Աստված հստակ ուղենշում է ճանապարհը

Աստված հստակ ուղենշում է ճանապարհը

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանն է:

 

-Ի՞նչ ընթացք ունի Ձեր դերասանական ուղին:

 

-Դերասանական ուղի ասելով չեմ հասկանում, թե որտեղից ուր եմ հասել, ինչքան ճանաչում եմ ձեռք բերել, քանի դեր եմ խաղացել և այլն: Ինձ համար թվարկածներս չափանիշ չեն:  Այլ որքանով է իմ մասնագիտությունը նպաստել, որ ես ավելի ճանաչեմ աշխարհը, մարդուն և ինձ, որովհետև ամեն մի նոր դեր ինքնաբացահայտման,  մի նոր ճանապարհ գնալու ընթացք է: Բոլոր աշխարհիկ բաները, ինչ գտնում ենք, մեկ է՝ վերջում կորցնում ենք: Ամենակարևորը երկրային կյանքում ինքնաբացահայտումն է, ինքնազարգացումը, Աստծո ստեղծածի մեջ ավելի խորանալը:

 

-Կարծրատիպեր կան, որ դերասանի մասնագիտությունը հեշտ է, և այդ մասնագիտությունն ունեցող մարդիկ իրական կյանքում էլ են խաղում: Ի՞նչ կասեք այս առումով:

 

-Իհարկե՛, ոմանք արժեզրկել են մեր մասնագիտությունը: Կարծում եմ՝ դերասանի մասնագիտությունը մարդու մասին գիտություն է: Փնտրելու և գտնելու շատ բաներ կան այս կյանքում: Պետք է ճանապարհ գնաս, լինես համարձակ ու ազատ, որ կարողանաս գտնել ամենակարևորը, առաջնայինը, ճշմարիտը…

Ինչ վերաբերում է կյանքում խաղալուն՝ որպես դերասանուհի ասում եմ՝ տանել չեմ կարողանում:

 

-Բոլորի կյանքում լինում են խոչընդոտներ: Դուք ինչպե՞ս եք հաղթահարում դրանք:

 

-Բոլոր մարդկանց նման: Դերասանի մասնագիտությունն այնպիսին է, որ դու միշտ նաև քեզ կողքից էլ ես տեսնում: Դու տեսնում ես, հետևում, թե ինչպես է ընթանում ներկայացումը: Այս նույնը կյանքում էլ է գործում: Երբ մի բան է լինում,  դու երրորդ աչքով քեզ տեսնում ես այդ իրավիճակում, և դա օգնում է ճիշտ գնահատել իրավիճակն ու այլ կերպ վերաբերվել իրողությանը:

 

 - Երբևէ պատահե՞լ է, որ ինչ-որ բանի համար ափսոսաք:

 

-Աշխատում եմ այնպես ապրել, որ չափսոսամ, որ որևէ մի բան չհասցրի ու չարեցի: Աղոթելիս Աստծուն ասում ենք. «Թող ամեն ինչում Քո կամքը լինի», իրականում եթե ընդունում ես Իր կամքը, ուրեմն այն, ինչ եղել է, պետք է հոգու խորքում հաշտվես դրա հետ:

 

-Ձեր կյանքը բեմում և դրանից դուրս:

 

-Ինձ թվում է՝ շատ տարբեր ենք: Իհարկե, դերերի մեկնության մեջ կա, որ Նարինեն է մեկնաբանել  այդ դերը, այսինքն՝ իմ փիլիսոփայությունը, տեսակը, ներսում կա: Բայց զուտ ապրելակերպի տեսանկյունից իմ առաջ բարոյական նորմեր ունեմ դրած, սահմաններ կան, որոնք չեմ անցնի, պահպանողական դիրք ունեմ: Իսկ բեմում հակառակն է, շատ համարձակ եմ, որն էլ, կարծում եմ՝ մասնագիտությանը տրվելուց է գալիս: Ինչ անում եմ բեմում, Նարինեն կյանքում չի անի:

 

-Ունե՞ք մանկության լուսավոր հիշողություն, որը Ձեզ չի լքում:

 

-Շատ երջանիկ մանկություն եմ ունեցել: Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եմ ամռան ամիսները, երբ Արցախում բոլոր թոռներով հավաքվում էինք բաբոյի մոտ: Առավոտից երեկո նա եփում էր, թխում, անընդհատ հյուրեր էին գալիս ու գնում, նվերներ էինք տանում հարևաններին, նրանք էլ մեզ էին նվերներ տալիս: Հարևաններին տոմսեր էինք բաժանում և երեկոյան ժամերին ներկայացումներ էինք խաղում:  

 

-Հույսի, հավատի և սիրո մասին...

 

-Դրանք ամենակարևորն են: Մենք անընդհատ պայքարում ենք և կարծում, թե հարցեր ենք լուծում: Իրականում ամենամեծ լուծումը հոգին է տալիս, և այն պետք է միշտ հույսով, հավատով ու սիրով լցված լինի: Պետք է ինքդ քեզ փոխես և դրանով վարակես շրջապատիդ:

 

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

  • 2022-05-14
×