Բոլոր ազգերի ուսուցիչները․ Սուրբ Հակոբոս և Սուրբ Շմավոն

Բոլոր ազգերի ուսուցիչները․ Սուրբ Հակոբոս և Սուրբ Շմավոն

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին» (Մատթ․ 28․ 19)

 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ առաքյալներ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրը։ Գիտենք, որ նրանք Քրիստոսի կողմից ընտրված 12 առաքյալներից երկուսն են՝ իրենց մեջ Աստվածային լույսն ամփոփող, չէ՞ որ Քրիստոս իր վերջին պատգամը տվեց աշակերտներին՝ այդ թվում և Սուրբ Հակոբոսին և Շմավոնին, ասելով «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ 28 19-20)։

 

Առաքյալները լսեցին Քրիստոսի պատգամն ու այդպես էլ վարվեցին՝ տարածելով Աստծո խոսքը, սերն ու պատգամները՝ աշխարհով մեկ։ Ինչպես գիտենք, Քրիստոսի համբարձումից տասը օր անց՝ Հոգեգալուստին, առաքյալները ստացան Սուրբ Հոգին, Ով իջավ նրանց վրա կրակե լեզուների տեսքով: Բոլոր առաքյալները մեկնեցին տարբեր երկրներ Քրիստոսի Ավետարանը քարոզելու:

 

Իսկ ովքե՞ր էին նրանցից Սուրբ Հակոբոսն ու Սուրբ Շմավոնը։

 

Սուրբ Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան և Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:

 

Իսկ Սուրբ Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի` Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև Կանանացի անունով, որ նշանակում է նախանձահույզ: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար` հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում:

 

Քրիստոսի առաքյալների սուրբ գործն այսօր վստահված է մեզ։ Մե՛նք ենք Աստծո խոսքի պահապաններն ու տարածողները, Նրա լույսը մեր մեջ՝ մեր հոգիներում կրողները։ Այսօր՝ սուրբ առաքյալների հիշատակության այս օրը, ևս մեկ անգամ հիշենք Քրիստոսի վերջին պատգամը, չվախենանք մեզ պատուհասած աղետներից, քանի որ ասված է «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»։ Հիշե՛նք առաքյալներին, քանզի հենց նրանցից՝ տասներկուսի պատվիրանապահությունից ու նվիրվածությունից է, որ մեզ է փոխանցվել Քրիստոսի խոսքը։

 
  • 2022-08-27
×