Նորոգված դասարան` հոգևոր դասերի համար

Նորոգված դասարան` հոգևոր դասերի համար

Մայիսի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանն ու նույն եկեղեցու խորհրդակատար Տ. Զգոն քահանա Աբրահամյանը մասնակցեցին Նորք Մարաշի թիվ 61 հիմնական դպրոց Հայ եկեղեցու պատմության դասարանի բացմանը:


Դասասենյակը նորոգվեց Տեր Զաքարիայի նախաձեռնությամբ՝ Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հավատացյալների և Երուսաղեմ մեկնած մի խումբ ուխտավորների ջանքերով: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Տ. Զաքարիային ու դպրոցի տնօրեն տիկին Լուսինե Գրիգորյանին: Տնօրենի խոսքով՝ դասարանը կծառայի նաև հոգևոր դասերի անցկացմանը, որոնք կվարեն հոգևորականները:


Արարողության ավարտին դպրոցի աշակերտները ներկայացրեցին Մեսրոպ Մաշտոցի ու գրերի գյուտի մասին պատմող ներկայացում՝ համեմված շարականներով ու ազգային պարերով: Պատանիները կարևորեցին հոգևորի և ազգայինի միասնությունը:


Միլենան սովորում է 9-րդ դասարանում և նրա համար շատ կարևոր է կապը քահանայի հետ: «Շատ ուրախ եմ, որ դասարանը վերանորոգվեց, ու հիմա հնարավորություն ունենք ամեն շաբաթ քահանային հանդիպել, որովհետև հոգևոր դասերը մեր կյանքի ամենակարևոր մասն են: Ճիշտ է, շատ առարկաներ ենք անցնում, բայց հիմնական շեշտը հոգևորի վրա չենք դնում: Հիմա արդեն համոզված եմ, որ այս ամենը կբերի նրան, որ մեր ու Աստծո կապն ավելի կամրանա ու միշտ առաջնային տեղում կլինի», - ասաց Միլենան:


Ս. Մեսրոպ Մաշտոցին մարմնավորող Մարտինն, ով գրեթե միշտ մասնակցում է Ս. Պատարագներին, ասաց, թե հասկանում էր, թե ինչքան պատասխանատու է Ս. Մեսրոպ Մաշտոցի դերը կատարել, ցույց տալ, թե ինչպես Աստծո առաջնորդությամբ ստեղծվեցին հայոց գրերը, թարգմանությունների թագուհին՝ հայալեզու «Աստվածաշունչը»: «Շատ ուրախ եմ, որ հիմա հնարավորություն ունենք հարցեր պատրաստել ու քահանայի հետ հանդիպման ժամանակ դրանց պատասխանները ստանալ, որի շնորհիվ ավելի կմոտենամ եկեղեցուն, հավատիս ու քրիստոնեությանը»:


Դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանն էլ նշեց, որ շատ ուրախ են Եկեղեցու հետ իրենց կապի ամրապնդման համար:


Ողջունելով պատանիներին ու ուսուցչական կազմին` Տ. Զաքարիան ուրախությամբ նշեց, որ ոգևորված է ուսման, Հայ Եկեղեցու ու ազգային միասնության նկատմամբ դրսևորած ակնածանքից:


Տեր հայրերն օրհնեցին պատանիներն ու մաղթեցին ամուր ու հավատարիմ մնալ Հայրենիքին, հայկական ժառանգությանն ու եկեղեցուն:

 


Աիդա Գևորգյան

  • 2016-05-03
×