Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի

Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը։

 

Տիեզերական վարդապետ Ս. Գրիգոր Աստվածաբանին իր ծննդավայրի անունով կոչում են նաև Գրիգոր Նազիանզացի:


Նա ծնվեց իր մոր աղոթքներով, ով արու զավակ չուներ և շարունակ այդ էր խնդրում Աստծուց: Լինելով խիստ ուսումնասեր՝ Ս․ Գրիգորը սովորեց նախ Կեսարիայում, ապա Պաղեստինում, Ալեքսանդրիայում և Աթենքում՝ ստանալով փիլիսոփայական ու հռետորական կրթություն: Աթենքում նրա դասընկերն էր Ս. Բարսեղ Կեսարացին, որը նույնպես եկել էր ուսանելու: Երկուսն էլ աչքի էին ընկնում իրենց ժուժկալությամբ ու ճգնություններով, որով հիացնում և զարմացնում էին քաղաքի բնակիչներին: Աթենքի համալսարանի այս երկու ուսանողները` Ս․ Բարսեղը և Ս․  Գրիգորը, ամենաառաջադեմ ուսանողներ էին, և Ս․ Գրիգորը հետագայում գրում է, որ իրենց համբավը տարածվել էր ոչ միայն համալսարանում, այլև ողջ քաղաքում և նույնիսկ քաղաքից դուրս: Նրանք փայլում էին հատկապես ճարտասանության և հռետորության մեջ այն աստիճան, որ ուսման ավարտին նրանց խնդրեցին մնալ համալսարանում և հռետորություն դասավանդել: Ս․ Բարսեղը համոզեց ընկերոջը ընդառաջել հրավերին, իսկ ինքը գաղտնի հեռացավ: Որոշ ժամանակ համալսարանում դասավանդելուց հետո Ս․ Գրիգորը վերադարձավ իր ծննդավայր և հոր կողմից ձեռնադրվեց երեց, քանի որ հորը` Նազիանզի եպիսկոպոսին, օգնական էր հարկավոր` գործերը վարելու համար: Տարիներ անց Գրիգորն իր ընկերոջ` Բարսեղի կողմից ձեռնադրվում է Սասիմա քաղաքի եպիսկոպոս: 

 

Սուրբն իր կյանքն ապրեց՝ պահպանելով քրիստոնեության մաքրամաքուր արժեքները, և մահից հետո անգամ հորից ժառանգած ողջ հարստությունը կտակեց Նազիանզի եկեղեցուն` իբրև խնամակալություն աղքատների: Ողջ կյանքի ընթացքում սուրբը հավատարմ մնաց Քրիստոսի ավանդած արժեքներին, ապրեց խոնարհությամբ՝ իբրև ծառա՝ մահից հետո սրբադասվելով և Տիրոջից ստանալով իր վարձքը։ «Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի» (Հովհ. 15:16),- ասված է Սուրբ Գրքում։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանն այդ ընտրյալներից եղավ և քաջ գիտակցեց ընտրյալ լինելու ողջ պատասխանատվությունը։

 
  • 2023-01-28
×