Սուրբ Սահակ Պարթև

Սուրբ Սահակ Պարթև

Սահակ Պարթևը Հայաստանի ամենախոշոր հոգևոր-պետական գործիչներից է, Ներսես Մեծ կաթողիկոսի որդին: Սահակը ծնվել է Կեսարիայում՝ 348 թվականի սեպտեմբերի 29-ին: Սահակը քաջավարժ էր հունաց, պարսից և ասորի դպրության մեջ, ուսանել է Կեսարիայի ու Բյուզանդիայի նշանավոր ուսումնարաններում: Նա ամուսնացել է երիտասարդ տարիքում, որպեսզի որպես Լուսավորչի տան վերջին շառավիղ՝ պահպանի այն: Սահակը իր միակ դստերը՝ Սահականույշին, կնության է տվել Մամիկոնյան տանը՝ Համազասպ իշխանին: Սահականույշը երկու որդի է ունեցել՝ Վարդան և Հմայակ անուններով: Այսպիսով, Լուսավորչի տունը պահպանվել է միայն մայրական կողմով:

 

Սահակ Պարթևը 387 թ. դառնում է կաթողիկոսական աթոռի գահակալ՝ 386 թ. վախճանված Ասպուրակես կաթողիկոսից հետո: Այդ ժամանակ նա համարյա 60 տարեկան էր: Սահակի վարքագիրը գրում է, որ նորընծա կաթողիկոսի առաջին քայլը հոգևոր կյանքի նորոգություններն էին: Մովսես Խորենացին նրան համարում է ժողովրդի հոգսերով ապրող կաթողիկոս, որը «մեր աշխարհի հոգսը քաշում էր աշխարհականների նման»: Սահակը մեծ հեղինակություն էր վայելում ինչպես ժողովրդի մեջ, այնպես էլ՝ արքունիքում: Հայոց Խոսրով Գ թագավորը մեծ ակնածանքով էր վերաբերվում նրան և միշտ լսում էր նրա խորհուրդները: Սակայն շուտով թագավորի թշնամի նախարարները Շապուհ Գ թագավորի ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ հայոց արքան Սահակին կաթողիկոս է ճանաչել առանց իր  հետ համաձայնեցնելու: Այս ամենի հետևանքով Խոսրովը կանչվում է Պարսկաստան և բանտարկվում, իսկ նրա փոխարեն թագավոր է դառնում Վռամշապուհը՝ Խոսրովի եղբայրը:

 

Սահակի կաթողիկոսության ժամանակաշրջանում էր, որ մահացավ հայոց Սահակ Բագրատունի սպարապետը, և այդ պաշտոնում նշանակվեց կաթողիկոսի փեսան՝ Համազասպ Մամիկոնյանը: Այդ ժամանակ պարսից նոր շահ Վռամ Կրմանը մեղմ քաղաքականություն էր վարում Հայաստանի հանդեպ: Կաթողիկոսը, օգտվելով բարեպատեհ առիթից, Վռամշապուհի աջակցությամբ կառուցեց ու նորոգեց շատ եկեղեցիներ ու վանքեր, որոնք ավերվել էին պարսիկների արշավանքների ժամանակ: Դրանց թվում էր նաև Հռիփսիմեի վկայարանը: Սահակի և Մաշտոցի ջանքերով, ինչպես նաև Վռամշապուհի անմիջական աջակցությամբ, ստեղծվեցին հայոց գրերը:

 

