«Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագիրն Արարատի ս. Հակոբ եկեղեցում

«Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագիրն Արարատի ս. Հակոբ եկեղեցում

Հունիսի 30-ին Արարատի ս. Հակոբ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացան Արարատի մարզի զինհաշմանդամները՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը, Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը, Արարատի մարզի հոգևորականները, հաշմանդամները, նրանց ընտանիքների անդամները: 

Սրբազան հոր նախագահությամբ հաշմանդամների համար եկեղեցում կատարվեց բժշկության կարգ:

Դիմելով ներկաներին՝ Սիոն Սրբազանն ի մասանովորի ասաց. «Ցանկանում եմ իմ եղբայրական սերն ու հարգանքն արտահայտել մեր սիրելի հոգևոր եղբորը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով մեզ հրաշալի առիթ ընծայեց՝ մասնակցելու այս նվիրական ձեռնարկին: Սիրով փոխանցում ենք Նավասարդ Սրբազանի օրհնություններն ամենքիդ:
Փառք Տիրոջը, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմը՝ առաջնորդական փոխանորդի նախաձեռնությամբ և բարերարների աջակցությամբ արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է դրամահավաք, որն ուղղվում է զինվորական ծառայության ժամանակ զոհվածների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողների կարիքներին: Մենք այսօր այստեղ ենք այդ նույն առաքելությամբ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում ավետարանական բարի լուրը քարոզելուց բացի արձագանքեց մարդկանց կարիքներին՝ բժշկելով և բազմաթիվ հրաշքներ կատարելով:


Հայ Առաքելական Եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում հետևում է Տիրոջ օրինակին: Մեր հոգևոր առաքելության անբաժանելի և կարևոր ուղղություններից են սոցիալական ծրագրերը, կարիքավորներին օգնության ձեռք մեկնելն ու մխիթարելը: Թող այս առաքելությունը միշտ ծառայի մեր Եկեղեցու զորացմանն ու Աստծո փառքին»:


Արարողության ավարտին Սրբազան հոր առաջնորդությամբ ծաղիկներ դրվեցին Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքար-խաչքարի մոտ: Ապա բակում ելույթ ունեցան եկեղեցու երգչախումբը և «Տարոնցիներ» երգի-պարի ազգագրական խումբը: Համերգն անցկացվեց «Փորձությունները կոփում են՝ մեզ դարձնելով անպարտելի» խորագրի ներքո, որը նաև այս տարի ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմապերպված քայլերթի կարգախոսն էր:
Միջոցառումից հետո ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և համայնքների հոգևոր հովիվներն այցելեցին այն զինհաշմանդամներին, ովքեր սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով չէին կարողացել գալ եկեղեցի:
Դրամական աջակցություն ստացավ ընդհանուր թվով 45 զինհաշմանդամ:


«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ անց է կացվում արդեն երկրորդ անգամ: Այս տարի դրամական աջակցությունը տրամադրվում է նախորդ տարվա ծրագրում չընդգրկված 2014 և 2015թթ զոհված զինվորների ընտանիքներին, 1989թ.-ից 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված I կարգի զինհաշմանդամներին, 2010թ.-ից 2015թ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամներին: Ծրագրում ընդգրկված են միայն Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի և Արարատի մարզի զինվորականների ընտանիքները:
Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակներով:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-07
×