«Արևի» թատրոնը հանդես եկավ «Բուրատինո» Ներկայացման առաջնախաղով

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Արևի» թատրոնը հանդես եկավ «Բուրատինո» Ներկայացման առաջնախաղով

«Արևի» թատրոնը հանդես եկավ «Բուրատինո» Ներկայացման առաջնախաղով

Մայիսի 27-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ,  Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում  կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի «Բուրատինո» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթի: Բեմադրությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բացման խոսքով հանդես եկավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որ, դիմելով ներկաներին, ասաց. «Տիրոջ օրհնությամբ և արև երեխաների բարեկամների աջակցությամբ «Արև-երեխաներ» ՀԿ-ն կարողացավ կյանքի կոչել այն նպատակները, որ իր առջև դրեց: Այսօր «Արևի» թատրոնի մեր դերակատարներն առաջին անգամ հանդես կգան պրոֆեսիոնալ բեմում: Նպատակ ունենք ապագայում հյուրախաղերով հանդես գալ թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում՝ փաստելու, որ «Նրանք կարող են» կարգախոսն այլևս իրականություն է: Մենք չէինք կարող հասնել մեր նպատակներին, եթե մեր կողքին չլինեին մեր հարազատները: Իմ որդիական խոնարհումն եմ բերում ազգիս Վեհափառ Հայրապետին, թեմիս առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին և ողջ համայնքին: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց, ովքեր իրենց լուման ունեցան այս ներկայացման բեմադրման համար և ի մասնավորի «Արևի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանին»:

 

Ներկայացումն առանձնահատուկ էր, քանի որ դերակատարներն արև երեխաներն էին: Հանդիսատեսն ընկղմվել էր ներկայացման պայծառ տեսարանների գունեղ աշխարհում, վայելում էր արևների հմուտ դերասանական խաղը և ապրում արևներից դեպի իրենց հորդող արևային ու ջերմ հույզերը: «Բուրատինո» ներկայացումն ավարտվեց բարու հաղթանակով, ազնվությունը հաղթեց խարդախությանը, սերը՝ ատելությանը, ջանասիրությունը՝ ծուլությանը: Բուռն ծափահարությունները ոգևորել էին «Արևի»  թատրոնի դերասաններին և երջանկացրել:

Հերթական ներկայացումը թե՛ արևներին և թե՛ հանդիսատեսին ևս մեկ արևային և ուրախ տոն պարգևեց: Հերթական ներկայացումը հերթական անգամ կոտրեց հասարակության կարծրատիպն արև երեխաների հանդեպ: «Արև-երեխաներ» ՀԿ-ն այն կարևոր հարթակն է, որ հնարավորություն է տալիս արև երեխաներին բացահայտել իրենց շնորհները, հավատալ իրենց ներուժին և մեծ հաղթանակներ գրանցել:

 

«Բուրատինո»-ն «Արևի» թատրոնի երրորդ ներկայացումն էր և անհնար էր չնկատել այն աճը, որ գրանցել են արև երեխաները չորս տարվա ընթացքում: Ներկայացումը թատրոնի գեղարվեստական ղեկավարի, երեխաների ու ծնողների հսկայական աշխատանքի պտուղն էր: «Արտթերապիան նախատեսված է նրա համար, որ երեխաները կարողանան արվեստի միջոցով իրենց դրսևորեն, շտկվեն: Թատերական խաղի միջոցով երեխաների մոտ ակտիվանում է խոսքի, երևակայության և հաղորդակցության գործոնները: Նոր ներկայացման առաջին փուլում մենք միասին կարդում ենք գործը, հետո երեխաներն առանձին-առանձին աշխատում են իրենց կերպարների վրա, ինչը նպաստում է, որ իրենք կառուցեն իրենց կերպարը, խթանում է իրենց երևակայությունը, ֆիզիկական ակտիվությունը, զարգացնում է խոսքը, սովորեցնում ճիշտ համագործակցել խաղընկերների հետ, ավելի երկար դիալոգներ կառուցել, նաև ձևավորում է արվեստը տեսնելու և գնահատելու ճաշակ: Թատրոնը թույլ է տալիս արև երեխաներին ապրել ստեղծագործական կյանքով և ի վերուստ տրված իրենց շնորհով հնարավորություն ունենալ իրենց արվեստը հանրությանը մատուցել՝ այդկերպ ինտեգրվելով հասարակությանը: «Նրանք կարող են» պարզապես խոսքեր չեն, ժամանակը և աշխատանքը ապացուցում են դա»,- ասաց «Արևի»  թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանը:

 

Աղբյուրը՝ downchildren.am

 

  • 2023-05-29
×