Հարցազրույց Տեր Միքայել քհն. Նուրիջանյանի հետ. «Եկեղեցին երբեք չի տարանջատվել հավատացյալից»

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • Հարցազրույց Տեր Միքայել քհն. Նուրիջանյանի հետ. «Եկեղեցին երբեք չի տարանջատվել հավատացյալից»

Հարցազրույց Տեր Միքայել քհն. Նուրիջանյանի հետ. «Եկեղեցին երբեք չի տարանջատվել հավատացյալից»

- Ի՞նչ է Եկեղեցին՝ որպես կառույց և խորհուրդ: Որտե՞ղ է պետք  փնտրել և գտնել Աստծուն

- Եկեղեցի նշանակում է հավատացյալների ժողով, որտեղ համախմբված են մեկ մկրտություն, մեկ հավատ ունեցող մարդիկ, ովքեր պաշտում են միևնույն Աստծուն ճշմարիտ դավանությամբ: Այսքանով, կարծում եմ, ամբողջական է Եկեղեցի բառի բացատրությունը, սակայն պետք է իմանալ, որ Եկեղեցին, հավատացյալների ժողով լինելուց զատ, նաև մեզանից յուրաքանչյուրն է, ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում. «Չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:  

Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ քարեղեն եկեղեցին կամ տաճարը իբրև Աստծո տուն է ընկալվում, ըստ այսմ՝ «... Չգիտեիք, թե Հորս տանը պետք է լինեի», ինչպես նաև «...Դու պետք է լինես այն վեմը, որի վրա պետք է կառուցեմ իմ եկեղեցին»:

Եկեղեցին, որի շնորհիվ տարածվում է Աստծո խոսքը, հաստատվել է Աստծո կողմից: Եկեղեցու հայրերն ասել են. « Չկա փրկություն եկեղեցուց դուրս»: Եկեղեցին թե՛ որպես կառույց և թե՛ որպես խորհուրդ հաստատված է և առաջնորդվում է Աստվածաշնչով և Սրբազան ավանդությամբ, որն է եկեղեցու հայրերի թողած ժառանգությունը: 

Եկեղեցու հիմքերը դրվեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից՝ Իր Խաչելությամբ և Հարությամբ, սակայն այդ հիմքերն ամրանում են Քրիստոս Հիսուսի սիրո համար թափված սուրբ նահատակների արյամբ:

Աստծուն պետք է գտնենք նախևառաջ մեր հոգում և սրտում, քանզի մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պետք է տեսնեն»: Յուրաքանչյուրս՝ իբրև Սուրբ Հոգու տաճար, պետք է կարողանանք մեր կենցաղով, հավատով, քրիստոնեավայել ապրելակերպով գտնել Աստծուն մեր ամենօրյա աշխատանքի մեջ, քանի որ Աստված ամեն բան ստեղծելուց հետո տեսավ, որ լավ է և բարի, ուրեմն՝ մենք է մեր յուրաքանչյուր գործի մեջ պետք է տեսնենք բարին, իսկ բարու հիմքը Աստված է: 

 

- Տե՛ր հայր, Եկեղեցի՞ն է գնում դեպի հավատացյալը, թե՞ հավատացյալն է գնում դեպի Եկեղեցի: 

- Եթե Եկեղեցին ընկալում ենք որպես մեկ ընդհանուր հասկացություն, այսինքն՝ հավատացյալների ժողով, ապա երկուստեք սերտաճած են, և որևէ մեկը որևէ մեկի մոտ գնալու կարիքը չունի, քանի որ փոխադարձաբար ապրում են՝ միմյանց նկատմամբ ունեցած հոգսերով, խնդիրներով և ձեռքբերումներով: Եթե փորձում եք տարանջատել հոգևորականներին հավատացյալներից, սխալվում ենք: Եկեղեցին՝ որպես կառույց, իր հոգևորականներով, մշտապես ժողովրդի մի մասն է կազմել, քանի որ հոգևորականն էլ հենց այդ ժողովրդի ծոցից է դուրս եկել, իսկ ժողովուրդն էլ՝ իբրև հավատացյալ, այդ կառույցի մշտամնա խնամք և հոգատարություն ցուցաբերողն է։ Կառույցը հոգ է տանում հավատացյալների հոգևոր, և ոչ միայն, կարիքների համար՝ Սուրբ Պատարագների, քարոզների, հոգևոր դասընթացների, սոցիալական ծրագրերի միջոցով, իսկ վերջիններս էլ կառույցի նկատմամբ ունեցած նվիրումով և հավատրմությամբ հոգում են նրա կարիքները: Այսպիսով, երբեք չի տարանջանտվել Եկեղեցին հավատացյալից:

 

- Այս օրերին եկեղեցու դռները փակ են, բայց որքանո՞վ է Աստված ներկա յուրաքանչյուրիս կյանքում։

 - Այո՛, ներկա իրավիճակից ելնելով, արարողություններն անցկացվում են դռնփակ և առանց հավատացյալների մասնակցության, սակայն մեզանից յուրաքանչյուրի սրտում և հոգում կա Աստծո ներկայությունը, ինչը ծնում  է հույս և համբերություն: 

