«Մեր սպառազինությունը հավատքն է»․ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան

«Մեր սպառազինությունը հավատքն է»․ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան

Տարեմուտի վերջին և տարեսկզբի առաջին օրերը քրիստոնյայի համար անցնում են լուռ՝ աղոթքի ու պահքի մեջ։ Այժմ գտնվում ենք հենց այդ փուլում՝ պահելով Սուրբ Ծննդյան պահքը, որին հաջորդելու է Սուրբ Ծննդյան Ավետիսը։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի նախաձեռնությամբ՝ այս օրերին հավատացյալները հնարավորություն ունեն անցնել պահքը՝ լսելով թեմի հոգևորականների խոսքն ու խորհուրդները։

Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նորիջանյանի հետ զրուցել ենք  պատերազմի օրերին մարտի դաշտում և թիկունքում գտնվողների, հավատի մասին։

 

-Դուք այն հոգևորականներից եք, ով առաջնագծում է եղել պատերազմի օրերին: Որքանո՞վ է կարևոր հավատի դերը մարտի դաշտում:

-Հավատը հենարան է, փրկօղակ, խարիսխ: Գաղտնիք չէ, որ հավատը կարևոր է ոչ միայն մարտի դաշտում, այլև ամեն տեղ և ամեն պարագայում:

Կյանքն ինքնին պայքար է: Երբ ալեբախությունները շատանում են, փոթորիկն՝ ուժեղանում, մարդ ավելի շատ է ցանկանում մի որևէ տեղ խարիսխ նետել, որպեսզի պայքարելու հենարան և ուժ ունենա:  Պայքարի մեջ մեր սպառազինությունը հավատքն է: Երբ յուրաքանչյուր անցնող րոպեն մարդ տեսնում է մահեր և նահատակություններ, լսում այդ մասին, երբ մտածում է, որ հերթական արկը կարող է չխնայել նաև իրեն, և երբ հասկանում է, որ ամեն բան մեկ րոպե հետո կարող է անցնել, սկսում է կառչել ամենահուսալի պաշտպանից՝ Տիրոջից:

«Աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»- ասում է Տերը: Իսկ երբ արդեն ընկել եք, աղոթք արեք, որ դուրս գաք դրանից:

 

- Ասում են՝ մարտի դաշտում Աստծուն չհավատացողներ չկան. Դուք ի՞նչ տեսաք Ձեր աչքերով։

- Անհավատ մարդ իսկապես չկար: Զինվորական, թե բուժաշխատող (այնտեղ գտնվող բոլորն այս երկու խմբի մեջ էին) ծարավ էին օրհնության և աղոթքի: Երբ որևէ զորքի էինք մոտենում, զրուցում և ապա զինվորներից մեկին օրհնում էինք, այդ պահին ամբողջ զորքը շրջապատում էր մեզ: Առանց բացառության՝ բոլորը: Ովքեր էլ չէին կարող ՝ մարտական խնդրի պատճառով, զինակից ընկերներն անպայման մեզ ուղեկցում էին նրանց մոտ: Եվ չի եղել մի դեպք, որ որևէ մեկն ասի՝ ինձ մի օրհնեք, ինձ Աստված արդեն օրհնել է, ինչպես հաճախ լսել ենք և լսում ենք կրոնական հայտնի ոչ առաքելական շրջանակներից, կամ ասի՝ խաչն իմ գլխին մի դրեք, որովհետև ես աթեիստ եմ կամ այլ կրոնական համոզմունքներ եմ դավանում: Բոլորի աչքերում կար ակնկալիք, հավատ, սպասում: Այդպես էր և՛ թիկունքում, և՛ առաջնագծում, և՛ հոսպիտալներում, ամենուր: Ամբողջ Արցախն էր առաջնագիծ և Արցախում գտնվող բոլորը՝ ջերմեռանդ հավատացյալ:

 

- Վերադառնալով մարտի դաշտից և տեսնելով տրամադրությունները թիկունքում՝ ի՞նչ կարող եք ասել․ արդյո՞ք հավատն առ Աստված երկու ճակատում նույն կերպ էր արտահայտվում:

- Հավատքը խմորվել և շատացել էր նաև թիկունքում: Եկեղեցիներ հաճախողները և, ընդհանրապես, աղոթողները բազմապատկվեցին: Իհարկե, լավ է, որ փորձության մեջ Տիրոջն ենք ապավինում, բայց կա նաև ցավալի մի բան. հենց պատերազմն ավարտվեց՝ հրադադարը հաստատվեց և գործնականում էլ կիրառվեց, հենց այդ նույն օրվանից սկսած՝ եկեղեցիները նորից դարձան կիսադատարկ:

 

- Հոգևոր տեսակետից, ի՞նչ կարող էին թիկունքում գտնվողները փոխանցել զինվորներին, որն այդպես էլ չարեցին:

