ԱՀԹ երիտասարդները խնկարկեցին Հայոց մեծ եղեռնի նահատակ 700 մտավորականների հիշատակը

ԱՀԹ երիտասարդները խնկարկեցին Հայոց մեծ եղեռնի նահատակ 700 մտավորականների հիշատակը

Հոկտեմբերի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները Կոմիտասի անվան պանթեոնում անկացրին «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 6-րդ միջոցառումը: Մասնակցում էին թեմի քահանայից դասը, եկեղեցիների համայնքների անդամները, հանրակրթական դպրոցների աշակերտներ: Միջոցառումը նվիրված էր ցեղասպանությանը զոհ դարձած 700-ից ավելի մտավորականներին:
Միջոցառման սկզբում ԱՀԹ Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վահան քահանա Առաքելյանը և նույն եկեղեցու խորհրդակատար Տ. Շնավոն քահանա Ղևոնդյանն օրհնեցին Դեր Զորից բերված հողը: Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի խնդրանքով հողը բերվել էր Դեր Զորի անապատից՝ այն վայրերից, որտեղ նահատակվել են տեղահանված հայ գաղթականները:
Երգիչ Հովհաննես Բալյանի կատարմամբ հնչեց Կոմիտասի «Անտունի» երգը, որի ներքո երիտասարդները տեղադրեցին արյունը խորհրդանշող կարմիր հուշատախտակներ, որոնց վրա գրված էին նահատակված կամ հայտնի օտարերկրյա գործիչների խոսքերը՝ ցեղասպանության մասին:
Օրհնված հողի շուրջ երիտասարդները ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը պատրաստեցին, որի թերթերին տեղադրված խնկամանների մեջ բոլոր ներկաների հետ խնկարկեցին 700-ից ավելի մտավորականների հիշատակը, ովքեր զոհ դարձան արյունռուշտ գազանի քաղաքականությանը:
Միջոցառման ժամանակ շարականների կատարմամբ հանդես եկավ ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության «Արարատ» երգչախմուբը: Ոգեկոչման երեկոյի ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին պանթեոնի բոլոր շիրիմներին:
«100 ամյակին ընդառաջ» ծրագրի շրջանակներում թեմի երիտասարդները մեկ տարի շարունակ ամեն ամսվա 24-ին կազմակերպվում են միջոցառումներ՝ բարձրաձայնելու հայ երիտասարդի դիրքորոշումն ու վերաբերմունքը 20-րդ դարի ոճիրին: Ծրագրի հաջորդ հանգրվանը կլինի նոյեմբերի 24-ին:
Արարողության ժամանակ «Արարատ» երգչախմբի շարականների կատարմամբ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-07
×