Նավասարդ Սրբազանն օծեց Սուրբ Ղեւոնդ երեց եկեղեցին

Նավասարդ Սրբազանն օծեց Սուրբ Ղեւոնդ երեց եկեղեցին

Մայիսի 8-ին՝ Երկրապահ կամավորների տոնի օրը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց ԵԿՄ կենտրոնական գրասենյակի նորակառույց Սուրբ Ղեւոնդ երեց եկեղեցին։

 

Արարողությանը մասնակցում էին ՀՀ Զու հոգեւոր առաջնորդ հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը, ԱՀԹ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Պարթեւ քահանա Մուրադյանը, ԵԿՄ հոգեւոր հովիվ Տեր Ենովք քահանա Եսայանը, ՀՀ Զու գնդերեցներ Տեր Սամուել քահանա Սարգսյանը, Հարություն սարկավագ Զաքարյանը եւ Նարեկ սարկավագ Թորգոմյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը։

 

Ներկա էին ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյնաը, ՀՀ Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, կառավարության ներկայացուցիչներ, երկրապահներ, զինվորականներ։  

 

Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց․ «Այսօր Երկրապահների տոնն է, եւ մենք շնորհավորում ենք բոլոր երկրապահներին, որոնք հայոց կանոնավոր բանակի հիմքը դարձան։ Մենք երբեք չենք մոռանում մեր նահատակներին։ Սուրբ նահատակների անունով բազմաթիվ եկեղեցիներ կան հայոց աշխարհում ու դրսի թեմերում, որտեղ խոնարհվում, խունկ են մատուցում եւ աղոթք են վերառաքում այն քաջորդի հայորդիների հոգիների փրկության, խաղաղության համար, որոնք երկնային լուսավոր անդաստանում պիտի գտնեն խաղաղությունը։

 

Բայց այս եկեղեցին Սուրբ Ղեւոնդ երեցի անունով այլ զգացումներ է առաջ բերում․ նահատակությունը հանուն Հայրենիքի, հանուն գաղափարի, հանուն Աստծո հանդեպ ունեցած հավատի, անմահություն է։ «Իմացեալ մահն անմահութիւն է» այդ խորհրդանիշի բանաձեումն է։ Այսօր օծելով այս մատուռի Սուրբ Սեղանը, Սուրբ Ավազանը, Սուրբ խաչը եւ զանգը։ Այս զանգը ղողանջելու է։ Ու՞մ համար։ Ոչ միայն հոգիների, որոնք իրենց նվիրական կյանքը փառքով զոհաբերեցին երկրի, Հայրենիքի, ժողովրդի համար, այլեւ նրանց համար, որոնք ապրում են, զենքը ձեռքներին է, խրամատներում են, պայքարում են ի պաշտպանություն Հայրենիքի։ Այդ ոգին պետք է առնեն այստեղ աղոթելու եկած մեր հայորդիները, այդ ոգով առաջնորդվեն եւ բոլոր փորձությունների միջից Սուրբ Հարության ճանապարհով առաջ գնան՝ իրենց առաքելությունը ամբողջությամբ կատարելով։

 

Այսօր մեզ համար նվիրական, սուրբ տոն է։ Եվ մենք աղոթքներում, մեր սրտերի մարտյաններում չենք մոռանալու նրանց անունը, որոնք նահատակվել են հանուն Հայրենիքի։ Սուրբ Ղեւոնդն իր կերպարով, իր մշտանորոգ պայքարի ու հաղթության խորհրդանիշերով, որ իր կյանքի վկայությամբ ժառանգություն թողեց մեզ, ոգեշնչող օրինակը, որ մեր զինվորները վերցնեն, կրեն իրենց հոգու մեզ այդ սրբազան անունը եւ կարողանան այդ իմստնությամբ ծառայել, գործել, նույնիսկ նահատակվել «վասն հայրենեաց եւ վասն հաւատի»։

 

Առանց հավատքի զինվորն մերկ է, եթե նա մահվան դեմ կանգնած է Սուրբ Հարության խորհրդին չհավատալով, նման կլինի թոռոմած ծաղիկի։ Պայքարող չի լինի։

 

Եվ քանի որ հիմա մենք Սուրբ Հարության տոնի մեջ ենք գտնվում մինչեւ Համբարձում, ուզում ենք եւս մեկ անգամ փոխանցել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ երզափակելով մեր շնորհավորանքի ու աղոթքի խոսքը, որով մենք պետք է տոգորվենք, ներշնչվենք, վասն հավատո եւ հայրենեաց կառուցենք մեր կայնքը, մեր երկրի պաշտպանությունը։ Քրիստոս Յարեաւ ի մեռելոց։ Մեզ եւ ձեզ մեծ Աւետիս։ Ամէն»։ 

 

Սուրբ Ղեւոնդ երեց եկեղեցու տեղում նախկինում փոքր մատուռ է եղել։ Հիմա արդեն նույն վայրում վեր է խոյանում նոր եկեղեցին, որը կդառնա բոլոր ժամանակներում նահատակված երկրապահների հիշատակը հավերժացնող աղոթատուն։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 

  • 2023-05-11
×