Զղջման մասին. Սարգիս Շնորհալի

Զղջման մասին. Սարգիս Շնորհալի

«Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3:9):

 

Եթե այսպես գթասիրտ Տեր ունենք, որ չի ցանկանում որևէ մեկի կորուստը, այլ ուզում է, որ բոլորն ապաշխարությամբ փրկվեն, չդադարենք ապաշխարել և Աստծուն աղաչել, մոտենանք Նրա շնորհի աթոռին և ողորմություն գտնենք օգնության պատեհ ժամանակին:

 

Մենք կարիք ունենք ապաշխարության, ուստի քննենք, թե ինչ նկատի ունի Պողոսը շնորհի աթոռ ասելով: Շնորհի աթոռն արքունական աթոռն է, այսինքն՝ հայրական, ինչպես որ ինքն է ասում. «Նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ» (Սաղմոս 109:1): Որքան ժամանակ որ այս կյանքի մեջ ենք, պետք չէ հուսահատվել, նույնիսկ եթե մեղավոր ենք, որովհետև Դատավորը երբ նստի շնորհի աթոռին, բոլոր պարտապաններին թողություն է շնորհելու՝ մեկին հազար քանքար, մյուսին՝ հինգ: Ոչ ոքի չի անտեսելու, այլ բոլորին ողորմելու է և շնորհ բաշխելու: Զրկելու է միայն նրանց, ովքեր ճիշտ ժամանակին չեն մոտենա: Ժամանակը հարմար է, քանի դեռ մեր ձեռքն է, ինչպես որ ասում է. «Այսօր, եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիս 3:8), նաև. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթացիս 6:2): Ուրեմն չանտեսենք պատեհ ժամանակը, չսպասենք, որ Դատավորը շնորհի աթոռից ելնի, որովհետև դա արդեն պատեհ ժամանակ չէ, այլ՝ ամբարիշտ մարդկանց դատաստանի և կորստյան համար է, ինչպես որ մարգարեն է ասում. «Ելի՛ր, Աստված, ու դատի՛ր աշխարհը» (Սաղմոս 81:8): Դատապարտության չսպասենք, այլ այսօր իսկ խոստովանենք մեր մեղքերը, թոթափենք անօրենության փոշին, մոտենանք Նրան և աղաչենք, որովհետև երբ մեղավոր ենք և Նրա խոսքի դեմ ապստամբ, Նա այսքան սիրում է մեզ, համբերում և ցավում է մեր մեղքերի համար, թախանձանքով և խնդրանքով մեզ ապաշխարության է կանչում, ապա որքան կխնայի մեզ, երբ տեսնի զղջացած և Իր առջևը ընկած, քուրձ հագած և մոխրի վրա նստած ու անմխիթար սգալուց և մեղքերի հոգսից մաշված: Նա չի անտեսի, այլ առավել ևս կգթա, կողորմի, որովհետև Հայր է գթության և Աստված՝ մխիթարության: Լսի՛ր, թե ինչ է ասում Աստված մեղանչած և ապաշխարությունից խուսափող մարդուն՝ Ադամին. «Ո՞ւր ես»: Մի՞թե չգիտեր, թե ուր է, մի՞թե չէր տեսել Ամենատես Աչքը, սակայն ասում էր. «Ո՞ւր ես, Ադամ»: Ձայնը տրտմագին էր, և խոսքը՝ մտահոգ, ինչպես որ հովիվը, երբ հոտից ոչխար է կորցնում, տրտմագին ձայնով կանչում է, այդպես էլ Արարիչը՝ դրախտում: «Ո՞ւր ես, Ադամ, ինչո՞ւ ես Արարչիցդ թաքնվում, ինչո՞ւ ես լցված ամոթով և վախով: Քեզ ստեղծեցի ոչ թե, որ փախչես Ինձանից, քեզ ստեղծեցի և փառքով զարդարեցի ոչ թե, որ ամաչես ինձանից, այլ որպեսզի գրկիդ ու հոգուդ մեջ ընդունես Ինձ: Ապա ավելացնում է. «Ո՞ւր ես, ինչպիսի անարգանքի, ամոթանքի, խղճահարության և տարակուսանքի մեջ ես»: Իսկ նա պատասխանում է. «Լսեցի ձայնդ դրախտի մեջ և վախեցա, որովհետև մերկ էի և թաքնվեցի»: «Ինչո՞ւ վախեցար, ո՛վ Ադամ, մի՞թե ահարկու կերպով երևացի քեզ, մի՞թե վախեցնող ձայնով կանչեցի, մի՞թե սաստեցի կամ հանդիմանեցի, մի՞թե մյուս օրերի պես ընտանի փառքով, քաղցր աչքով, խոնարհ և հեզ կերպով չերևացի քեզ»: «Այո՛,- ասում է,- որովհետև ես մերկ էի և թաքնվեցի»:

 

Արդարև, իսկապես մերկ էր ոչ միայն զգեստներից, այլև՝ արդարությունից, սրբությունից, բարեգործությունից և առաքինի վարքից: Իսկ ինչ է ասում Արարիչը. «Ով ասաց քեզ, թե մերկ ես, մի՞թե կերար այն ծառից, որից պատվիրել էի չուտել: Եթե արել ես դա, չեմ մեղադրի քեզ, չեմ բարկանա, որովհետև իմ արարածն ես, պատկերը, նմանություն ու անարատ ձեռքերիս ստեղծվածն ես, կխնայեմ քեզ, չեմ եղծի պատկերս, որովհետև ողորմած եմ և գթած, համբերող, անոխակալ և բազումողորմ: Միայն դարձի՛ր Ինձ, և Ես կդառնամ քեզ, միայն փութա ապաշխարել և խոստովանել մեղքերդ, միայն «մեղա» ասա, ծնկելով:

 

Չեմ արհամարհի մեղանչողիդ, չեմ անարգի մեղք գործողիդ, չեմ մեղադրի թշվառիդ, այլ կողորմեմ հանցավորիդ և կգթամ կողոպտվածիդ, մերկացածիդ կհագցնեմ, և մեռյալիդ կկենդանացնեմ: Մի՛ տրտմեցրու Արարչիդ՝ դարձի չգալով, մի՛ պատճառաբանիր մեղքերիդ առատությունը, մի՛ անտեսիր մարդասիրությունս: Տո՛ւր ինձ ապաշխարություն, զղջում ու արտասուք: Այս ամենին հակառակ՝ մարդը չի զղջում, և Տերը դարձյալ տրտմությամբ աղաղակում է. «Զղջացի երկրի վրա մարդ ստեղծելու համար»: Ի՛նչ ահավոր ձայն, ի՛նչ անտանելի տրտմություն. զղջում է Աստված՝ Անզեղջ Բնությունը:

 

Արդ, տեսնում ե՞ս Աստծու ողորմություն ու գթությունը, թե որքան է ցավում և վշտանում մարդու մեղքերի համար:  Եվ եթե այն ժամանակ այսպես ասաց, հիմա առավել ևս աղաղակում է՝ մեզ ապաշխարության կանչելով: Ուստի մեր նախահայր Ադամի պես անմիտ չլինենք, մեղքի պատճառներ չփնտրենք, այլ երբ կանչի մեզ՝ խոնարհվենք, հետևենք Աստծո ձայնին և խնդրենք Նրա մարդասիրության փշրանքներից: Նա որքան մեզ խոնարհված տեսնի, այնքան կգթա, որքան սգավոր տեսնի՝ կրկնակի մխիթարություն  կպատրաստի, և որքան արտասվենք ու հառաչենք, այնքան կավելանա նրա ուրախությունը:

 

Արդ, այս ամենն իմանալով՝ չդադարենք Աստծուն նմանվել, և չծուլանանք կանչողի հետևից գնալ: Թոթափենք մեր վրայից թանձր քունը, որ մեզ մահվան քուն է տանում, այլ ոտքի կանգնենք ապաշխարությամբ: Մեզ խորհրդակից դարձնենք Սողոմոնին, որ պարսավանքով է խոսում այսպիսի ծույլերի հետ՝ ասելով. «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից: Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և, ահա, աղքատությունը, ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը, իբրև ժիր սուրհանդակ, կկանգնի դռանդ» (Առակաց 6:9-11): Դարձյալ մեզ խրատակից ունենանք մեծն առաքյալին, որ խրատում է մեզ և բարի հույս է մեր առջև դնում՝ ասելով. «Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ» (Եփեսացիս 5:14): Արդ, միշտ մտապահենք այսպիսի հորդորական խոսքերը, չանտեսենք այս խրատը, հատկապես Քրիստոսի բոլոր խրատները, որոնք մեզ ապաշխարության են կանչում, որպեսզի ամբարիշտ չհամարվենք: Եթե հնարավոր է, բոլորն էլ կատարենք, եթե ոչ՝ գոնե մասամբ, որպեսզի փախչենք դատապարտությունից և չար ու վատ ծառա կոչվելուց, և արժանանանք երկնքի արքայությանը, հասնենք խոստացված բարիքներին մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուսի Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ. ամեն:

 

Փոխակերպումը  գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2023-10-20
×