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Երանի նրան, ով մինչև վերջ կհամբերի...»: Համբերում է նա, ով հույսով է լցված, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում, ինչպես ասում է սաղմոսերգուն: 

Այսպիսով, ամենքս՝ իբրև ճշմարիտ քրիստոնյա, պետք է ունենանք հավատի համբերություն, որի շնորհիվ կունենանք Աստծո ներկայությունը մեր կյանքում: Նա, ով ուզում է գտնել Աստծուն իր կյանքում, պետք է նաև ունենա իր մտքերի, իր խոհերի հետ առանձնանալու հնարավորություն, որն էլ կմղի ինքնաքննության, ինքնամաքրման, զղջման ու ապաշխարության։ Այստեղ էլ կգտնենք Աստծուն և կհաշտվենք Աստծո հետ՝ մաքրվելով մեր մեղքերից:

 

- Սովորաբար աղոթքի օգնությանը դիմում են անելանելի իրավիճակներում։ Ե՞րբ և ինչպե՞ս պետք է աղոթել։ Աղոթելու համար պատճառ պե՞տք է:

-Ցավոք սրտի, մենք գրեթե միշտ աղոթքի ենք կանգնում, երբ Աստծուն որևէ խնդրաք ունենք ներկայացնելու, փորձության մեջ ենք, դժվարություններ ունենք, կյանքի վայրիվերումներին չենք դիմանում, սակայն մոռանում ենք աղոթքի միջոցով շնորհակալություն հայտնել Աստծուն Իր պարգևների համար: 

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Դուք մի՛ փնտրեք, թե ինչ պետք է ուտեք, ինչ պետք է խմեք, ինչ պետք է հագնեք, քանի որ այդ ամենը փնտրում են հեթանոսները, այլ դուք նախևառաջ խնդրեք երկնքի արքայությունը և Աստծո արդարությունը, իսկ մնացած ամեն բան ավելիով կտրվի ձեզ»:

Ուրեմն՝ մենք պետք է կարողանանք հոգևոր կարիքների մասին մեր աղոթքներում առաջնային դեր հատկացնել, իսկ նյութականի մասին Աստված ինքը կհոգա: 

 

- Երբ հետ հայացք եք գցում անցյալին,  արդյոք նկատո՞ւմ եք փոփոխություններ՝  Եկեղեցու շուրջ մեր համախմբվածության հետ կապված։

- Բնականաբար, մեծ առաջընթաց կա համախմբվածության առումով, հատկապես երիտասարդների շրջանում, և դա բնական է, քանի որ անցում ենք կատարել աթեիզմից դեպի աստվածապաշտական ժամանակաշրջան: Երիտասարդ սերունդն ավելի ու ավելի է ներգրավվում եկեղեցական կյանքում, նպաստում Աստծո խոսքի տարածմանը՝ մասնակցելով բազմապիսի հոգևոր և ազգային-մշակութային միջոցառումների, որոնց շնորհիվ էլ ընդլայնվում է հավատացյալների ընդգրկվածությունը և իրականություն է դառնում Աստվածաշունչ մատյանի պատվիրաններից մեկը . «Աճեցե՛ք և բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան»: Այս պատվիրանը վերաբերում է ոչ միայն որդեծնությանը, այլ նաև քրիստոնեական համայնքների աճին, քանի որ ամենքս՝ իբրև Քրիստոս Հիսուսի ճշմարիտ հետևորդներ, պետք է թագավորենք միակ և ճշմարիտ Թագավորի՝ Քրիստոս Հիսուսի հետ:

 

- Ներկայիս իրավիճակը ինչպե՞ս է անդրադարձել հոգևոր կյանքի վրա: Ի՞նչ է փոխվել։

- եթե անհատն ունի հիմավոր հավատ, հույս և սեր, ապա կյանքի որևէ իրավիճակ չի կարող սասանել նրան իր հավատից, իսկ եթե ապրում է կյանքի տարուբերումներով, սասանվող ու երերացող հավատով, ապա մեծ դժվարություններ կունենա ամեն մի իրավիճակում: Այսօր որոշ մարդկանց մոտ հուսահատություն է նկատվում, որոշների մոտ՝ հավատի առավել ամրություն՝ ապաշխարության մեջ հաստատված լինելու արդյունքում: Պետք է ծայրահեղության մեջ չընկնենք և չխռովվենք, ինչպես ասում է Քրիստոս. «Կլինեն պատերազմներ, երկրաշարժներ, ջրհեղեղներ, համաճարակներ..., բայց դուք չխռովվեք»: 

Հավատի մեջ հաստատուն մնալ է պետք և հոգևոր անդորրություն ու անվրդովվություն, որպեսզի չփոփոխվենք և հետևենք Միակ ու Ճշմարիտ Աստծուն և Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին՝ մեզ հետ ունենալով Սուրբ Հոգու մխիթարությունը:

 

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Մարկոսյանը

  • 2022-02-08
×