Եկեղեցու առաջին վկան և նահատակը

Եկեղեցու առաջին վկան և նահատակը

Դեկտեմբերի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Ստեփանոսի տոնը: Նա Ընդհանրական Եկեղեցու սուրբ է, և առաջինը, ով նահատակվեց հանուն ճշմարիտ հավատքի, քրիստոնեության: Այդ պատճառով էլ նրան անվանում են  Նախավկա՝ առաջին նահատակ: Նա էր, որ Աստծո Որդուց հետո քրիստոնեական սիրո, զոհաբերության առաջին օրինակը եղավ:

 

 Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ սուրբը գնում է առաքյալների մոտ` մկրտվելով Պետրոս և Հովհաննես առաքյալների ձեռամբ: Մկրտության պահին ջրի վրա երևում է մի լուսապսակ, որն էլ գալիս հանգչում է սրբի վրա, ինչն էլ առիթ է դառնում նրան «Ստեփանոս» անունով կոչելու, որ նշանակում է «պսակավոր»:

 

Սրբի մասին տեղեկանում ենք Նոր Կտակարանի Գործք առաքելոցից: Նրա մասին պատմությունը հետևյալն է. Ինչպես հայտնի է Տիրոջ Համբարձումից և Հոգեգալուստից հետո հավատացյալները հավաքվում էին աշակերտների մոտ, միասին աղոթում, սաղմոսներ երգում, փառաբանում Աստծուն և վայելում ողջ ժողովրդի սերն ու հարգանքը:

 

Այդ օրերին 12 առաքյալները տեսնելով, որ այլևս չեն կարողանում իրենց ծառայությունը բերել հավատացյալների բազմությանը, կանչեցին աշակերտներին ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծո խոսքի քարոզությունը և սեղաններ սպասարկել: Եղբայրնե՛ր, ընտրեցե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող յոթը մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար. իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք» (Գործք 6:2-4):

 

Հավատացյալները ընտրեցին յոթ մարդու, այդ թվում Ստեփանոսին, ով հավատով ու Սուրբ Հոգով լցված մարդ էր: Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթելով՝ ձեռքերը դրեցին նրանց վրա (Գործք 6:5-6):

 

Դա սարկավագության ձեռնադրության առաջին օրինակն է:
Եվ քանի որ Սուրբ Ստեփանոսը պատմության մեջ առաջին յոթ սարկավագներից է, նրա տոնին նվիրված օրն է կատարվում սարկավագական ձեռնադրությունը:
Ստեփանոսը, լցված լինելով Սուրբ Հոգով ու շնորհներով, մեծամեծ նշաններ էր անում, քարոզում, աղոթում ու բժշկում մարդկանց:

 

Սակայն երբ նա վկայում էր ատյանում, որ Հիսուսը մարգարեների միջոցով կանխահայտնված Մեսիան է, բոլոր ներկաները տեսան, որ Սուրբ Հոգու զորությամբ խոսող Ստեփանոսի դեմքը փայլում: Եվ մինչ նա խոսում էր, նայեց երկինք ու տեսավ Աստծո փառքը և Հիսուսին ու ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը» (Գործ. 7:55): Այս լսելով՝ հրեաները փակեցին իրենց ականջները, մոլեգնեցին, նետվեցին նրա կողմը և քաղաքից դուրս հանելով՝ քարկոծելով սպանեցին: Եվ նույնիսկ այդ պահին արնաթաթախ, մահվան շեմին ծնկած սուրբը աղոթում էր իրեն սպանողների համար. «Տե՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց» (Գործք 7:55): Ինչպես Տերը, խաչված լինելով, ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34):

 

Սուրբ Ստեփանոսը Քրիստոսի մահվան դատավճռի ժամանակ դեռ պատանի էր և ծառայում էր Կայիափա քահանայապետին, ում տուն Տիրոջը տանելու ժամանակ, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ և մոտենում նրան` ի նշան իր անդավաճան ու անկեղծ սիրո: Այս արարքը զայրացնում է քահանայապետին, և նա Ստեփանոսին վռնդում է: Նա ներկա է գտնվում Տիրոջ մահվանն ու թաղմանը և Քրիստոսի հրաշափառ հարությամբ ուրախություն ապրում առաքյալների հետ:

 

 Ստեփանոսը դարձավ Եկեղեցու առաջին վկան և նահատակը: Նրա նահատակության վայրը Երուսաղեմի արևելյան դարպասն էր, որը հետագայում կոչվեց Ստեփանոսի դուռ:

 

Մեր օրերում Սուրբ Ստեփանոսի նման Սուրբ Սեղանին և Տիրոջ Սուրբ Եկեղեցուն իրենց ծառայությունն են մատուցում սարկավագները՝ սպասավորները, ովքեր ծառայում են՝ հետևելով Քրիստոսի օրինակին՝ «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մատթեոս 20:28):

  • 2021-08-09
×