Կաղանդ, Տարեմուտ

Կաղանդ, Տարեմուտ

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված ու սպասված տոնը:  

 
Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին, այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ Նահապետը հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին սպանել է բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոս 2492 թվականին: Աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ Նոր տարվա սկիզբը համընկնում էր տարբեր ամիսների հետ, ուստի այս բազմազանությունը երկրների տնտեսական, մշակութային փոխհարաբերությունների մեջ առաջացնում էր որոշ դժվարություններ:
 
 17-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսը տոմարագիտական նոր մշակում է կատարում, որի համաձայն հայերը Ամանորը սկսեցին նշել հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն, ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց դեպի Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում:
 
Ամանորը կոչվում է նաև կաղանդ։ Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով։ Ժամանակի ընթացքում ամանոր, կաղանդ և տարեմուտ հասկացությունները նույն իմաստը ստացան։ Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ Նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:
 
Ս. Ծննդյան տոնին նախորդում է Հիսնակաց պահքը: Հիսնակաց նշանակում է հիսունօրյա պահք: Այսօր այդ կանոնը փոփոխվել է: Եկեղեցու հայրերը Հիսնակաց պահքը բաժանեցին շաբաթապահքերի և տեղափոխեցին ողջ տարվա մեջ` տարբեր տոներից առաջ կարգելով մեկ շաբաթյա պահք:
 
Սուրբ Ծննդյանը նախորդող հիսնակը, որ սկսվում է նոյեմբերի 18-ին, մոտակա կիրակիից հետո, բաղկացած է 7 շաբաթներից, որոնցից այսօր պահվում են առաջին շաբաթը՝ «Հիսնակի» շաբաթապահքը, վերջին շաբաթը՝ «Ծննդյան» շաբաթապահքը և միջակայքում գտնվող «Սուրբ Հակոբի» շաբաթապահքը:
 
Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը Ս. Ծննդյան շաբաթապահքն է: Հունվարի 5-ին, երեկոյան Ճրագալույցի Պատարագին մասնակցելու և պահքից դուրս գալու համար պետք է այդ օրը առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել), զղջումով և ապաշխարությամբ մասնակցել Ս. Պատարագին և Հաղորդություն ստանալ:
  • 2021-08-09
×