Երբ երկիրը նոր հոգի ստացավ

Երբ երկիրը նոր հոգի ստացավ

 Որ յարմատոց հարցն սրբոց մեզ գաւազան բղխեցեր`

զԻսահակ սուրբ հայրապետ, հովուել զհօտ քո Քրիստոս:

Որ զխաւարն անգիտութեան Հայաստանեայցս լուծեր`

զիմաստութիւն ծագեալ զլոյս սովաւ որդւոց Թորգոմայ:

Որ զհանդերձեալ խորհուրդ Քո, Տէ՛ր, տեսլեամբ սրբոյն ծանուցեր.

յիշատակի սորա ընկալ զտօնողացս աղաչանս:

(Շարակնոց)

 

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս Սահակ Պարթև Հայրապետի հիշատակության օրը։ Նրա դերը պարզապես անգնահատելի է մեր պատմության կերտման, մշակույթի և հավատքի պահպանման ճանապարհին։ Ս. Սահակի տոնը նշվում  է երկու անգամ՝ Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը, և Ս. Մաշտոցի հետ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

 

Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:   2-3 տարեկանում մորից որբանալով՝ սուրբն իր մանկությունը անց է կացնում Տարոնում՝ Մամիկոնյանց տանը՝ տատի մոտ: Այդ ընթացքում նրա հայրը՝ Ներսես Պարթևը, Կեսարիայում և Բյուզանդիայում բարձրագույն կրթություն էր ստանում: Ինքը, նույնպես, հետևեց հորը և իր կրթությունը ստացավ նույն քաղաքներում: Նա ամբողջովին հմտացավ հունական լեզվի և դպրության մեջ: Ս. Սահակը տիրապետում էր նաև ասորերենին, որը երկրորդ լեզուն էր ծեսերի և կրոնական գիտելիքների առումով, ինչպես նաև տիրապետում էր պարսկերենին: Խոսրով Գ թագավորի նախաձեռնությամբ, 387 թվականին, ընտրվում է Հայոց Կաթողիկոս:

 

 Ավելի քան տասնհինգ տարիների խաղաղ շրջան էր, երբ երկու մեծ անձերի՝ Սահակ Հայրապետի և Մեսրոպ Վարդապետի ջանքերով, տեղի ունեցավ մեր պատմության կարևորագույն դեպքերից մեկը՝ Հայոց գրերի գյուտը և Հայոց դպրության սկզբնավորումը: Բոլոր պարագաներում՝ Սահակի ջանքերով և տնօրինությամբ ոչ միայն Արևելյան Հայաստանում, այլ նաև Արևմտյան Հայաստանում տարածվեց հայոց լեզվի ուսուցումը և դպրությունը, արարողությունները հայոց լեզվով կատարելը ընդհանուր դարձավ, «երկիրը նոր հոգի և նոր պայծառություն ստացավ»:  

 

Ս. Սահակ հայրապետի հաջողությունը նաև նրանում էր, որ վերջինիս օրոք Հայկական արքայական գահին էր նստած առաքինի և խաղաղարար, իմաստուն Վռամշապուհ թագավորը, ով ավելի քան քառորդ դար զորավիգ եղավ իրեն և Ս. Մեսրոպին իրենց կրոնական և կրթական նախաձեռնություններում: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:  

 

Շատ քիչ է միայն ասել «թարգմանիչ»՝ բնութագրելու համար երկու մեծ սրբերին՝ Սահակին և Մեսրոպին։ Նրանց սխրանքը ոչ միայն սոսկ թարգմանության, գրերի ստեղծման, այլ ազգապահպանության, հայ ժողովրդի փրկության բանալին ամենքիս մատնանշելու մեջ է։ Իսկ այդ բանալին ոչ միայն գրերի ստեղծումն է, այլ նաև դրանց ճիշտ կիրառությունը, Սուրբ Գիրքը քարոզելը։ «Եվ հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի» (Հովհ 10։35),- ասված է Աստվածաշնչում՝ նկատի ունենալով Սուրբ Գիրքը։ Սակայն այս արտահայտությամբ կարելի է հասկանալ նաև դարերի խորքից ժառանգված գրավոր խոսքն ու ավանդը, որ այսօր ունենք և պահպանում ենք սրբորեն։

 

  • 2023-02-11
×