Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի քարոզ. Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան

Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի քարոզ. Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան

Աղաչենք Սուրբ Կույսին, որ առաջնորդի մեզ փրկության ճանապարհով և իբրև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մայր, Նրա առաջ բարեխոսի մեր բոլորիս համար. «Անկանիմք առաջի Քոյ, Սո՛ւրբ Աստուածածին, և աղաչեմք զանարատ զԿոյսդ՝ բարեխօսեա՛ վասն անձանց մերոց և աղաչեա՛ զՄիածին Որդիդ՝ փրկել զմեզ ի փորձութենէ և յամենայն վտանգից մերոց». և Նմա փառք Հավիտյանս. Ամեն:

 

Ավանդությունն ասում է, որ Սուրբ Մարիամի հայրը՝ Հովակիմը ՝ Դավիթ մարգարեն, իսկ մայրը՝ Աննան, ղևտացիների տոհմի շառավիղներից էին: Չնայած իրենց աստվածավախ և առաքինազարդ կյանքով ապրելուն՝ ամուլ էին, ծերացել էին՝ անզավակ մնալով: Սակայն հույսը  չէին կորցնում Ամենափրկչից, ամեն օր աղոթում էին, որ Աստված զավակ կպարգևի իրենց: Տերը լսում է նրանց թախանձանքը, նրանց սրտից հորդացող հավատն ու հույսը տեսնում և պարգևում է նրանց մի հրաշալի աղջնակ, որի անունը Մարիամ են դնում, որը նշանակում է լուսավորյալ, և նրանով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը: Դրանով կատարվեց Աստծու խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի՝ նրանց զավակով կօրհնվեն բոլոր ազգերը:

 

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հայաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսային՝ սուրբ Կույսի և առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե՝ սրանք Աստծո օրհնյալ զավակներն են, ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի ԿԱ 9):

 

Մարիամ Աստվածածինն այն ընտրյալն է, ով մասնակցում է Աստծո փրկության ծրագրի իրականացմանը՝ մարդու փրկագործության պատմության մեջ, ուստի և եկեղեցու պաշտանմունքային նվիրապետությունում Մարիամ Աստվածածինը բարձր է դասվում սրբերից և հրեշտակներից: «Մարիամ» անունը մեկնաբանվում է լոիսավորյալ, Աստծո սիրելի:

 

«Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տէրը քեզ հետ է, մի վախեցիր, որովհետև դու արժանացար Աստծո շնորհին…» (Ղուկ. 1.28-34). այս խոսքերով Գաբիրել հրեշտակը ողջունեց Մարիամին ՝ ավետելով  Բարձրյալի որդու ծնունդը: Սուրբ կույսն իր առաքինի վարքով ու ընթացքով արժանացավ Տիրոջ ամենամեծ պարգևին՝ Աստծո որդու մայրը լինելու կոչմանը:

 

 Նա մատաղ հասակից աչքի է  ընկնում իր առաքինի վարքով ու բարքով, խոնարհությամբ, հավատով, Տիրոջ հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումով: Այս ամենը նա ժառանգել էր իր ծնողներից, այս դաստիարակությունն ստացել  հատկապես աստվածավախ մորից ՝ Սուրբ Աննայից, որից ծնվել էր Բարձրյալի զորության հովանավորությամբ: Ահա այս սրբակենցաղ աղջնակը, աստվածային կամքին նվիրվելով, քաջություն ունեցավ ընդունելու երկնային առաջարկը՝ դարձավ Աստվածամայր, Բարեխոսուհի, հոգևոր բարձրագույն դիմագծի տիպար և առաքինության չափանիշ:

 

Տիրամոր օրինակելի և առաքինի կյանքը ողջ մարդկության համար ներշնչումի մշտահոս աղբյուր է եղել դարեր շարունակ: Սուրբ կույսի կյանքը՝ որպես կոչ՝ ուղղված բոլոր կանանց, լավագույն օրինակն է նրանց համար՝ հետևելու Մարիամ Աստվածածնի անբասիր, խոնարհ, առաքինի կյանքին: Յուրաքանչյուր կին գերագույն ձգտում պետք է ունենա՝ դառնալու Մարիամ՝ իր աստվածահաճո կյանքի ընթացքով, համեստությամբ ու հնազանդությամբ:

 

