակ ստեղծել աղոթքի համար, քանի որ մեր առօրյա կյանքը բավական բազմազբաղ է, բայց եթե կարողանում ես զբաղված լինելով հանդերձ խոսել Աստծո հետ, ապա դա էլ է աղոթք: Էլ չասեմ, որ հաճախ մխրճվում եմ հոգևոր երգերի ձայնագրությունների  աշխատանքի մեջ և ըմբոշխնում աղոթքով լի այդ ժամանակը: Բնականաբար, ինչպես բոլորը, Դուք ևս բարկության պահեր կունենաք: Ինչպե՞ս եք հաղթահարում: Իհարկե, նման պահեր լինում են տարբեր պատճառներով: Հաճախ դա լինում է շատ անսպասելի, և որքան էլ համոզում եմ ինձ, որ պետք է միշտ ավելի հանգիստ և զուսպ լինել և միանգամից չբռնկվել, հաճախ չէ, որ կարողանում եմ այդ ամենը կիրառել: Այստեղ կարևոր է  ջղայնությունից հետո հասկանալ, որ պետք է նաև ներողություն խնդրել ջղայնությանդ համար՝  աղոթքի միջոցով լինի, թե քահանային խոստովանելով:  Ամեն դեպքում կարևորը հասկանալն է, որ լավ բան չարեցիր: Իհարկե, փորձառության  միջոցով աստիճանաբար կարելի է խուսափել ջղայնությունից, և դա շատ մեծ նվաճում է:  Դա կարելի է մարզել և իհարկե պետք է աղոթել առավոտյան՝ տանից դուրս գալիս, խնդրել Աստծուն՝ զգոն և իմաստուն պահել, որպեսզի ամբողջ օրն անցնի բարի և դրական լիցքերով, զերծ սխալներից և սխալ զգացումներից: Կա՞ն բաներ, որ կյանքում չեք ների՝ անկախ ձեր հավատքի մեծությունից: Չեմ կարող ապագայի մասին խոսել, նաև իրավունք չունեմ դատել, բայց երևի հայրենիքի դավաճանությունը ներել հնարավոր չէ: Աստծո նկատմամբ հավատը փոփոխությունների ենթարկվո՞ւմ է տարիների ընթացքում (Ձեր օրինակով): Հավատի ճանապարհը դպրոցի նման մի բան է, աստիճանաբար պետք է անցնել դասերը և զարգացնել գիտելիքներ, հղկել հոգին: Այդ ճանապարհին լինում են փշոտ պահեր, նեղվածություն, ինչուների շրջան: Այդ ամենը հարկավոր է, որպեսզի էլ ավելի ամրանա հավատքը, համոզմունքը: Այո, ինձ մոտ էլ են եղել տարակուսանքի և թևաթափության, հուսահատության պահեր, սակայն միշտ Տերը հմտորեն ուղարկել է մարդկանց, հոգևորականների և ուղղակի գիտելիք, որպեսզի ես չշեղվեմ և էլ ավելի ամուր քայլեմ իմ ուղով:   Կա՞ Եկեղեցում մի բան, որը Ձեզ համար անընդունելի է, կամ գուցե անհասկանալի, կցանկանայիք շտկել: Մեր Հայ Առաքելական ազգային եկեղեցին դարերի խորքից բերել և մեզ է հասցրել հայոց գիր ու գրականությունը, երաժշտությունը, ճարտարապետությունն ու նկարչությունը:  Այս ամենի հետ մեր եկեղեցին նաև կռվել է թշնամու դեմ և դիմակայել տարբեր պատմական իրադարձությունների: Ինչ էլ որ պատահի և ինչ էլ որ մեզ դուր չգա եկեղեցական կյանքում, իրավունք չունենք փնովել կամ քննադատել: Մնում է, որ մենք բոլորս լինենք հավատարիմ և մեր պահվածքով ու հավատքով կառուցենք, ծաղկեցնենք, շենացնենք մեր եկեղեցին: Մեկ ազգ` մեկ եկեղեցի. սա պետք է լինի մեր հավերժ կարգախոսը:    Նելլի Մարգարյան          

  • 2021-10-18
×