Յոթ մեղքեր. Մեղքի արմատը մեր մտքում Է. Բղջախոհության մասին

Յոթ մեղքեր. Մեղքի արմատը մեր մտքում Է. Բղջախոհության մասին

Բղջախոհությունն անմաքուր, անպարկեշտ և ցանկական մտքեր ունենալն է։ Յոթ մահացու մեղքերից մեկը համարվող այս չարիքը ծնում է անամոթ հայացքներ, անպատկառություն ու անպարկեշտ խոսքեր, որոնք կարող են ապականել մարդու թե՛ մարմինը և թե՛ հոգին:

 

Թեպետ բղջախոհություն ասելով՝ միայն մտքի աղտոտվելն ենք հասկանում, սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ մտքի աղտոտվածությունը հեշտությամբ փոխանցվում է մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին։ Հենց սրանով էլ մարդու հոգու համար բղջախոհությունը դառնում է էլ ավելի վտանգավոր։

 

Աբբա Եսային բղջախոհության փորձության հինգ պատճառ է նշում` դատարկաբանություն, փառամոլություն, չափից շատ քնելը, գեղեցիկ հագուստների հանդեպ մոլուցքը, հղփացած լինելը: Սուրբ հայրերը ուսուցանում են, որ  բղջախոհության և դրանից բխող մեղքերի, ինչպես օրինակ` պոռնկության մեղքի մեջ նա է ընկնում, ով դրանից առաջ արդեն ընկել է այլ գլխավորող կրքի՝ որկրամոլության մեջ, ապա  ցանկասիրության, հպարտության, փառասիրության, փառամոլության, դատապարտության, բարկության, մեծամտության, այսինքն` ինքն իր մասին մեծ կարծիք ունենալու մեջ:

 

Երբեմն պատահում է, որ մարդիկ ունենում են ոչ աստվածահաճո մտքեր,  սակայն ոչ միշտ է կարելի բղջախոհություն համարել դրանք։ Դրանք կարող են լինել չարի գայթակղություն, այսինքն` դրսից եկած և մարդու մեջ մտած միտք` նրան վիշտ պատճառելու, մեղքի ծուղակը գցելու համար: Երբեմն հավատացյալների մոտ կարող են պատահել այդպիսի մտքեր, որոնք խիստ անհանգստություն են պատճառում մարդկանց` բղջախոհության մեղքի մեջ լինելու ծանր զգացում պատճառելով։ Սակայն պետք է գիտակցել, որ եթե մարդու համար տհաճ կամ անցանկալի են այդ ծագած մեղսալի մտքերը և ոչ թե` հաճելի ու ցանկալի, ուրեմն, դրանք չեն վերաբերում մարդու բարոյական նկարագրի աղավաղմանը, մարդու վատ ու մեղսասեր լինելուն, այլ չարի գայթակղություններ են:

 

Ինչպե՞ս ազատվել բղջախոհությունից, երբ չար ցանկությունները գրգռում են հոգիդ և մղում են այն բավարարելու, սակայն հիշում ես, որ ներկա հաճույքը ունենալու է դառն վախճան, և մեր մարմնի ներսում հաճույքի կողմից առաջացած գրգռվածությունը ծնելու է այն թունավոր որդը՝ մեղքը։ Եվ ակամայից առաջ է գալիս զսպվածությունը և այն ցրելու համար աղոթելու ցանկությունը: Այս մեղքին հակառակ առաքինությունը մեկն է՝ ողջախոհություն։

 

Մարմնի մաքրությունն անմիջական կապ ունի հոգու մաքրության հետ: Ամեն բան սկսվում է մտքից, ինչպես Քրիստոս Ավետարանում մեզ ասում է, որ եթե նույնիսկ շնության մասին մտածես, դա էլ է մեղք:

 

Ինչպես ասում է սուրբ Բարսեղ Կեսարացին, Աստված՝ Գերագույն Ճարտարապետը բոլոր կենդանի էակների մեջ միմիայն մարդուն է տվել ուղղահայաց դիրք, որպեսզի ձևից միայն ըմբռնի, որ կյանքը ընտանություն ունի վերին իրողությունների հետ: Բոլոր չորքոտանիները կքված են որովայնի վրա, մինչ մարդու հայացքը ուղղված է դեպի երկինք, որպեսզի չնվիրվի որովայնի ու նրա կրքերի ծառայությանը, այլ իր բոլոր փափագներն ուղղի դեպի վեր։

 

Քրիստոս սովորեցնում է մի պարզ ճշմարտություն․ ցանկացած մեղքի արմատ մեր մտքում է։ Աղոթենք և դրսևորենք զսպվածություն՝ փոխակերպելով վատ մտքերը լավի, որպեսզի դառնանք առ Տեր և նորոգենք հավատը մեր մեջ։

 

Պատրաստեց

Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

  • 2023-10-19
×