Ջերմ ընդունելություն Ֆրանսիայում

Ջերմ ընդունելություն Ֆրանսիայում

Մայիսի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախմբի անդամներին՝ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Պարթեւ քահանա Մուրադյանի ու երգչախմբի գեղ․ ղեկավար Շահե Քեշիշյանի գլխավորությամբ։

 

Երգչախմբի անդամները եկել էին Սրբազան հորը ներկայացնելու Ֆրանսիայում ունեցած իրենց համերգների արդյունքներն ու արձագանքները։

 

Ֆրանսիայի Վերսալի թագավորական օպերայի տնօրինության հրավերով Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Ս․ Խաչ եկեղեցու արական երգչախումբը ապրիլի 24-ին Փարիզի Վերսալի տաճարում ելույթ ունեցավ «Հայի ոգին» խորագրով համերգին, որը նվիրված է հայոց ցեղասպանության տարելիցին։

 

Համերգը կազմակերպվել էր Վերսալի թագավորական օպերայի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության համագործակցությամբ։ Համերգին ներկա էին Ֆրանսիայի հայոց թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելին, Արցախ - Ֆրանսիա բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիայի խորհրդարանի ու Եվրախորհրդարանի անդամներ, Ֆրանսիայի կառավարության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքապետներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ականավոր անդամներ։

 

Հրավիրող կողմի խնդրանքով երգչախումբը կատարեց Կոմիտասի հոգեւոր ստեղծագործություններից։ Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը մեծ ընդունելության արժանացրեց երգչախմբին։

 

-Համերգից հետո մարդիկ մեզ մոտենում ու իրենց հիացմունքն էին արտահայտում։ Կային մարդիկ, որոնք ծանոթ չէին Հայաստանին, սակայն ցնցված էին Կոմիտասի մշակումներից։ Ասում էին՝ այս ի՜նչ երաժշտություն ունեք,- պատմեց Շահե Քեշիշյանը։

 

 -Սովորաբար հոգեւոր համերգների ընթացքում ծափեր չեն հնչում։ Դրանք մի տեսակ մտորելու, խորհելու առիթ տվող ելույթներ են, բայց մեզ անընդհատ ծափահարում էին, հատկապես, երբ կատարեցինք «Սուրբ, Սուրբ»-ը։ Մարդկանց աչքերում արցունքներ կային․ նույնիսկ հայերին չճանաչելով, հայերեն չիմանալով, նրանք զգացել էին Կոմիտասի հոգեւոր զորությունը։

 

Վերսալի թագավորական օպերայի տնօրինության ջանքերով երգչախումբը ելույթ է ունեցել նաեւ Լիոնում։ Այս ծրագրում Կոմիտասի հոգեւոր ստեղծագործություններից զատ ներառել են ժողովրդական երգեր եւս։

 

Ելույթներից հետո կազմակերպիչները հույս են հայտնել, որ երգչախմբի հետ համագործակցությունը շարունակական կլինի։ Վերսալի թագավորական օպերայի հովանավորությամբ լույս է ընծայվել երգչախմբի կատարումների սկավառակը, որի ամբողջ խմբաքանակը սպառվել է համերգների ավարտին, ինչը եւս մեկ վկայություն է, որ երգչախումբը սիրվել է հանդիսատեսի կողմից։

 

Նավասարդ Սրբազանը շնորհավորեց երգչախմբին փայլուն ելույթ ունենալու կապակցությամբ։ 

 

-Ֆրանսիացիները լուրջ հանդիսատես են, երբ գնահատեն, կդառնան ձեր մշտական ունկնդիրը։ Դուք ձեր գործի նվիրյալներն ենք, շարունակե՛ք կատարելագործել ձեր արվեստը եւ պատշաճորեն ներկայացնել հայկական մշակույթը։ Ձեր երգարվեստի միջոցով աշխարհին ճանաչելի դարձրեք հայկական մշակույթն ու հայերին։ Դա բարդ ու պատասխանատու հանձնառություն է։Ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ ու մեծ բեմերում ելույթներ ունենալու բազում առիթներ եմ  մաղթում։ Թող Տիրոջ օրհնությունը միշտ ձեզ հետ լինի եւ նորանոր ներշնչանքներ պարգեւի ձեզ,- ասաց Սրբազան հայրը։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-05-05
×