Ս․ Խաչափայտի մասունքը բերվեց Արաբկիրի Ս․ Խաչ եկեղեցի

Ս․ Խաչափայտի մասունքը բերվեց Արաբկիրի Ս․ Խաչ եկեղեցի

Մայիսի 7-ին՝ Սուրբ Խաչի երեւման տոնին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի բերվեց Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։

 

Արարատյան  Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Սուրբ Խաչի երեւման տոնը հռչակված է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։ Այդ առթիվ բազմաթիվ հավատացյալներ ուխտավորաբար եկել էին եկեղեցի՝ մասնակցելու Ս․ Պատարագին ու ստանալու Սուրբ Խաչի օրհնությունը։

 

Հոգևոր դասը և հավատացյալ հայորդիները՝ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Պարթեւ քահանա Մուրադյանի գլխավորությամբ թափոր կազմած դիմավորեցին Սուրբ մասունքը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեց Արժանապատիվ Տ․ Տիգրան քահանա Բադիրյանը։ 

 

Սուրբ Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը Տ․ Սահակ քահանա Սահակյանն էր։

 

Պատարագիչ Տեր Հայրն իր քարոզում ներկայացրեց Սուրբ Խաչի երեւման տոնի պատմությունն ու խաչի խորհուրդը։

 

Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ընդհանրական քրիստոնեական եկեղեցու ճարտարախոս ու ճշմարտախոս Սուրբ Հովհան Ոսկեբերանի` Սուրբ Խաչին նվիրված խոսքը։

 

«Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»։

 

Դիմելով հավատավոր ժողովդրին՝ Սրբազան հայրը կոչ արեց աղոթել Երկնավոր Հորը, որ անխախտ պահի մեր Հայրենիքի սահմանները, ազգային անկոտրուն ոգին, մեր մեջ ամրացնի եղբայրասիրությունը, իսկ մեր սրտերում հավերժ ամրացնի քրիստոսանվեր Խաչն իր զորությամբ՝ դառնալով խթան և առաջմղիչ ուժ հոգևոր նորոգության:

 

Ապա Նավասարդ Սրբազանը Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնեց ժողովրդին ու Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց։

 

Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարթեւ քահանա Մուրադյանի ու համայնքի նախաձեռնությամբ եկեղեցու բակում կազմակերպվել էր տոնախմբություն, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Արաբկիրի հայորդաց տան սաները եւ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։

 

Արարատյան  Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-05-08
×