Ինչպե՞ս վերագտնենք Աստծո ներկայությունը

Ինչպե՞ս վերագտնենք Աստծո ներկայությունը

Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է

 

Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է, ինչը նշանակում է, որ վաղվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը։ Այս պահքը հայերիս համար կարևոր է նրանով, որ հատուկ է միայն Հայ եկեղեցուն և սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: 

 

Ինչո՞ւ Առաջավորաց

 

Քանի որ Մեծ Պահքին է նախորդում, ինչպես նաև քանի որ հայոց առաջին պահքն է։

 

Ո՞րն է Առաջավորաց պահքի խորհուրդը

 

Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է:

 

Այս պահքը հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ ի հիշատակ այն օրվա, երբ Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել տվեց՝ փրկելով նրանց այսահարությունից: Զուր չէ, որ Առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք։

 

Ի՞նչ ուտել պահքի օրերին

 

Այժմ Առաջավորաց պահքը պահում ենք այնպես, ինչպես մյուս պահքերը՝ ոչ մի առանձնահատկությամբ, կենդանական ծագման սննդից, ինչպես նաև մեղքերից հրաժարմամբ։ Սակայն առաջներում այս օրերին թույլատրվում էր միայն աղով ու հացով սնվել։

 

Ինչո՞ւ է նախկինում անվանվել Սուրբ Սարգսի պահք

 

Առաջավորաց պահքը թյուրիմացաբար է նախկինում ստացել «Սուրբ Սարգսի պահք» անվանումը, քանի որ դրան հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Զորավարի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Սուրբ Սարգսի տոնի հետ։

 

Ինչո՞ւ ենք բարեկենդանը նշում

 

Այսօր Առաջավորաց պահքի բարեկենդանն է, որն ազդարարում է պահքի սկիզբը։ Բարեկենդանը պահքին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ ունեին դրախտում: Այսօր խորհրդածության օր է։ Թող որ պահքի բարեկենդանը դառնա այն առիթը, որը կստիպի մեզ մտածել՝ ինչպե՞ս հասնենք իրական, դրախտային երջանկության, որը մենք ունեինք, սակայն կորցրինք՝ մեր անհնազանդության պատճառով։

 

Այսօր խորհենք, թե ինչում ենք վերահաստատվելու պահքի մեր ճանապարհին։ Ո՞ւմ ենք փնտրելու պահքի ընթացքում, և երբ պահքն ավարտվի, ինչպե՞ս ենք վարվելու այն շնորհների հետ, որ ստացել ենք Տեր Աստծուց։

 
  • 2022-04-12
×