Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

451 թ․-ի մայիսի 26-ին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայոց եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղևոնդյանց հիշատակի օրը. Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասցվեցին Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ տանջանքներից ու չարչարանքներից հետո վախճանվեցին:

 

5-րդ դարում տեղի ունեցած Վարդանանց ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը, նրանք անմասն չմնացին ազգապահպանման ու հավատի պահպանմանն ուղղված պայքարից: Հարկավոր է հիշել նրանց կատարած մկրտության արարողությունները յուրաքանչյուր մարտից առաջ։

 

Սուրբ Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Սուրբ Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ դրված է սկզբում Ղևոնդյանց տոնը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողներն են եղել:

 

Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
 
  • 2022-04-13
×