Հետագայում թարգմանվեց Աստվածաշունչը, գրվեցին եկեղեցու հայրերի մատյանները, և «լցվեց հայոց երկիրը գիտությամբ»: Երբ 415 թ. մահացավ Վռամշապուհը, նախարարները խնդրեցին Սահակ հայրապետին գնալ պարսից Հազկերտ Ա արքայի դուռը և համոզել նրան, որպեսզի Խոսրովին վերադարձնի Հայաստան: Սահակը կարողացավ համոզել պարսից արքային, և Խոսրովը կրկին նստեց հայոց թագավորական գահին: Սակայն մեկ տարի անց նա  մահացավ, և Հազկերտը Հայաստանում թագավորեցրեց իր որդի Շապուհին: Հազկերտ Ա-ի մահից հետո թագավորեց Վռամ Ե Գոռը (421-439 թթ.): Հայ նախարարները ըմբոստացան պարսիկների դեմ և երկրից վտարեցին պարսից գունդը: Սահակն անհանգստացավ նաև արևմտահայերի համար: Նա միառժամանակ մեկնեց Արևմտյան Հայաստան (հունաց մասը)՝ իր հետ վերցնելով Մեսրոպին: Սահակը, ցանկանալով լուծել հայերի կրթության հարցը հունաց մասում, Մեսրոպին ուղարկեց Կոստանդնուպոլիս՝ ուղեկցությամբ իր թոռ Վարդան Մամիկոնյանի և մի քանի աշակերտների: Կաթողիկոսը նաև «Թուղթ» գրեց Թեոդոս կայսերը և Ատտիկոս պատրիարքին՝ խնդրելով, որ նրանք հրամայեն վերակացուներին արգելք չհանդիսանալ հունաց մասի հայերեն՝ մայրենիի ուսուցման գործում: Որոշ ժամանակ անց Վռամ շահը դադարեցրեց հալածանքը հայերի նկատմամբ: Սահակն իր ուղեկիցների հետ վերադարձավ Վաղարշապատ, ապա Վարդանին և Սմբատ ասպետին ուղարկեց պարսից շահի մոտ՝ խնդրելով Հայաստանում խաղաղություն հաստատել: Վռամն անսաց կաթողիկոսի ձայնին և 422 թ. Հայաստանում թագավորեցրեց Վռամշապուհի որդի Արտաշեսին: Հայոց նախարարներն  առաջարկեցին Սահակին՝ իրենց հետ գնալ Վռամ շահի մոտ և ամբաստանել Արտաշեսին: Սահակը չընդունեց նրանց առաջարկը: Ժամանակ անց Վռամ շահն իր մոտ կանչեց Արտաշեսին և Սահակին:   Պարսից հազարապետը Արտաշեսին զրկեց իշխանությունից և  նրա փոխարեն Հայաստանում նշանակեց պարսից վերակացու մարզպան Միհրշապուհին: Սահակը նույնպես հեռացվեց իր աթոռից: Նրա տեղը նշանակվեց նախարարների դրածո Սուրմակը: Որոշ ժամանակ անց, ի վերջո, Վռամը համաձայնեց վերադարձնել Սահակին: Հայրենիքում Սահակին ցնծությամբ դիմավորեցին և, չնայած նա չուներ նախկին իշխանությունը, բայց կրում էր եկեղեցու ամբողջ հոգսը, իսկ ժողովուրդը վայելում էր նրա վարդապետությունը: Սահակը նախաձեռնեց նոր թարգմանություններ կատարելու գործը և աշակերտներ ուղարկեց Ալեքսանդրիա և Աթենք:  Սահակի վարքագիրը գրում է, որ այդպիսի և այլ բազում գործերով նա եղավ «Հայաստանյայց եկեղեցու հաստատության սյունը և յոթնալույս պայծառացուցիչ ջահը Արամի տան»:

 

Սահակի մահվան ստույգ թվականը հայտնի չէ: Ոմանց կարծիքով Սահակը մահացել է 440 թվականին, իսկ ըստ ուրիշների՝ 436 կամ 439 թթ.: Նա հայրապետական աթոռին մնաց 51 տարի և օրինավոր կաթողիկոս ճանաչվեց ժողովրդի կողմից մինչև կյանքի վերջը: Նրա մարմինը սարկավագապետ Երեմիան՝ այլ աշակերտների, եկեղեցականների և ժողովրդի բազմության ուղեկցությամբ տարավ ու թաղեց Տարոն գավառի Աշտիշատ քաղաքում՝ Սահակի ժառանգական կալվածքում: Թաղման տեղում կառուցվեց եկեղեցի և սահմանվեց տոն, իսկ Սահակն ու Մեսրոպը դասվեցին հայ եկեղեցու սրբերի շարքում: Նրանց հիշատակը ոգեկոչվում է երկու անգամ՝ նախ երկուսինը միասին, ապա Սահակի հիշատակը՝ առանձին, իսկ Մեսրոպի հիշատակը՝ այլ թարգմանիչների հետ միասին: Միացյալ տոնը կապվեց գրերի գյուտի հետ և ժամանակին նշվեց որպես դպրության տոն, իսկ առանձին տոնը՝ իբրև նրանց անձանց հիշատակի տոն: Աահակն անմահացավ աստվածպաշտությամբ, ազգասիրությամբ, հայրենասիրությամբ և ժողովրդասիրությամբ:

 

Հիշատակի օր՝ Հոգեգալստի տոնի չորրորդ հինգշաբթի և Խաչի տոնի չորրորդ շաբաթ օրը, իսկ առանձին  հիշատակվում է Վարդանանց տոնին նախորդող շաբաթ օրը:

 

Պատրաստեց Արփի ՍԵԹՐԱԿԸ

  • 2023-09-15
×