Արտաքսման կիրակի։ Երբ չխոստովանեցին մեղքը

Արտաքսման կիրակի։ Երբ չխոստովանեցին մեղքը

«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդ. 2.16-17):
 
Հայ Առաքելական եկեղեցին  Քառասնորդաց Պահքի կիրակիների միասնությունը կոչել է «Ոսկե շղթա» և դրանցից յուրաքանչյուրին իմաստներ է տվել՝ մատնանշելով մարդկային կյանքի ուղին:
 
Ոսկե շղթայի կիրակիներից  երկրորդը կոչվում է Արտաքսման կիրակի: Այս կիրակին մեզ հիշեցնում է մեր նախածնողների պատվիրանազանցությունը: Նրանք չպահպանեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:
 
Պտղի ճաշակումը մարդկային առաջին մեղքն է եղել: Ոչ թե պտուղն էր չար, այլ  մարդու կողմից Աստծուն չհնազանդվելը:
 
Ադամն ու Եվան դրախտից արտաքսվեցին ոչ այնքան մեղքի պատճառով, որքան մեղքը չխոստովանելու և միմյանց մեղադրելու պատճառով։ Ադամը մեղադրեց Եվային. «Այն կինը, որ ինձ հետ լինելու տվեցիր, նա ինձ տվեց պտուղը, ու ես կերա» (Ծննդոց 3.12): Իսկ Եվան ասաց. «Օձը ինձ խաբեց, և ես կերա» (Ծննդոց 3.13):
Դրախտից արտաքսումը ոչ միայն Ադամի և Եվայի՝ նյութական աշխարհում հայտնվելն էր, այլև Աստծո կենդանարար ներկայությունից զրկվելը:
 
Արտաքսումը ցույց է տալիս, որ մեղքի մեջ ապրող մարդը չի կարող ապրել Աստծո ներկայության մեջ:
 
Մեր դատապարտությունը ոչ թե մեղք գործելն է, այլ՝ մեղքերը չխոստովանելը: Չարը չի կարող վնասել մարդուն, եթե մարդը չվնասի ինքնիրեն:
 
 
Զարա  Ղազարյան
  • 2021-08-09
×