Դրամական աջակցություն ստացան I խմբի զինհաշմանդամները

Դրամական աջակցություն ստացան I խմբի զինհաշմանդամները

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով դրամական աջակցություն ստացան 1989թ.-ից հաշվառված՝ Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Դավիթաշեն համայնքների 1-ին խմբի 36 զինհաշմանդամներ: Դրամաբաշխությունը տեղի ունեցավ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու հանդիսասրահում:
 

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա 5-րդ բանակային կորպուսի նվագախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:
 

Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը զինհաշմանդամներին փոխանցեց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունն ու առողջության բարեմաղթանքները: Ապա նրանց համար Բժշկության Ավետարան ընթերցեց:
 

ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը:
 

Զինվորների ու նրանց հարազատների համար եկեղեցու համայնքը կազմակերպել էր համերգ, որի ընթացքում զինվորական նվագախմբից բացի ելույթ ունեցան ԱՀԹ «Մանկունք» երգչախումբը և Ս. Երրորդություն եկեղեցու պարային խմբի սաները:

Միջոցառումից հետո քահանաները Շուշան Պետրոսյանի ու ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Լյուդմիլա Ղահրամանյանի հետ այցելեցին նշված համայնքների այն զինհաշմանդամներին, ովքեր առողջական խնդրների պատճառով չեն կարողանում տանից դուրս գալ:

Այս տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի դրամաբաշխության փուլը մեկնարկել է հունիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Այդ օրը Երևանից ու Արարատի մարզից 2014թ. ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ զոհված զինծառայողների 19 ընտանիք դրամական աջակցություն ստացավ: Հունիսի 30-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցում դրամական աջակցություն ստացավ Արարատի մարզի I, II և III խմբի 45 զինհաշմանդամ, հուլիսի 3-ին Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում՝ III խմբի 43 զինհաշմանդամ:
 

Այս տարի ՀՀ ՊՆ սոցիալական վարչության տրամադրած ցուցակով աջակցություն կստանա 362 ընտանիք: Ծրագրում ընդգրկված են միայն Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի և Արարատի մարզի զինվորականների ընտանիքները: Օգնությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով:

  • 2021-09-07
×