Նարեկացին և Նարեկագիտությունը (հատվածաբար)

Նարեկացին և Նարեկագիտությունը (հատվածաբար)

Գրիգոր Նարեկացին ամենաքիչ ուսումնասիրված և ճանաչված հեղինակներից է: Նրա մասին գրված գրեթե բոլոր հոդվածները, ուսումնասիրությունները և մենագրություններն ամբողջովին չեն ընդգրկել հեղինակի ստեղծագործությունները:

 

Հիշատակություն կա, որ Նարեկացու մասին առաջին մեկնությունները գրել են 12-րդ դարի մատենագիրներ Սարգիս Շնորհալին, Գրիգոր Սկևռացին, Ներսես Լամբրոնացին: Նարեկացու մասին գրված գործերից ամենահինը և ամենածավալունը Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնություն»-ն է: Ուշագրավ է նաև Արշակ Չոպանյանի փոքրածավալ ուսումնասիրությունը, որը Նարեկացուն ժամանակի բարձր գրականագիտության չափանիշներով մոտենալու առաջին փորձն էր: Մանուկ Աբեղյանը Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները վերլուծելիս գլխավորապես ծանրացել է «Մատյան»-ի և մի քանի տաղերի վրա: Գրիգոր Նարեկացու մասին գիրք է հրատարակել Գյուտ եպիսկոպոս Ղազարյանցը, ով ավելի շատ է անդրադարձել   Նարեկացու ապրած ժամանակաշրջանին: Նա 9-10-րդ դարերը դիտում է իբրև ճգնավորների ոսկեդար, ուր իշխում էին կրոնական ինքնամոռացումն ու խորհրդապաշտությունը: «Սիոն»  ամսագրում հոդվածաշարով հանդես գալով՝ Եղիշե վարդապետը հերքում է Ղազարյանցի այս վերջին տեսակետը, գտնելով, որ Նարեկացին գաղտնախորհուրդ (միստիկ) չէ: Ըստ Եղիշեի՝ գաղտնապաշտները, հաղորդակցության մեջ մտնելով Աստծո հետ, խոկում են, խորհում, խանդավառում ու լռում: Նրանք թաքցնում են իրենց զգացմունքները և խուսափում են այն ուրիշներին  հաղորդելուց: Եղիշեն ծանրանալով «Մատյան»-ի վրա` ընդգծում է կրոնական, հոգևորական կենցաղավարությունն ու աշխարհընկալումը: «Էջմիածին» ամսագրում հոդված է տպագրել Ստ. Մալխասյանցը`գտնելով, որ «Մատյան»-ում մարդը իր դատն է վարում Աստծու հետ:  Իր տեսակի մեջ եզակի գործ է Վարագ Առաքելյանի աշխատությունը, որի ուսումնասիրության նյութ են դարձել միայն Նարեկացու ոճի և լեզվի հարցերը: Այս աշխատության մեջ հանգամանորեն վերլուծվում և արժեքավորվում  են Նարեկացու լեզվի, ոճի, բառակուտակումների, պատկերների ողջ հարստությունը: Հիշատակության արժանի են հատկապես Պարույր Սևակի, Կարպիս Սուրենյանի, Հայկ Գասպարյանի մտորումները: Ինչպես նաև «Մատյան»-ի նոր փոխադրող Վազգեն Գևորգյանի հրատարակած «Ծաղկաքաղ»-ի առաջաբանը, որ գրել է Վաչե Նալբանդյանը:

 

Մի առիթով նշվել է, որ Գրիգոր Նարեկացին ամենից շատ հրատարակված հեղինակներից է: Այսօր անհրաժեշտություն է դարձել Նարեկացու երկերի ամբողջական, լիակատար, քննական բնագրի գիտական հրատարակությունը: Գրիգոր Նարեկացուն վերագրվող ձեռագրերի քանակը հասնում է 300-ի:

 

«Մատյան ողբերգության» պոեմն առաջին անգամ հրատարակվել է Մարսելում՝ 1673 թվականին: Ըստ Ա. Մխիթարյանի հաշվումների՝  միայն «Մատյան»-ը հրատարակվել է  51 անգամ, որին պետք է ավելացնել Երևանում հրատարակված Մ. Խերանյանի փոխադրությունը և Վազգեն Գևորգյանի «Ծաղկաքաղ»-ը: Ամենից շատ հրատարակվել է Կ. Պոլսում` քսանյոթ անգամ, Վենետիկում` տասնչորս, Երուսաղեմում` չորս, Զմյուռնիայում` երեք,  Մարսելում, Թիֆլիսում, Փարիզում, Երևանում` մեկ անգամ: Հայ գրքի տպագրության պատմության մեջ սա բացառիկ երևույթ է: Միակ գիրքը, որ կարող է  հրատարակության առատության տեսակետից մրցել Նարեկացու հետ` Աստվածաշունչն է:

 

Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները բազմաթիվ անգամներ փոխադրվել ու թարգմանվել են աշխարհաբար և օտար լեզուներով: Առաջին անգամ Նարեկացու գործերից մի քանի պատառիկներ աշխարհաբարի են փոխադրվել և տպագրվել 1895 թ.՝ «Ծաղիկ» հանդեսի 4-րդ համարում: Նարեկացու առաջին ամբողջական փոխադրումը Միսաք Գոչունյանն է (Քասիմ) կատարել: Նարեկացիով զբաղվող մի շարք հեղինակներ անտեսում են նրա փոխադրությունը և առաջին ամբողջական փոխադրության պատիվը տալիս են Թորգոմ Գուշակյանին: Միրիմյանի փոխադրությամբ 1909 թվականին «Տաճար» հանդեսի 1-3 համարներում հրատարակվում են «Մատյան»-ից մի քանի հատվածներ: 1912 թվականին նույն «Տաճար» հանդեսի 7 և 9 համարներում  տպագրվում են «Մատյան»-ից ևս մի քանի հատվածներ` Գարեգին անհայտ մեկի ստորագրությամբ: Երկրորդ ամբողջական փոխադրությունը  հաջողությամբ կատարվել է Թորգոմ եպիսկոպոս Գուշակյանի կողմից և 1926 թ. հրատարակվել Կահիրեում: 1948 թ. լույս է տեսնում «Մատյան»-ի նոր փոխադրությունը Գարեգին եպիսկոպոս Տրապիզոնցու կողմից, որն ունեցել է երկու տպագրություն: 1960 թ. Խորհրդային Հայաստանում «Մատյան»-ն առաջին անգամ աշխարհաբարի է փոխադրել Մկրտիչ Խերանյանը: Այս փոխադրությունն ամենից բանաստեղծականն է մինչ այդ եղածների մեջ: «Մատյան»-ի ամբողջական փոխադրությունը սկսել է Վազգեն Գևորգյանը, որը թեև դեռ  չի հրատարակվել, բայց մամուլում տպագրված հատվածներից  և «Ծաղկաքաղ»-ից  երևում է,  որ բարձրարժեք փոխադրություն է լինելու: Հայաստանում 1957 թ. տպագրվել է Գրիգոր Նարեկացու տաղերից 19-ը` փոխադրությամբ և գրաբարի հանդիպադրությամբ: Տաղերի փոխադրության առաջին փորձն է դա, որ կատարել է Արշավիր Մխիթարյանը:

 

Շարունակությունն՝ այստեղ:

 

Սասուն Վարդանյան, «Նարեկացին  և նարեկագիտությունը», անտիպ էջեր

Պատրաստեց Սիլվա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

  • 2023-06-10
×