Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում

Վարդավառն Արարատյան Հայրապետական թեմում

Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Ս. Պատարագ: 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորրհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:



Սրբազան հոր օրհնությամբ թեմի համայնքներում հոգևոր արարողություններից բացի տոնը նշվեց նաև ժողովրդական սովորություններով` ջրախաղով ու ազգագրական համույթների ելույթներով: Կազմակերպվել էին նաև ուխտագնացություններ: Շատ հավատացյալներ տոնի առթիվ նաև մատաղ մատուցեցին կարիքավոր ընտանիքներին ու եկեղեցիներ այցելուներին:
Վարդավառի նախօրեին՝ հուլիսի 2-ին, թեմի երիտասարդաց միությունները «Վերակագնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո կազմակերպել էին Վարդավառի նախատոնակ, որին մասնակցեցին «Ոստան», «Վարք հայոց», «Տավրոս» ազգագրական երգուպարի խմբերը։

 


Ս. Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու այգում վարդավառի ուրախությունն իրենց շուրջը տարածել էին կիրակնօրյա դպրոցի սաները մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ: Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաներն իրենց ելույթով եզրափակեցին տոնախմբությունը: Այն կազմակերպվել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից: Հանդես եկան պարարվեստի բաժնի «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Սուրեն Գյանջումյան) և վոկալ բաժնի սաները: Ելույթի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանն օրհնեց մասնակից երեխաներին:

 


Հուլիսի 3-ին` Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քահանա Առուշանյանի գլխավորությամբ մեկնեցին ուխտագնացության Գավառի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մասնակցեցին Ս. Պատարագի: Այնուհետև ուխտավորներն այցելեցին Ծաղկաշենի Ս. Աստվածածին, Գավառի Ս. Աստվածածին և Ս. Գևորգ եկեղեցիներ, Նորատուսի սրբավայրեր և Հայրիվանք:

 


Հուլիսի 4-ին Վարդավառի տոնի առթիվ ԱՀԹ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի հետ Մասիսի «Սիրոն» պատանեկան թատերախումբը բեմադրող ռեժիսոր Արշակ Ղազարյանի գլխավորությամբ այցելեց ՀՕՖ-ի Երեխաների Աջակցության Կենտրոն: Թատերախումբը երեխաներին ներկայացրեց Հ. Թումանյանի հեքիաթները: Ներկայացումից հետո «Նարեկ» Երիտասարդաց միությունը երեխաների համար կազմակերպեց հյուրասիրություն:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2016-07-04
×