 Ասում են՝ Սուրբ Կույսը մի հայելի է, ուր հայ քրիստոնյա կանայք պետք է գտնեն իրենց իդեալական պատկերը, Աստվածածինը պետք է լինի քրիստոնյա կնոջ արտացոլանքը՝ իր հեզությամբ, մայրական ներքին ապրումներով և իր ծառայասիրությամբ առ Աստված: Բայց այսօր այդ հայելին կարծես թե անթափանց է դարձել. աղջիկների, երիտասարդ մայրերի մեծ մասի համար առաջնային, կարևոր տեղում չէ Սուրբ Աստվածածնի օրինակը, շատերը չեն էլ մտածում նրան նմանվելու մասին:

 

Այսօրվա մեր կյանքում առաջացած դժվարությունները, խնդիրները, բարդություններն աստվածահաճո այս ապրելակերպի պակասից են գալիս: Այսօր դժբախտաբար Սուրբ Մարիամի հեզաբարո, խոնարհ, առաքինի տիպարին շատ-շատերի մոտ փոխարինել է սալոնային ընչաքաղց, քաղքենի կնոջ էժան կերպարը: Այսօր Աստվածածնի բարոյական բարձր հատկանիշներին շատ-շատերի մոտ փոխարինել է սնափառությունն ու թերահավատությունը:

 

Ժամանակակից կյանքի բազմաբնույթ երևույթները կնոջը երբեմն այնպիսին են դարձնում, որ նա, կարելի է ասել, շատ քիչ է խորհում իր կոչման, իր դերի ու առաքելության մասին:

 

Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը՝ մարդ ստեղծելու շնորհը, կարողությունը:

 

Կնոջ համար չի կարող լինել  ավելի մեծ օրհնություն ու երջանկություն, քան մայրությունը, լիարժեք քրիստոնեական ընտանիքը, ուր թագավորում են  ջերմությունը, հոգատարությունն ու Տիրոջ՝ մերձավորների ու հարազատների նկատմամբ անսահման, անշահախնդիր ու անսպառ սերը:

 

Սուրբ Կույսը միշտ կատարելատիպն է եղել հայ մոր, հայ կնոջ: Հայ կինը, հայ մայրը միշտ էլ և՛ օրորոցային երգելիս, և՛ արտը ցանելիս, և՛ կիզիչ անապատներով գաղթելիս ու զենքով իր հայրենիքը պաշտպանելիս Սուրբ Մարիամի օրինակն է ունեցել իր առջև:

 

Հիմա առավել քան երբևէ Սուրբ Աստվածածնի օրինակը առավել առաջնորդող դեր պիտի ունենա մեր կյանքում: Դժվարություններով ու բարդություններով լեցուն մեր ժամանակներում մենք՝ իբրև քրիստոնյաներ, իբրև հավատավոր անձիք պիտի չընկճվենք, այլ աշխատենք Սուրբ Կույսից մեզ փոխանցված առաքինություններով ապրել, որպեսզի նրա բարեխոսությանն արժանանալով և նրա աջակցությունն ունենալով՝ Ամենակալի զորությունն ու շնորհները ստանանք ու հաղթենք այս կյանքի փորձությունները և ընթանանք փրկության ճանապարհով:

 

Առանց Աստվածային Հովանավորության մարդն անզոր է հաղթահարելու իր դեմ ծառացած փրկությունները: Սակայն Աստվածածնի նման պետք է հավատալ, նվիրվել և հնազանդվել Աստծո Կամքին, նրանով ապրել:

 

Կա՛ մեր փրկության այս ճանապարհը, որն իր շենշող լույսով լուսավորում է Աստվածածինը: Այս ճանապարհը Հիսուսի՝ մեզ շնորհած բարձրագույն կյանքի ճանապարհն է, ուր ատելությանը փոխարինում է սերը, հպարտությանը՝ խոնարհությունը, նախանձին՝ եղբայրասիրությունը, թշնամությանը՝ բարեկամությունը, կռվարարությանը՝ խաղաղասիրությունը:

 

Աղաչենք Սուրբ Կույսին, որ առաջնորդի մեզ փրկության ճանապարհով և իբրև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մայր, Նրա առաջ բարեխոսի մեր բոլորիս համար. «Անկանիմք առաջի Քոյ, Սո՛ւրբ Աստուածածին, և աղաչեմք զանարատ զԿոյսդ՝ բարեխօսեա՛ վասն անձանց մերոց և աղաչեա՛ զՄիածին Որդիդ՝ փրկել զմեզ ի փորձութենէ և յամենայն վտանգից մերոց». և Նմա փառք Հավիտյանս. Ամեն

  • 2022-03-25
×