«Եկեղեցին այն հզոր մխիթարության դուռն է, որ բացվում է դեպի Աստված». Տեր Շահե քահանա Հայրապետյան

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • «Եկեղեցին այն հզոր մխիթարության դուռն է, որ բացվում է դեպի Աստված». Տեր Շահե քահանա Հայրապետյան

«Եկեղեցին այն հզոր մխիթարության դուռն է, որ բացվում է դեպի Աստված». Տեր Շահե քահանա Հայրապետյան

Առջևում սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ ներկայացնում ենք ընտանիքի, սիրո և եկեղեցու դերի կարևորության մասին հարցազրույցը ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

 

- Տեր Հայր, այս շրջանում ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել զինվորականի կերպարը և ինչպե՞ս է այն ազդում ազգային գաղափարախոսության վրա:

- Նրանք բոլորն էլ իմաստությամբ զինված են, չեն ապրում հուսահատություն ու տագնապ, այլ պարզապես փորձում են քննարկել անցյալում կատարվածի սխալները: Եվ դա շատ կազդուրող է, քանի որ եթե որևէ մեկը չի զգում իր սխալը, նրա վախճանն ավելի շուտ կգա, մինչդեռ նա, ով զգում է իր սխալն, ունի ուղղվելու և սխալը չկրկնելու հնարավորությունը: 

Մեր այցելությունների ընթացքում ականատես եմ եղել, երբ երկու ոտքը կորցրած զինվորն ասում է՝ ես գնալու եմ՝ կանգնելու իմ եղբայրների կողքին: Այս ոգին երբեք չի մեռնի մեր մեջ, քանի որ տեսել ենք Ավարայր, Սարդարապատ, սակայն Աստծո ժողովուրդ ենք, և ինչ հաշիվներ էլ որ անեն մեզ վրա, միևնույն է, պարտված են, քանի որ Աստված սիրում ու պահպանում է մեզ: Պարզապես մենք ինքներս երես չպիտի դարձնենք Աստծուց: Ազգային արժեքների ու բարքերի քայքայման ուղղորդված քաղաքականության շրջանակում արդյոք սա մի պատիժ չէ՞ր, որ եղավ մեր ազգին:

 

- Ի վերջո հայ զինվորը պարտվե՞լ է:

- Ամեն օր հանդիպում եմ թե՛ զինվորներին, թե՛ նրանց ծնողներին: Մենք տեսնում ենք ոգու այն արիությունը, որ ունեն զինվոր կորցրած ծնողները: Նրանք սպասում են հատուցման և մխիթարության օրերին: Նրանց ելակետը հավատքն է: 

Աշխարհն այսօր փորձում է մարդուն զրկել հավատքից, ինչը հուսահատության է տանելու, իսկ այս շրջանում Եկեղեցին այն հզոր մխիթարության դուռն է, որ բացվում է դեպի Աստված: Փառք տանք Աստծուն, որ այն պահպանված է մինչ այսօր և կարողանում ենք օգտվել այդ շնորհից: 

Հայ զինվորն էլ երբեք պարտված չէ: Նրանք այսօր դատավորի դերում են, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ, սակայն մեծ մասամբ լռության մեջ են, որպեսզի չկատարվեն նախկին վրիպումները:

 

- Զինվորների դերը կարևորելու ու հայրենիքի հանդեպ սերն ամրացնելու հարցերում ինչպիսի՞ն պիտի լինի Եկեղեցու դերը:

- Եկեղեցին մարդկային կառույց չէ, այն աստվածային պարգև է: Եվ Աստված ասաց՝ իմ աչքը և իմ սիրտը ես դնում եմ այնտեղ, և ով խնդրի, ես կլսեմ: Սակայն Աստված նաև դնում է պայմաններ, թե քեզ կլսեմ, երբ դու արդար ես, երբ բարոյական ես, երբ պահում ես Օրենքը, սիրում ես քո Աստծուն, քո ընտանիքը և այլն: 

Քրիստոս էլ առանց Երուսաղեմի, որտեղ Աստծո տաճարն էր, չխաչվեց, իսկ առաքյալներն էլ, երբ ճառագայթվեցին ողջ աշխարհում, կառուցեցին Աստծո տաճար:

Եկեղեցին դարձավ այն գլխավոր վայրը, որտեղ հայն ինքնություն ձեռք բերեց: Միայն հայ ժողովուրդն ունեցավ պարգև՝ այբուբեն, այստեղ ծաղկեց շարականը, աշխարհին տվեցինք Նարեկացի, Տաթևացի: Մենք տվել ենք բազում սրբեր, որ զարդարում են համաշխարհային հագևոր մշակույթի ճակատը: Եկեղեցին մեր ինքնության բանալին է, մենք այնտեղ ենք կայանում, քանի որ այնտեղ է Աստված: Եվ Աստծո ժողովուրդը Եկեղեցու զավակ է, Աստծո արքայության ժառանգորդ:

 

- Հայրենսիրությունը ինչպե՞ս պետք է դրսևորվի քրիստոնյայի կյանքում:

- Երբ ինձ հարցնում են՝ ինչ է հայրենասիրությունը, ես պատասխանում եմ՝ որդեծնությունը: Այսինքն՝ պսակները, որդեծնությունը, քանի որ մեր ազգի հետ կատարվածը մի ամբողջ սերնդի սպանություն էր: Մեր ապագայի խնդիրն է մեր առջև դրված: Եվ ինչպես ժամանակին ասվել էր, թե«անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», այնպես էլ այսօր է ապացուցվում, որ հույսը պետք չէ օտարի վրա դնել: Տա Աստված, որ բացվի մեր ականջը և կարողանանք լսել այդ պարզ ճշմարտությունը:
Հայրենասիրությունը հենց դա է՝ սիրիր քո Աստծուն և հայրենիքդ քեզ ժառանգածներին՝ ծնողներիդ, պապերիդ, ապուպապերիդ: 

 

- Ո՞րն է Սուրբ Սարգիս զորավարի առաքելությունը մեր՝ հայերիս կյանքում:

- Կեսարիան, որտեղ գտնվել է Սուրբ Սարգիսը, մշտապես համարվել է հայերի ներկայության վայր: Մի քանի տարի առաջ էր, որ ես Սուրբ Պատարագ մատուցեցի Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որ լիարժեք հայկական է: Երբ Հուլիանոս  Ուրացողը սկսեց հալածել բոլոր քրիստոնյաներին, Սուրբ Սարգիսը դիմեց Տիրան արքային, որպեսզի բնակություն հաստատի Հայաստանում: Այնքան մեծ էր սերը դեպի Հայոց աշխարհը, ինչպես, օրինակ, Հռիփսիմյանց կույսների դեպքում էր, որ կրկին նույն կերպ եկան Հայաստան: Հայաստանը քրիստոնեության համար եղել է խարիսխ, և բոլոր հալածյալներն իրենց հանգրվանը գտել են Հայոց աշխարհում: Այժմ էլ է նույն կերպ: 

Սուրբ Սարգիսը մեզ համար դարձավ այն զորավարը, որը բարեխոս է մեր զինվորների, մեր երիտասարդների համար, որպեսզի նրանք հասնեն իրենց նպատակներին և պտղաբեր լինեն: Եվ նոր զինվորներ, նոր Սուրբ Սարգիսներ գան Հայոց աշխարհ և դառնան պաշտպանը մեր հայրենիքի:

Վիկտորյա Մարկոսյան

Մարիետտա Խաչատրյան

  • 2022-02-08
×