Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով

Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով

«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,

ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,

պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:

Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.

քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:

 

Շարական

 

«Էջմիածին» անունը քրիստոնյայի հոգու ինքնությունն է և սրտից բխող սաղմոսը` շուրթերին հավերժ դրոշմված: Հայի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի կնիքն է, Սրբություն Սրբոցը` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ: Հայորդին չի կարող առանց խոնարհության հնչեցնել այն ու ծնկի չգալ առաջն Իջման Սուրբ Սեղանի, որն իր վրա կրում է հետքը Քրիստոսի:

 

Սուրբ Էջմիածինն իբրև Քրիստոսի մի նոր Ավետարան՝ տրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին, որի կառուցումն իր մեջ ամփոփեց անապատում դեգերող ժողովրդի մի ողջ պատմություն: Սրբազան Տաճարից բխող լույսը տարածվեց ամենուր և թափանցեց հայոց զավակների հոգիներից ներս` վերածվելով աշխարհը Հայրենիքի հետ կապող անսասան կամուրջի:

 

Հայ Եկեղեցու միության ու մեկության և հայ ազգի միասնության խորհրդանիշ Սուրբ Էջմիածնի կառուցման` սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքին նվիրված տոնը, փառահեղ ու ցնծալի օրերից մեկն է հայ քրիստոնյայի, երբ կաթեց աստվածեղեն շողը, և լուսեղեն տեսիլքով գծագրվեց Մայր Եկեղեցու շինության ձևը: Այդ պատճառով էլ այս տոնը կոչվում է «Շողակաթ»: Այն կատարվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և հանդիսանում է Վերափոխման նավակատիքը:

 

Յուրաքանչյուր քրիստոնյա հայորդու պարտքն է իմանալ իր հոգու ծննդյան վկայականում արձանագրված պատմությունը, որն իբրև պատգամ և առաքելություն պետք է ամուր պահի իր կյանքի ողջ ընթացքում:

 

Պատմությունն այդ, վկայված պատմիչներ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի կողմից, փաստում է, որ սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մի գիշեր, հընթացս իր ջերմեռանդ աղոթքների, արժանանում է հրաշափառ տեսիլքի. Հիսուս Քրիստոս Իր հրաթև ու լուսեղեն զորքերի ուղեկցությամբ ցույց է տալիս Մայր Տաճարի հիմնադրման վայրը, իսկ լույսի երեք սյուներով պատգամում վկայարաններ կառուցել մարտիրոսացած սուրբ կույսերի նահատակման վայրերում: Այս մասին իր ողջ ճշգրտությամբ ու հստակությամբ հաղորդող պատմիչներն ընթերցողին տեղափոխում են չորրորդ դար և օգնում լսել գիշերվա կեսին հանկարծակի հնչած սաստիկ ձայնն ու որոտման թնդյունը, տեսնել երկնքի հաստատության խորանաշեն ծածկի բացվելն ու այնտեղից լույսի կերպարանքով իջնող Այրին, Ով կանչում է ծնկի եկած Գրիգորին և պատգամում նրան վեր նայել ու տեսնել վերևից երկիր հասնող լույսի մեջ հայտնված լուսեղեն, երկթև և մարդկային կերպարանք ունեցող զորքին և առջևից ընթացող այն բարձր ու ահեղ կերպարանքին, որն Իր ձեռքին պահած ուներ ոսկե մի մեծ մուրճ: Ընթերցողը տեսնում է, թե ինչպես է Նա իջնում և հասնում մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփում լայնատարած գետնին, որից մեծ ու անչափ թնդյուններ են հնչում անդունդների սանդարամետից, այնուհետև տեսնում է քաղաքի մեջ` արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ` խոշոր բլրի մեծությամբ, և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան՝ ամպե խոյակ՝ լուսեղեն խաչով, տեսնում է երեք այլ խարիսխներ ևս. մեկն այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն՝ երկու կույսերի հետ, մյուսն այն տեղում, ուր Սուրբ Հռիփսիմեն նահատակվեց մյուս երեսուներկու կույսերի հետ և մեկն էլ՝ հնձանի տեղում, ուր մնացել էր հիվանդության պատճառով մահճին գամված կույսը: Երեք սյուների վրա կային լուսեղեն խաչեր՝ Տերունական Խաչի նմանությամբ, և այս սյուների խաչերը նման էին այն լուսեղեն սյունի խոյակին, որը նրանցից բարձր էր …

 

Տեսիլքն այս վերստին վկայում է Աստծու մարդասիրության հայտնվելու, մարդկանց վրա ողորմության անձրևի վերստին ցողվելու և երկինք ելնելու ճանապարհի բացվելու մասին:

 

Ուրեմն, ինչպե՞ս չխոնարհվել, ծնկի չգալ այն Սուրբ Սեղանի առաջ, որը կառուցվեց Աստծու Միածին Որդու իջման վայրում, ինչպե՞ս հողն այդ չանվանել Սրբազան, որը դրոշմվեց հետքով Քրիստոսի ու ինչպե՞ս այդ ճշմարտությամբ չգոտեպնդվել ու հանուն Աստվածապարգև Մայր Տաճարի և Նրա լույսով օրհնված մյուս եկեղեցիների անսասանության չմղել պայքարն ազատագրման և Հայոց Երկրի փառահեղ անկախության:

 

Արդ, Հայոց աշխարհի օրհասական այս օրերի ընթացքում ժամն է հասել վերստին, որ քրիստոնյա հայորդին վեր նայի, ձայնը լսի Միածնի և սուրբ ու նվիրական այս պատմությունը հոգով վերապրի, որպեսզի, առաջնորդվելով Լուսավորչի տեսիլքով՝ զինվի անսպառ ու ջերմեռանդ հավատքով և կյանքի ու մահվան պայքարի պատրաստակամությամբ` հանուն Քրիստոսի կողմից հաստատված Եկեղեցու և Նրա Սուրբ Հետքը կրող Հայոց աշխարհի պաշտպանության:

 

Պատրաստեց

Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

  • 2023-11-08
×