- Աստված տարբեր միջոցներով է իր զավակներին  կանչում դեպի Իրեն: Շնորհակալությամբ և գոհաբանությամբ Տիրոջ առջև կանգնող մարդուն ընձեռում է առիթներ՝ ավելի շատ շնորհակալ լինելու: Իսկ երբ տեսնում է, որ մարդ միայն փորձության մեջ է հիշում Իրեն, երբ տեսնում է՝ բացի փորձությունից այլ ճար չկա՝ մարդուն դեպի Տերը շրջելու, այդ ժամանակ Աստված նաև փորձության միջոցով է կանչում մարդկանց դեպի Իրեն: Կարծես թե ասում է․ «Փորձության մե՞ջ ես հիշում ինձ միայն, ահա քեզ լիուլի փորձություններ, որ չմոռանաս՝ ով է քո Արարիչը: Իսկ երբ շուրթերդ և սիրտդ կընտելացնես նաև քո լավ օրում Տիրոջը փառավորելուն, բարի օրերը չեն վերցվի քեզանից»: «Դարձի՛ր դեպի ինձ»,- հրավիրում է Տերն ամեն քայլափոխի:

 Հիմա, երբ վաղուց ժամանակն է դասեր քաղելու, Աստծով ապրելու, Աստծուց խնդրելու, որ հեռու վանի մեզանից ամեն չարիք, նորից սայթաքում և դառնում ենք չարի լծակից: Տա Աստված, որ այլևս պատերազմ չտեսնենք, սակայն բնության, կյանքի և, ի վերջո, Աստծո օրենքն է, որ այն, ինչ  չենք կարողանում սիրել և պահել, վերցվում է մեզնից: Պիտի կարողանանք սիրել մեր Աստծուն, մեր Հայրենիքը, մեզ տրված կյանքը՝ ոչ միայն խոսքով, այլև ազնիվ գործունեությամբ, աղոթել մեր սահմանների անվտանգության, մեր ընկած զինվորների հոգիների, վիրավոր քաջերի ապաքինման և ծառայության մեջ գտնվողների համար: Աղոթել ոչ թե միայն շուրթերով, այլև հոգով՝ ծնկաչոք, սրտաբուխ:

Մենք չենք կարող մեջքով շրջվել մեկին և, միևնույն ժամանակ, գրկել նրան: Հիմա մենք այդպես ենք անում, նորից մեջք ենք դարձնում Տիրոջը և ապանախատում ենք Նրան, թե ինչու չի փարվում մեզ: Նման ենք այն մարդուն, որն իր բաց ձեռքը պահում է ետևում և պահանջում, որ ափը լցնեն:

Լավ կլինի, որ պատերազմի արհավիրքից դասեր քաղենք և կառչած մնանք Տիրոջը նաև խաղաղ օրերում. աղոթենք՝ առաջիկա լավ օրերի, խաղաղ առօրյայի, անձնական և համազգային հոգևոր աճի համար:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հավատացյալներին՝ Սուրբ Ծննդյան պահքի այս օրերին:

- Մաղթանքս է, որ կարողանանք ուժերը հավաքել, Տիրոջով զորանալ, չհուսալքվել, թևաթափ չլինել: Քանի որ հազարավոր եղբայրներ (նրանց շարքում՝ նաև քույրեր) իրենց կյանքը տվեցին՝ հանուն իրենց սիրելիների կյանքի, հանուն իրենց ընտանիքների և մեր ողջ ազգի գոյատևման, ուրեմն՝ մենք իրավունք չունենք չգնահատելու, չսիրելու կյանքը: Մեր կյանքն արժևորելով՝ իմաստավորում ենք նաև մեր քաջերի սխրանքն ու զոհողությունը:

Մեր նահատակ քաջերի, վիրավոր, գերի կամ դեռևս անհայտ պայմաններում գտնվող զինվորների ընտանիքներին համբերություն և կորով եմ մաղթում: Համբերություն, իհարկե, մեր ողջ ազգին:

Տիրոջ Ծննդյամբ, Աստվածորդու ներկայությամբ թող որ լցվի մեր ներաշխարհը, մեր ներսում և մեր շուրջը ծավալվող կյանքը: Թող որ հառնի, վերածնվի մեր ազգը, որին իսկապես, «մանկան մաքրություն է պետք»:

Իսկապես ապրում է նա, ով պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր բարձր արժեքները՝ հավատ, եկեղեցի, ազգ, հայրենիք, ընտանիք:

Դավիթ պատանին հավատքի ուժով գետին տապալեց Գողիաթին: Հավատքն արդար կռվի մեջ բազմապատկում է մարդու ուժը:  Տիրոջ կամոք՝ կարողանանք նախ մեր հոգիները զորացնել Աստծով, ապա ստեղծարար ուժով հասնենք նրան, որ ոչ ոք այլևս չհամարձակվի բռնանալ ապրելու մեր իրավունքի վրա:

Քաջ լինելու մաղթանքով՝ շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2021 թվականը թող լինի Աստծուն փնտրելու, գտնելու, ճանաչելու, Աստծով ապրելու, աստվածահաճո ձեռքբերումների և խաղաղության տարի:


 

Մարիետտա Խաչատրյան

Վիկտորյա Մարկոսյան

  • 2022-02-08
×