Սերը կյանքի աղն է

Սերը կյանքի աղն է

Ընթերցանության հանդեպ պատանիների հետաքրքրության, գրադարաններում ժամանակակից խաղային տեխնոլոգիաների կիրառման և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցեցինք Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մանկական բաժնի գրադարանավար Օֆելի Դալաքյանի հետ:

 

 

- Որպես գրադարանավար՝ ի՞նչ կասեք պատանիների՝ գրքի ու ընթերցանության հանդեպ վերաբերմունքի մասին: Ավելանո՞ւմ է ընթերցասեր պատանիների թիվը:

- Ունենք հրաշալի սերունդ՝ գրագետ, կիրթ, իր տեղն ու դերն իմացող։ Պիտի փաստեմ, որ, իսկապես, հզոր սերունդ է գալիս, և ինչպես  իմ սիրելի գրող Վարդգես Պետրոսյանն է մի առիթով ասել. «Սա հեքիաթներով կերակրվող սերունդ չի. սրանց կծու-թթու-սուր ուտելիք է հարկավոր»։

Օր օրի ավելանում է ընթերցասեր պատանիների երիտասարդների թիվը, ինչը շատ ուրախալի է: Ընթերցանությանը նպաստում են գրքերի գովազդները, շնորհանդեսները, ստեղծագործությունների քննարկումները, հանդիպումներն արդի գրողների հետ։

 

 

- Ի՞նչ է նախընտրում կարդալ դպրոցահասակների մեծ մասը: Դրանք բացառապես ծրագրայի՞ն գրքեր են, թե՞ պատանիներն առաջնորդվում են նաև անձնական նախասիրություններով:

- Մեր ընթերցողները կարողանում են իրենց ժամանակը ճիշտ բաշխել՝  ընթերցելով ծրագրային գրականություն, ինչպես նաև՝ ժամանակ հատկացնել իրենց նախընտրած գրքերի համար։ Քանի որ մեր բաժնից օգտվում են դպրոցների, քոլեջների և ուսումնարանների ուսանողներն ու աշակերտները, ապա պիտի նշեմ, որ այդ տարիքի ընթերցողները սիրում են կարդալ հիմնականում  սիրային, արկածային և մոտիվացնող գրքեր։

 

 

- Որքանո՞վ եք կարևորում ժամանակակից խաղային տեխնոլոգիաների դերը պատանիների կյանքում, և որքանո՞վ է այն նպաստում ընթերցանության խթանմանը:

- Մեր գրադարանն ունի որդեգրած սկզբունք՝ «Սովորում ենք խաղալով», և հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ առաջնային տեղ է տալիս խաղերին, խաղային նորագույն տեխնոլոգիաներին։ Մենք շատ կարևորում ենք ազգային, հին ու մոռացված խաղերը, որոնք նոր շունչ են ստացել և մտել մեր երեխաների կյանք։ Կրտսեր սերունդը նույնիսկ չի լսել «Յոթ քար», «Քարկտիկ», «Քարարձան», «Աչքկապուկ» և մնացած այլ խաղերի մասին։ Իսկ հիմա վերջիններս երեխաների կողմից  դարձել են սիրելի ու սպասված։ Նոր կյանք տալով հին խաղերին՝ չենք մոռանում ժամանակակից խաղային տեխնոլոգիաների մասին։ Ընթերցողները սովորում են եռաչափ գրիչներով և 3D տպիչներով զանազան իրեր պատրաստել։ Գրադարանի «Ամերիկյան անկյուն» բաժնի TecnoLabYerevan-ն ընձեռում է նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու ազատ հնարավորություն, ինչպես նաև տրամադրում գործիքներ երիտասարդների տեխնիկական հմտությունները և իմացությունը բարելավելու համար, ընթերցողներին օգնում է հայտնվել խաղային աշխարհում։

 

 

- Դուք նաև ստեղծագործում եք: Գրադարանային աշխատանքը գրողի համար որքանո՞վ է հետաքրքիր և օգտակար:

- Ստեղծագործող մարդու համար գրադարանում աշխատելը բախտ է, միևնույն ժամանակ՝ դառնում ես ծարավ աղբյուր. պիտի կարողանաս հասցնել ընթերցել գրքերը, բայց միշտ չէ, որ ժամանակդ բավարարում է։ Իսկ գրադարանային միջավայրը, ընթերցողներն ու աշխատակիցները կենդանի մուսա են ինձ համար, ամեն օրվա գրվելիք պատմվածք։

 

 

- Ի՞նչ խորհուրդ ունի Զատիկը Ձեզ համար:

- «Զատիկ» բառն ինքնին  նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Փորձում եմ ամեն օր այս ուղիով անցնել տրված ճանապարհս։ Իմ ամենասիրելի ու սպասված տոներից է. երևի թե Ամանորին այդքան չեմ սպասում, որքան՝ այս օրվան։ Մի քանի տարի առաջ շարունակ մի միտք էր պտտվում գլխումս. ավելի շատ մենք խնդրում ենք Աստծուց, քան շնորհակալ լինում, ու այս հրաշափառ տոնը հենց այն առիթն է, որ կարողանանք շնորհակալ ու երախտապարտ լինել։ Մեր սերն առ մարդկանց այդ երախտիքը կարող է լինել։

 

 

- Ձեր մաղթանքը՝ մեր ընթերցողներին:

- Ընթերցողներին մաղթում եմ շատ կարդալ, տրվել գրականությանն ու մոռանալ, որ աշխարհում ժամ ու ժամանակ կա: Կարդացե՛ք տանը, դպրոցում, համալսարանում, դասամիջոցների ժամանակ, երթուղայինում, մետրոյում. դրանից առավել մեծ հաճույք չկա։ Եվ, իհարկե, բոլորին կցանկանամ թևեր տվող, մաքուր, զուլալ սեր։ Սերը կյանքի աղն է։

 

Պատրաստեց՝ Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2021-10-20
×