Քրիստոնեական ճանապարհը սկսվում է հավատքով

Քրիստոնեական ճանապարհը սկսվում է հավատքով

Աստծո հետ լինելը, նրա հետ հաղորդակցություն հաստատելը մարդու սրտում հաստատված հիմնարար ձգտում է։ Մարդը լինելով Աստծո պատկերով ու նմանությամբ և կոչված լինելով ապրել Աստծո համար, գիտակցաբար, կամ անգիտակցաբար փնտրում է իր Արարչին, որովհետև միայն Աստծո հետ միավորվելով է մարդը վերհաստատում իր գոյության իմաստը: 

 

Իրենց հավատքին շատ ամուր կառչած մարդկանց կյանքը միշտ  նպատակաուղղված է երկնքին։ Եվ այս նպատակաուղղվածությունը դեպի հոգևորը և դեպի Տերը ոչ միայն արարչագործությամբ մարդու մեջ հաստատված իրողություն է, այլ պայմանավորված է նրանով, որ Աստված անընդհատ Իր անսահման սիրով ձգտում է մեզ դեպի Իրեն։

 

Մարդկային կյանքի մեծագույն ողբերգությունը Աստծուց դուրս, առանց հոգևոր գիտակցության ապրելն է։ Առանց հոգևորի մարդու կյանքն անիմաստ ու դատարկ է։ Մարդիկ, կտրված լինելով հոգևոր գիտակցությունից, հաճախ ճիգեր են գործադրում և ժամանակ վատնում՝ ոչ հոգևոր ճանապարհներով իրենց կյանքին իմաստ հաղորդելու կամ իրենց հոգևոր դատարկությունը լցնելու համար։ Սակայն այս աշխարհի որևէ տեսությամբ կամ նյութական բարիքով մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ։ Ամեն բան այս աշխարհում անցողիկ է, միայն ճշմարիտ, հոգևոր արժեքներն են հավիտենական, որոնցով մարդու հոգին կարող է գոհանալ։

 

Ըստ Սուրբ Գրքի և եկեղեցու հայրերի՝ հոգևոր ապրումներն անհամեմատելի են ամեն տեսակ աշխարհիկ զգացումների հետ։ Աստծո հետ լինելու երանությունը վեր է ամեն տեսակ զգայական ուրախություններից։ Ոչ մի աշխարհիկ գեղեցկություն չի կարող համեմատվել երկնավոր անանց գեղեցկության հետ։ Այս աշխարհի ոչ մի գեղեցկություն չի կարող համեմատվել այն երանության և խաղաղության հետ, որ Աստված է տալիս մարդկանց հոգիներին։ Հոգին կորցնելու վտանգը միշտ շատ մեծ է, որովհետև ըստ եկեղեեցու հայրերի՝ ծառայական մարմինը լիովին իշխում է իշխանական հոգու վրա։ Իսկ քրիստոնեական կրոնը կոչված է ազատելու մարդուն մեղքերի կապանքներից և վերահաստատելու մարդկային կյանքի հոգևոր նպատակը։

 
  • 2023-03-06
×