Արմատները․ Այսօր սուրբ նախահայրերի հիշատակության օրն է

Արմատները․ Այսօր սուրբ նախահայրերի հիշատակության օրն է

Յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ փորձում է գտնել հարցի պատասխանը՝ ո՞վ եմ ես։ Այս հարցի ամենակարևոր բաղադրիչը արմատներն են որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞ւմ սերունդներն ենք, ի՞նչ ժառանգություն ունենք։ Հենց այս ամենին ծանոթ լինելով ու ամենը հիմք ընդունելով է, որ կարող ենք առաջ շարժվել՝ ճանաչելով ինքներս մեզ։

 

Հարցը՝ ո՞վ եմ ես, տալիս ենք որպես գերդաստանի ներկայացուցիչ, ինչպես նաև որպես քրիստոնյա մեծ ընտանիքի անդամ։ Ո՞վ ենք մենք՝ որպես քրիստոնյաներ, որտեղի՞ց է սկսվել մեր պատմությունը, ո՞րն է մեր ինքնությունը։

 

Սուրբ նախահայրերը, որոնց հիշատակության տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է այսօր, հենց սկիզբն են, նախահիմքը, ինքնությունը։ Ովքե՞ր էին նրանք։

 

Սուրբ նախահայրերն են Ադամը, Աբելը, Սեթը, Ենովսը, Ենովքը, Նոյը, Մելքիսեդեկը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Հովսեփը, Մովսեսը, Ահարոնը, Եղիազարը, Հեսուն, Սամուելը, Սամփսոնը, Հեփթայան, Բարակը, Գեդոենը և այլք։ Նախահայրերը Հին Կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն այսօր օգտագործվում է կրոնական առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. 4:17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը (Ծննդ. 5:30-31) սկսվում է Սեթով՝ վերջանալով կրկին Ղամեքով:

 

Նահապետները կամ նախահայրերը մեծագույն ավանդ ու դեր ունեն Հայտնության պատմության մեջ: Տերն Իրեն հայտնի դարձրեց նահապետներին՝ նրանց հայտնվելով իրական կյանքում և տեսիլքներում։ 

 

Ամեն անգամ, երբ կրկին մեզ տանք հարցը՝ ո՞վ եմ ես որպես քրիստոնյա, հիշենք մեր սուրբ նախահայրերին և նրանց պատմությունը, որոնցում էլ գտնում ենք մեր ինքնությունը։ Նախահայրերն են, որ ճանաչեցին ճշմարիտ Աստծուն, որ կարողացան ժողովրդին ու սերունդներին նույնպես ճանաչելի դարձնել Տիրոջը։ 

 

Նրանց ենք պարտական, որ այսօր ճանաչում ենք Քրիստոսին և ճշմարիտ Աստծուն, որ քրիստոնյա ենք։ Ուրեմն՝ սուրբ նախահայրերի հիշատակության այս օրը ևս մեկ անգամ ինքներս մեզ տանք այս հարցը՝ ո՞վ եմ ես և ի՞նչ եմ ավանդելու սերունդներին։

  • 2022-08-04
×