Կյանքը և մահը՝ Աստծո ներկայությամբ․ Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է

Կյանքը և մահը՝ Աստծո ներկայությամբ․ Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է

«Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը,
վերցնի իր խաչը և գա Իմ ետևից» (Մատթ. 16։24)

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչն, ով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից է և ում նշխարների գյուտի տոնը նշում ենք այսօր, ծանր ու դժվարին փորձություններով անցավ` իր կյանքի ընթացքում կրելով շատ ու շատ տառապանքներ։ Կյանքի վերջին տարիները Սուրբ Գրիգորն անցկացրեց առանձնության մեջ՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա անունով մի քարայրում: Քարայրը Մանյա էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: 

 

Երբ Լուսավորչի քահանայապետության երեսուն տարին լրացավ «բարի պատերազմը պատերազմած, հավատը պահած, ընթացքը ավարտած և անթառամ պսակին հասած» Տիրոջ հրամանով ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ: 

 

Սուրբ Գրիգորը, թեև ապրում էր քարայրում, սակայն չէր մոռանում իր առաքելության մասին երբեմն նա թողնում էր քարայրը և այցելում ժողովրդին, իր աշակերտների հետ միասին մեկնում էր քարոզչական շրջագայության և բոլորին իրենց հավատքի մեջ հաստատում: 

 

Տրդատ արքան էլ, նկատի առնելով Լուսավորչի պարբերաբար մեկուսացումները, Կեսարիայից բերել տվեց նրա որդիներին՝ Արիստակեսին, որ արդեն կուսակրոն կյանքն էր ընտրել, և Վրթանեսին, որ ամուսնացած և երկու զավակների հայր էր: Նրանք եպիսկոպոս ձեռնադրվեցին իրենց հոր կողմից և օգնական կարգվեցին հայրապետանոցում և արքունիքում: Ծերունի հայրապետի վերջին այցելությունը Վաղարշապատ կապված էր որդու՝ Արիստակեսի՝ 325 թ. Ա Տիեզերական ժողովից վերադառնալու հետ: Այդ օրից Սուրբ Գրիգորն այլևս չլքեց իր ճգնարանը:

 

Այդ խաղաղ քարայրի լռության մեջ էլ տեղի ունեցավ Հայոց երկրորդ Լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Հայրապետի մահը։ Իր մահվան պահին Սուրբը միայնակ էր՝ առանց որևէ մեկի ներկայության, առանձնության մեջ: Միայն Աստված էր ներկա Սուրբ Գրիգորի քարայրում, ինչպես ավելի վաղ նրան չէր լքում նաև մութ վիրապի պատերից ներս։ 

 

Ավանդության համաձայն,  այս դեպքից որոշ ժամանակ անց Սեպուհ լեռան շուրջը դեգերող հովիվները, պատահաբար մտնելով Լուսավորչի  ճգնարանը, գտնում են նրա անշնչացած մարմինը և, չիմանալով անձի ով լինելը, ծածկում են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորիչի աշակերտներից մեկին՝ Գառնիկ Բասենցուն, տարիներ անց միայն տեսիլքով հայտնվում է նշխարների տեղը: Լուսավորչի նշխարների գտնվելու այս պատմությունն է ընկած «Գյուտ նշխարաց» տոնի հիմքում: Այս գյուտից հետո Սրբի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում:

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ մասունքների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորչի` Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվում է արծաթե Ս. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. այն սրբալույս մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է:

 

Քրիստոնեության՝ Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2000թ. նոյեմբերին հայրենիք բերեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից: Այդ մասունքները դրվեցին Երևանի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

 
  • 2022-07-02
×