Գրանկյուն. Խաղաղությունը նմանեցնում եմ ծովի...

Գրանկյուն. Խաղաղությունը նմանեցնում եմ ծովի...

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը արձակագիր Հովիկ Աֆյանն է:

 

-Արդի հայ գրականությունը Ձեր դիտարկմամբ:
 

-Հիմնականում՝ անցյալի մասին է: Ու դա լավ է. կա չէ՞ այդպիսի խոսք՝ գրականությունը երեկն է, այսինքն՝ ո՛չ այսօրը և ո՛չ վաղը: Ճիշտ է՝ պատահում է գրականություն և լա՛վ գրականություն, որը վաղվա մասին է, ավելի ճիշտ՝ վաղվա համար է, բայց արդի հայ գրականությունը հիմնականում մեր անցած ճանապարհն է, նկատի չունեմ՝ Տիգրան Մեծի անծայրածիր ճանապարհը, այլ ընդամենը երեկը, երբ ասենք գյուղացի Հակոբն իր կաղամբն ու կարտոֆիլը բեռնել էր հին սովետական ու բաց կանաչ, գունաթափված «Ջորի»-ն ու բերել մոտակա քաղաքը՝ վաճառելու: Գոնե իմ գրականությունը կամ իմ սիրած գրականությունն այս մասին է:
 

Ընդհանուր առմամբ, մեր ժամանակակից գրականությունը մեր իսկ կյանքն է, ու դա բնական է: Գրականությունը չի կարող կյանքից կտրված լինել: Ընդ որում՝ նկատել եմ, որ ծով ունեցող ժողովուրդների գրականությունը էականորեն տարբերվում է չոր ու ցամաք երկրների գրականությունից: Եվ կամ լեռների մեջ կուչ եկած կամ երկինք հասնող (ընկալման հարց է) ժողովուրդների գրականությունը տարբերվում է դաշտերում ու մարգագետիններում վարուցանք անող ժողովուրդների գրականությունից: Չեմ կարող ասել՝ որն է լավը, բայց վստահ պնդում եմ, որ տարբեր են: Մենք, նկատի ունեմ, ժամանակակիցներս, գրում ենք այն մասին, ինչ տեսնում ենք, այնպես, ինչպես հասկանում ենք ու քանի որ շատ բան ենք տեսնում ու քիչ բան ենք հասկանում, ստացվում է ինչ-որ առումով անորոշ գրականություն, այսպես ասեմ՝ տեղը չգտած գրականություն: Սա երևի նաև այն պատճառով է, որ հիմա գրեթե բոլորը գրում են: Դե այսինքն ֆեյսբուքյան ստատուսն էլ կարող է կոչվել գրականություն՝ առնվազն դրա հեղինակի ու նրա բյուրավոր հարազատների համար: Ընդ որում՝ մեջբերման արժանի գրականություն: Սա գուցե անցնի, բայց հնարավոր է, որ չանցնի, ու մենք ունենանք ժամանակներ, երբ գրականությունը դառնա պահի ապրում, բացառապե՛ս պահի ապրում:
 

Ամեն դեպքում ես սիրում եմ մեր արդի գրականությունը, թեկուզ միայն նրա համար, որ ունեմ ընկերներ՝ այն ստեղծող, ու ամենակարևորը՝ ես սիրում եմ սար տանող ճանապարհը, ոչ թե գագաթը:

 

-«Միս ուտողներ»-ից մինչև «Ժողովրդի հայրերը»:
 

-Շատ հետաքրքիր ճանապարհ է, որի սկզբին ձեռքս չէր հասնում ծառի ծիրանին, փոխարենը հասնում էր երկնքի աստղերին, բայց հետո հասավ ծիրանին, փոխարենը հասկացա աստղերի չքնաղ անհասանելիությունը: Շատ կուզեի ասել՝ գրողական աճի ճանապարհ է, բայց ավելի շատ կուզեի, որ դա գրականագետներն ու քննադատներն ասեին, եթե, իհարկե, մի օր որոշեն լրջորեն զբաղվել իրենց կարևոր ու անտեսված գործով: Ամեն դեպքում՝ ես երջանիկ եմ, որ այսօր, երբ արդեն կա «Ժողովրդի հայրերը», մարդիկ փնտրում են նաև «Միս ուտողները», այն պարագայում, երբ ժամանակին, երբ միայն «Միս ուտողները» կար, այն այնքան էլ ցանկալի ընթերցանություն չէր: Մի բան էլ, անպայման, ուզում եմ ասել. «Միս ուտողներից» մինչև «Ժողովրդի հայրեր» երկար ժամանակ չի անցել, մի քանի տարի, չեմ սիրում՝ երկար գրել, ինչպես շատերն են գրում, իսկ ավելի շատերը՝ միայն ասում՝ «տարիներով աշխատել մի գրքի վրա»: Բայց իմ ամեն հաջորդ գրքից ավելի դժվարությամբ եմ բաժանվում: Ավելի ու ավելի եմ սիրում այն կարճատև պահը, երբ գիրքը միայն ես եմ կարդացել: Երբ փորձառու ընկերներիցս մեկին սա ասացի, ժպտաց ու ասաց. «Ուրեմն սկսել ես քեզ համար գրել, ինչը հրաշալի է»:

