Պահքի հինգ օրերը և մեղքերը՝ գործած հինգ զգայարանով

Պահքի հինգ օրերը և մեղքերը՝ գործած հինգ զգայարանով

Սկսվում է Առաջավորաց պահքը

 

Ամեն տարի՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Առաջավորաց պահքը, որ հատուկ է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այն տևում է հինգ օր:

 

Հետաքրքրական է պահքի հաստատման պատմությունը։ Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ քարոզում էր Քրիստոսի վարդապետությունը, որից հետո պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ: 

 

Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրենց զրկել էր կերակուրներից, այլ, ինչպես հարկն է, հոգևոր պահեցողությամբ մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, ովքեր Քրիստոսի հավատքի պատճառով սուրբ Գրիգոր Լուսավորչին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել: 

 

Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը, որով ել բացատրվում է պահքին տրված անվանումը:

 

Պա՞հք, թե՞ ծոմ պահել այս օրերին։ Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն ընդհանրապես ոչինչ չէին ուտում, կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն, բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղր, և տարբերակում մտավ պահքի և ծոմի միջև. ծոմը պահքի ավելի խիստ տեսակն է:  

 

Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնվում է հավատացյալի կամքին: Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: 

 

Սուրբ Սարգսի պա՞հք։ Առաջավորքին հաջորդող շաբաթ օրը նշվում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքը հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը): 

 

Ինչո՞ւ հինգ օր։ Ըստ Եկեղեցու հայրերի բացատրության, ինչպես արդեն ասվեց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր: 

 

Նաև՝ քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք և շոշափելիք (ձեռքեր), որոնցով մարդը մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել:

 

Այսպիսով՝ Առաջավորաց պահքի շեմքին կանգնած՝ գիտակցենք՝ սա ևս մի հնարավորություն է մեզ համար զղջման և դարձի։ Գիտակցված պահեցողության, ապաշխարության և զղջման ճանապարհն է, որ մաքրագործում է մեր սրտերը, մեր հավատքը՝ մեզ էլ ավելի մոտեցնելով Աստծուն։ 

 
  • 2023-01-30
×