 

-Ստեղծագործելու, ապրելու, սիրելու և երազելու ժամանակը…
 

-Միշտ է: Անդադար է, անվերջանալի: Ամեն դեպքում՝ ես չեմ ունեցել ժամանակ, երբ չեմ ստեղծագործել, չեմ ապրել, առավել ևս չեմ սիրել ու երազել: Իմիջիայլոց, ես չեմ ճանաչում մի մարդ, որը ստեղծագործում է առանց ապրելու, սիրելու ու երազելու: Բայց մի սոսկալի բան կա, գոնե ինձ համար. որքան աղետալի են ժամանակները, որքան հաճախ են ողբերգությունները հաջորդում իրար, և որքան անվերջանալի է թվում աղետը, այնքան ուժգնանում է ապրելու, սիրելու ու մանավանդ երազելու մղումը, կամքը, վճռականությունը: Սա ես համարում եմ ստեղծագործողի ցինիզմ, բայց ոչ սովորական ցինիզմ, այլ կենսատու, քանի որ առանց դրա հնարավոր չէ ստեղծագործությունը:
 

Հա, մի բան էլ կա՝ ապրելը: Նկատել եմ, որ շատերը մոռանում են դա անել, քանի որ գրում են, նկարում են, երգում են, պարում են, հատկապես քանդակում են՝ նկատի ունեմ՝ իրենց կյանքը: Բայց ես սիրում եմ ստեղծագործությունը՝ կապ չունի գիրք, թե կտավ կամ մեղեդի, որը տեսնելիս, կարդալիս, լսելիս՝ միանգամից հասկանում ես՝ հեղինակն անձամբ տեսել է և՛ հարսանիք, և՛ թաղում:

 

-Խաղաղության և մեր ամեն օրվա մասին...

 

-Ինչ սիրուն տարբերակում է՝ խաղաղություն և մեր օրեր: Սիրուն և ճիշտ, քանի որ ամեն սիրուն բան ի վերջո ճիշտ է: Մեր օրերը պատերազմ է, կռիվ, ընդ որում՝ մեր օրեր՝ նկատի չունեմ միայն հայկական օրեր և կամ հայի օրեր: Իտալացու օրերն էլ են կռիվ, ֆիլիպինցունն էլ, էկվադորցունն էլ, նույնիսկ շվեյցարացունը:

 

Կապ չունի՝ այդ կռիվն արտաքին թշնամու դեմ է, թե կնոջ կամ ամուսնու, դստեր կամ որդու, հոր կամ մոր, և ամենատարածվածը՝ ներքին, ինքն իր հետ: Ի դեպ, դեռ մեծ հարց է, թե այս կռիվներից ո՞րն է ամենաարյունալին ու ողբերգականը:

 

Իսկ խաղաղությունը... Ես այն նմանեցնում եմ ծովի: Այ սա բացառապես հայերիս դեպքում: Չկա: Չունենք: Նկատի ունեմ՝ ծով:

 

-Երջանկության և ներդաշնակության փնտրտուքներում...

 

-Չեմ կարծում, որ երջանկությունն ու ներդաշնակությունը նույնական բաներ են: Ավելին՝ ես չեմ սիրում ներդաշնակություն, եթե այն պահից երկար է ձգվում: Մարդը ներդաշնակ լինել չի կարող, եթե կարողանար, խնձոր չէր ուտի, եղբորը չէր սպանի, հարևանի տունն ու աղախնին չէր ցանկանա... Ավելին ունենալու, ավելի ու ավելի բարձր տեղ հասնելու մարդկային անհագուրդ մղումն անհնարին է դարձնում ներդաշնակությունը մարդու համար: Նույնիսկ ամենախաղաղ ծովի ափին նստած մարդկանց ներսում ալեկոծ օվկիանոսներ կան: Ու գիտե՞ք, երևի դրա համար են նրանք նստած ամենախաղաղ ծովերի ափերին:

 

Իսկ երջանկությունը... Էլի պահ է ու ամենահետաքրքիրն ու ցավալին այն է, որ մարդկանց մեծ մասն այդ պահն ապրում է աչքերը փակ, ընդ որում՝ պարտադիր չէ՝ քնած:

 

-Ձեր մաղթանքը՝ մեր ընթերցողին…

 

-Կարդալ, քանի որ ոչ մի գրող ու ոչ մի գիրք չի կարող փոխել ու ավելի լավը դարձնել աշխարհը. դա կարող է անել միայն կարդացող մարդը: Դա կարող է փորձե՛լ անել:

 

Պատրաստեց

Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ 

 

  • 2023-09-11
×